
2025 թվականի հունվարի 2-ին լրանում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության 10 տարին։
Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջին նիստում կառույցին անդամակցող երկրների վարչապետերը խոսել են լոգիտսիկ ենթակառուցվածքների և ճանապարհային ցանցերի զարգացման անհրաժեշտության մասին։ Այդ թեմայի շրջանակում Հայաստանի վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կառույցում որոշակի հետաքրքրություն է առաջացրել՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի համատեքստում։
Այս հարցերը մինչև տարեվերջ դարձյալ կքննարկվեն Ռուսաստանում։ ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Բարձրագույն տնտեսական խորհուրդն այս տարվա վերջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանում, դեկտեմբերի 25-ին։
ԵԱՏՄ-ում հեռանկարային են համարում Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևի կարծիքով՝ այն կարևոր նաշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար։
Դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ կրկին խոսել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, իսկ Բելառուսի վարչապետը կարևորել էր կառույցում լոգիստիկ համալիրի էֆեկտիվ աշխատանքի ապահովումը հատկապես Հյուսիս-Հարավ միջանքի առումով։
Հայաստանի ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը կառույցում ստորագրված վերջին փաստաթղթերով է օրինակ բերում Հայաստանի կարևորությունը ԵԱՏՄ համար։
«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ աշխարհին կապող կարևորագույն օղակներից է, և վերջին համաձայնագրերը, որ մենք ստորագրում ենք, օրինակ՝ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, շատ մեծ և կարևոր համաձայնագիր է ԵԱՏՄ ամբողջ շուկայի համար։ Եվ Հայաստանի դերը այստեղ շատ է կարևորվում, որովհետև մենք ունենք միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ անդամ երկրներից»։
Այս ամենից ելնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը հայտարարել է.
«Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ինտեգրման շնորհիվ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանում հնարավորություն ունի դառնալու կարևոր օղակ ԵԱՏՄ հուսալի և կայուն տրանսպորտային հիմնակառուցվածքի ձևավորման գործընթացում։ Նախագծի հիմնական նպատակը միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի թողունակության ավելացումն է և տրանսպորտային կապերի ամրապնդումը հարևան երկրների հետ»։

Հունվարի 2-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տասնամյակը։ Մեր երկրում համարում են, որ վերջին 5-6 տարիներին բավական էֆեկտիվ են աշխատել կառույցում։ Ըստ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ դա նկատել են անգամ միջազգային գործընկերները։
«Մենք կարողացել ենք ունենալ այն տնտեսական աճը, որը նաև մեր միջազգային գործընկերների գնահատմամբ բավականին բարձր տնտեսական աճ է: Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ապահովել այն ցուցանիշները, որոնք մենք ունենք»։
ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն այս տարի գերազանցել է 11 միլիարդ դոլարը՝ փաստում է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։ ԵԱՏՄ-ն նա գնահատել է որպես հաջողված ինտեգրացիոն միավորում․
«2024 թվականի 10 ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը: 2015 թվականին Եվրասիական տնտեսական միությանն անդամության սկզբնական շրջանում Հայաստանի արտահանումը դեպի միության երկրներ կազմում էր 300 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2023 թվականին այս թիվը հասել է շուրջ 3.4 միլիարդ ԱՄՆ դոլարի: Սա կարող ենք արձանագրել, որ բավականին լավ արդյունք է: Հիմնական արտահանվող ապրանքներն են գինիները, կոնյակը, գյուղատնտեսական ապրանքները, ինչպես նաև արդյունաբերական և տեխնոլոգիական արտադրանքը: Բացի այդ, մենք կարողացել ենք զարգացնել նաև տեքստիլի արտադրությունը, որը մեծ պահանջարկ ունի հատկապես Ռուսաստանի Դաշնությունում: ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանում մուտք է գործել ավելի քան 185 միլիոն սպառող ունեցող շուկա, ինչն նշանակում է ավելի շատ հնարավորություններ մեր արտադրողների, արտահանողների և տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար»:
Այս հարցերը մինչև տարեվերջ ևս մեկ անգամ կքննարվեն Սանկտ Պետերբուրգում։ ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով, ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդը այս տարվա վերջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանում, դեկտեմբերի 25-ին։ ԵԱՏՄ-ում մեկ տարվա նախագահության ավարտին Հայաստանն ունի իր իր խնդրանքի հիմնավորումը, որը խորհրդարանում կառավարության հետ վերջին հարց ու պատասխանի ժամանակ ներկայացրեց Հայաստանի վարչապետը․
«Չեմ ուզում անհարմար իրավիճակներ ստեղծել։ Ես ուզում եմ ուղիղ ասել, որ անձամբ ես աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև ցավոք, ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են Հայաստանի Հանրապետության համար»։
Վարչապետն անուններ չի նշում, ենթադրություններն էլ չի հաստատում։ Պարզապես հստակեցնում է, որ ճիշտ չեն այն ենթադրությունները, թե ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի վայրի տեղափոխությունը կապված է Հռոմի ստատուտի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի վտանգների հետ։ Միասնական համագործակցության հարթակներում այլ անհամաձայնության մասին Հայաստանի վարչապետը խոսել է կրկին Աժ–ի ամբիոնից․
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստել ու մասնակցել է, քաջալերել է, հավատացել է և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ։ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել, որ Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելելու ընդհանրապես»։
Այս առումով ՀԱՊԿ-ում իրավիճակը կարող է փոխվել, ըստ վարչապետի՝ եթե Բելառուսը կամ ինքը դուրս գա ՀԱՊԿ-ից, կամ Բելառուսի նախագահը հայ ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի։
Սա բարդացնում է իրավիճակը հատկապես ԵԱՏՄ-ում, քանի որ հաջորդ տարի կառույցում նախագահությունը Հայաստանից փոխանցվում է հենց Բելառուսին։ Նախագահության փոխանցումը, ըստ ամենայնի, տեղի կունենա տարեվերջյան՝ դեկտեմբերի 25–ի բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։
Ամեն տարեվերջին Սանկտ Պետերբուրգում ավանդաբար կազմակերպվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում։ Այս ձևաչափի շրջանակում մի քանի անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ոչ ֆորմալ շփումներ են ունեցել։ Փաստաթղթային մակարդակով դրանք որևէ արդյունք չեն տվել, բայց փորձագետների գնահատմամբ՝ ավելի կարևոր են եղել դիրքորոշումների ներկայացման և փոխըմբռնման համար։




