Խորհրդարանական ընդդիմության պատկերացումներում ինքնիշխան Հայաստան չկա։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Լևոն Սարդարյանն ու ԱԺ փոխխոսնակը զրուցում են անցնող տարում խորհրդարանի աշխատանքի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առկա խնդիրների, հայ-թուրքական հարաբերությունների ներկայի ու ապագայի մասին։
Ռուբինյանի խոսքով, ինքը հասկանում է բոլոր քաղաքացիներին, որոնք ոչ պրոդուկտիվ են համարում խորհրդարանի աշխատանքը։ Քառօրյայի 95 տոկոսը կարող են լինել քննարկումները, 5 տոկոսը՝ լեզվակռիվները, բայց հանրությունը դա է տեսնում։
ԱԺ փոխխոսնակը նշել է, թե խորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվել, բոյկոտո՞ւմ է, թե՞ ոչ ԱԺ աշխատանքները։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվում։ Դա բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ տարածաշրջանի մյուս երկրների շահերից։
«Եթե Թուրքիայի ղեկավարությունը քաղաքական կամք դրսևորի, սահմանը կարելի է բացել հենց վաղը»,- նշել է Ռուբինյանը, հավելել, թե Հայաստանն առաջարկել է չսպասել ոչ մի բանի, հենց այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատել։




