Երկրորդ շնչառությունՀասարակություն

Մարզի կանանց կարուձև սովորեցնելը՝  երկրորդ շնչառություն վերցնելու խթան․ «Երկրորդ շնչառություն»

Թոշակային տարիքում ձեռքերը ծալած նստելու փոխարեն, հայրենի բնակավայրի երիտասարդ կանանց ու աղջիկներին կարուձևի իր հմտություններն անվճար փոխանցելը դարձել է կենսական նպատակ Գոհար Բադալյանի համար՝ ստեղծելով կյանքի երկրորդ շնչառություն:

«44-օրյա պատերազմի ժամանակ ամուսինս խնդրեց կարել առաջին գծի համար քնապարկեր: Փորձեցի գտնել տրիկոտաժի նախկին գործընկերներիս, բայց բոլորը ցրվել էին: Նկատեցի, որ կարող բանվորներ չկան: Այդ ժամանակ խոսք տվեցի պատերազմի ավարտից հետո Մարտունու և հարակից գյուղերի կանանց կարել սովորեցնել: 2021 թվականից սկսվեց ամեն ինչ»,— պատմում է տիկին Գոհարը:

Նրա մասնագիտական ուղին սկսվել է դպրոցից հետո՝ Թեթև արդյունաբերության տեխնիկումի տրիկոտաժի բաժնում, որն ավարտել է կարմիր դիպլոմով: Պոլիտեխնիկական ինստիտուտում շարունակելով կրթությունը՝ կարող բանվորից հասել է փոխտնօրենի:

Հիմնել է ավելի քան 350 աշխատակից ունեցող արտադրամաս՝ ստանալով այդ ժամանակաշրջանի որակի նշանը: Խորհրդային ժամանակաշրջանում անգամ Բադալյանների ընտանիքում կանանց իրավունքները գերակա էին: Ոչ հայրը, ոչ եղբայրները չեն խոչընդոտել նրա մասնագիտական աճին: Անձնական կյանքը շատ արագ դասավորվել է՝ ամուսնանալով ֆաբրիկայի հարևան ընտանիքի որդու հետ:

«Սկեսուրս ասաց, որ եթե չհամաձայնեմ՝ կփախցնեն: Հիմա գոհ եմ իմ ընտանիքից: Մենք ունենք հինգ զավակ ու 10 թոռ: Իմ ակտիվ գործունեությունը զավակներս չեն խոչընդոտում»,- հպարտությամբ նշում է Գոհարը: Չնայած առողջական լուրջ մարտահրավերներին՝ երկու կաթվածներից հետո նա շարունակում է իր առաքելությունը:

«Դժվարությունները կարելի է հաղթահարել լավատեսությամբ: Կարի մեքենայի մոտ ես ինձ զգում եմ 20-ամյա»,— կիսվում է տիկին Գոհարը:

Նա խրախուսում է հասակակիցներին զբաղվել սիրելի գործով: Իր աշակերտներին օգնում է կարել անկողնային պարագաներ՝ նվիրելով բազմազավակ ընտանիքներին: Հատկապես հոգ է տանում պատերազմում զավակներին կորցրած և նորից մայրանալու որոշում կայացրած կանանց մասին՝ անձամբ կարելով նրանց փոքրիկների համար անկողնային պարագաներ:

Կարդացեք նաև

Back to top button