Թուրքիան այժմ իր ուշադրությունը Հարավային Կովկասից սևեռելու է Մերձավոր Արևելքի վրա, որն Անկարայի համար ավելի կարևոր տարածաշրջան է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քրդագետ Կարեն Հովհաննիսյանը։
Լևոն Սարդարյանն ու փորձագետը զրուցում են Սիրիայում կատարվող իրադարձությունների, այդ երկրի մասնատման հնարավորության, քրդական պետության ստեղծման հնարավորության, Թուրքիայի քաղաքականության, Հայաստանի շուրջ զարգացումների մասին։
Բանախոսի կարծիքով, Սիրիայում գործող վարչախմբի տապալումն ամենևին էլ հապճեպ չէր, արդեն 8 տարի Սիրիան երեք մասի էր բաժանված։ Իսկ Բաշար Ասադն ամեն ինչ արել է, որ Սիրիայում մշտապես բախումներ լինեն տարբեր խմբավորումների միջև։
Դիտարկմանը, թե Սիրիայում իշխանության են եկել թուրքամետ ուժերը, քրդագետը նշել է, թե հարց է, թե իշխանության գալուց հետո նոր կառավարիչները որքանով թուրքամետ կլինեն։ Անդրադառնալով Սիրիայում ապրող քրդերին՝ Կարեն Հովհաննիսյանը նշել է, թե քրդերը վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար, քանի որ վայելում են Իսրայելի աջակցությունը։ Այդուհանդերձ, այսօր քրդական պետության ստեղծումը բխում է նույնիսկ Թուրքիայի շահերից։




