![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/12/3-1-scaled.jpg)
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Կլարա-Ջումի Կանգը՝ կատարելով Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը։ Երեկոյի ընթացքում նվագախումբը կատարեց նաև Դմիտրի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ համերգը նվիրված էր ջութակահար, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ և Խորհրդային «Պատվո նշան» շքանշանակիր, անվանի մանկավարժ Տատյանա Հայրապետյանի 100-ամյակին։
Տատյանա Հայրապետյանի բազմամյա մանկավարժական գործունեությունը ծառայել է հայ կատարողական արվեստի զարգացմանը։ Նա երկար տարիներ աշխատել է որպես Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն և նշանակալի դեր է ունեցել Հայաստանում դասական երաժիշտների մի քանի սերունդների կայացմանը։ Նրա՝ որպես երաժիշտ կայացման գործում մեծ դեր է խաղացել նաև մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ 1950-ական թվականներին Տատյանա Հայրապետյանն ակտիվ համերգային գործունեություն է ծավալել Երևանի սիմֆոնիկ նվագախմբում՝ Կոնստանտին Սարաջյանի ղեկավարությամբ։ 1978 թվականից մինչև կյանքի վերջ զբաղվել է ակտիվ մանկավարժական գործունեությամբ։
Արվեստի նվիրյալ Տատյանա Հայրապետյանն անսահման սիրում էր իր աշակերտներին և անում էր հնարավոր ամեն բան՝ նրանց աջակցելու համար։ Նրա մասնագիտական դասարանի աշակերտներն այսօր ապրում և ստեղծագործում են Հայաստանում և արտերկրում՝ ճանաչում բերելով մեր երկրին։
Երաժշտարվեստում ունեցած հսկայական ավանդի և կատարողական դպրոցի զարգացման գործում իր ներդրման համար Տատյանա Հայրապետյանն արժանացել է մի շարք պատվավոր կոչումների և շքանշանների։ Անվանի մանկավարժը նաև մեծ ավանդ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից շատերի կայացման գործում՝ մշտապես աջակցելով նրանց իր մասնագիտական գիտելիքներով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, իր համերգով հարգանքի տուրք մատուցեց վաստակաշատ ուսուցչի հիշատակին։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։