Էդգար Կոստանդյանը շնորհակալությամբ է հիշում այն պահը, երբ դատավորն իրեն ազատ ապրելու լրացուցիչ 4 ամիս ու 24 օր տվեց։ Սևանի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող արդեն նախկին բանտարկյալը պայմանական վաղաժամկետ ազատման առանձնապես մեծ հույսեր չուներ։ Ասում է՝ դատական որոշում կայացնելու օրը միավորներն էլ շատ բարձր չէին, բայց դատարանը որոշել է հաշվի առնել դատապարտյալի ցուցաբերած վարքն ու առաջընթացը․
«Վաղաժամկետ ազատվել եմ 2023 թվականի հոկտեմբերի 11-ին։ Բալերս 28 էր, հետո իջավ 26 թե 27, չեմ կարա հիմա կոնկրետ ասեմ։ Դատավորը որոշեց, ու 4 ամիս 24 օր շուտ ես ազատվեցի։ Սովորելը, քո պահվածքը, գիրք կարդալը, աշխատանքը, քո կարգապահությունը, դրանք բոլորը կապվում են սոցիալական բալային սիստեմի հետ, բարձրանում են քո բալերը։ Մենք գրադարան ունեինք, գրքեր էինք կարդում, հնարավորություն ունեինք դպրոց գնալու տարբեր մասնագիտություններով՝ լեզուներից սկսած մինչև փայտագործություն, մոմագործություն։ Ինձ հետաքրքիր էր անգլերենը, ռուսերենը։ Ես 27-26 բալով եմ գնացել էդ օրը վաղաժամկետի դատի, չեմ իմացել, որ ազատվելու եմ, բայց քանի որ ներկայացնում են քո ամբողջ ապրելակերպը, քո բովանդակությունը, որ հիմա չի կարողացել 28 դառնա, բայց մարդը աշխատում է իրա վրա, ասենք՝ զբաղվում է սպորտով, գալիս է, մասնակցում է, ակտիվ է պահում իրան, դասերին մասնակցում է, վնաս չի տալիս, մի խոսքով»։
Էդգարը ազատ կյանք վերադառնալուց հետո վերադարձավ նաև իր աշխատանքային կյանքին․ ընկերություններից մեկում ճաշարանի պատասխանատու է․
«Արդեն 8-9 ամիս է՝ աշխատում եմ, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ, որ ինձ ընդունեցին, ազատվելուց 3-4 ամիս հետո միանգամից աշխատանքի եմ անցել»։
Փաստաբան Զարուհի Մեջլումյանը խիստ անհանգստացած է, որ դատապարտյալներին վաղաժամ ազատելու այս հնարավորությունը կարող է սահմանափակվել Արդարադատության նախարարության մշակած դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման նոր հայեցակարգով։ Այն սահմանում է, որ կարգապահական տույժ երբեք չստացած դատապարտյալը կարող է ստանալ 10 միավոր։ Սա առավելագույն խրախուսական միավորն է, սակայն նույն հայեցակարգով պատժող կետերն ու դրանց համար հանվող բալերն ավելի շատ են։ Այսպես, օրինակ, կարգի չարամիտ խախտող ճանաչվելու դեպքում հանվելու է 5 միավոր, իսկ գործող կարգապահական տույժ ունենալու և չարամիտ խախտող ճանաչելու դեպքում՝ 15 միավոր։ Փաստաբանն ասում է՝ չի կարող համակարգը համարվել խրախուսող, եթե ավելի հաճախ պատժելու հնարավորություն է տալիս, առավել ևս, եթե դատապարտյալը կարող է պատժվել մի բանի համար, ինչը փոխել այլևս չի կարող․
«Բերել լիովին նոր հայեցակարգ, ավելի շատ շեշտը դնել անփոփոխ հանգամանքների վրա, ինչպիսին, օրինակ, հանցագործության ծանրության աստիճանը, տույժերը․․․մենք վերականգնողական արդարադատություն ենք որդեգրել՝ պատժողականից անցում վերականգնողական քաղաքականությանը, բայց այն, ինչ որ հիմա հայեցակարգով նախատեսվում է, բավականին ռեգրեսիվ է։ Օրինակ, ցմահ դատապարտման համար ես լսեցի, որ 30 միավոր դուրս է գալու, սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է անհավասար պայմաններ ցմահ ազատազրկվածների հետ կապված։ Արդեն իսկ այդ հանգամանքները գնահատվել են պատիժ նշանակելիս, և օրինաստեղծ մարմինը Քրեակատարողական օրենսգրքով նախատեսել է, օրինակ, առանձնապես ծանր հանցագործությունների համար 20 տարվա շեմ, անձը կարող է դիմել պայմանական վաղաժամկետի 20 տարի անց։ Ստացվում է կրկնակի, եռակի պատիժ միայն նրա համար, որ անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման»։
Հայագետ, գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախշինյանը պատմում է՝ ինչպես են մի խումբ գաղափարակիցների հետ ներգրավվել բանտարկյալների հետ ավելի հաճախ շփվելու և նրանց մշակութային կյանքին մասնակից դարձնելու գործընթացներին։ Ասում է՝ հաջողում էին։ Հետո դա սկսվեց չխրախուսվել, բանտարկյալների հետաքրքրությունը մարեց․
«Սկսեցինք որոշակի գործունեություն՝ հավաքել և քրեակատարողական հիմնարկներին հանձնել գրքեր, դիսկեր, երաժշտական և կինոնկարներ, և 2019-ին դրական միտում սկսեցինք նկատել այն առումով, որ արդեն սկսեցինք գնալ մենք՝ քրեակատարողական հիմնարկները, հանդես գալ զեկուցումներով և անձամբ շփվել բանտարկյալների հետ և տեսնել, որ ահա նրանց մեջ կան բավական ադեկվատ մարդիկ, քրեական ենթամշակույթ չկրող մարդիկ, որոնք իսկապես ցանկանում են կրթության, մշակութային գործունեության, ընտանիք կազմելով և այլն, վերադառնալ հասարակություն, և ինչպես գիտենք, 4 հոգի ցմահ դատապարտյալներից արդեն վերադարձան սկսած 19-ից, սակայն 22 թ.–ին այդ միտումը կարծես կանգնեց։ Ո՞վ էր լսել նախորդ տարիներին, որ դատապարտյալները կարող էին ունենալ սեփական թատերախումբ։ Ո՞վ էր լսել, որ այսքան շատ մշակութային խմբակների կամ կրթական ծրագրերի մասնակցություն։ Մարդիկ կարող են ասել, որ դա գուցե արվում է, որպեսզի միավորներ հավաքվեն և այդպիսով իրենց դուրս գալը արագացնեն։ Սակայն դա շատ բնական է։ Իսկ ինչո՞ւ ոչ»։
Փաստաբան Զարուհի Մեջլումյանն ասում է, որ դատարանը հաճախ է թերագնահատում մշակութային միջոցառումների մասնակցությունը և չի դիտարկում դա որպես բանտարկյալի նկարագիրը բարելավող երևույթ։ Նոր հայեցակարգում պատժող մեխանիզմների ավելացումը և բանտարկյալների՝ թեկուզև շուտ ազատվելու մղումով գործադրված ջանքերը հաշվի չառնելը կարող են խանգարել պետությանը վերասոցիալականացմանն ուղղված իր ծրագիրը և միջազգային պարտավորությունը կյանքի կոչելիս՝ կարծում է փաստաբանը։
Այս ռեպորտաժը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում: