Հայաստանը պետք է սցենարներ մշակի՝ սիրիահայությանն աջակցելու համար․ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել արաբագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։
Լևոն Սարդարյանն ու արաբագետը խոսել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, նախագահ Ասադի փախուստի, տարածաշրջանի վրա դրա հետևանքների, Հայաստանի ու սիրիահայության անելիքների մասին։
Բանախոսի կարծիքով, այսօրվանից է պետք աշխատել, թեև դեռ հայտնի չէ, թե իշխանական ինչ կոնֆիգուրացիաներ կլինեն Սիրիայում։ Հայերը Սիրիայում փոքրամասնություն են և այդ տրամաբանությամբ են ստիպված լինելու հարաբերվել Սիրիայի նոր իշխանությունների հետ։
Սիրիայում իշխանափոխության անակնկալն այն էր, որ իրադարձությունները շատ արագ զարգացան, նշել է Հայկ Քոչարյանը՝ հավելելով, թե չի եղել դիմադրության փորձ։ Ընդհակառակը, իշխանության տարբեր մարմիններ անվտանգության երաշխիքների դիմաց փորձել են պայմանավորվել զինյալների հետ։ Այսօ գլխավոր խնդիրը պետականության պահպանումն է, ինչը դեռևս հաջողվում է, որը միանշանակ չէ, որ հետագայում հնարավոր կլինի Սիրիան պահպանել չմասնատված վիճակում։




