ԿարևորՀասարակություն

Դեբեդի վարչական տարածքում կառուցվում է Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայր

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 8֊ին, ներկա է եղել Դեբեդի վարչական տարածքում կառուցվող Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի կառուցման հիմնարկեքի արարողությանը, հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։ 

«Նուրի» ռիզորթ հանգստավայրի համահիմնադիրներն են «ONE WAY TOUR» ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանը և GG տրանսպորտային ծառայությունների մատուցման հարթակի համահիմնադիր Արտաշես Թովմասյանը։

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, 《Մանթաշյան》գործարարների միության անդամներ, գործարարներ, հյուրեր։

Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնության համար և նշել, որ պատրաստ է մեծ աջակցություն ցուցաբերելու մարզի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։

Մաթևոս Բարսեղյանն իր ելույթում ասել է, որ երկար փնտրտուքներից հետո վերջնականապես որոշել են «Նուրի» ռիզորթը կառուցել հենց Լոռու մարզում, որն անկրկնելի է իր բնությամբ։

Նա նաև նշել է, որ նախատեսում են հյուրերին մատուցել բարձրորակ ծառայություններ, իսկ համայնքին՝ աճի և զարգացման հնարավորություններ տալ, քանի որ նախագիծն ունի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ ևս։

Նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքի՝ փոքր բիզնեսով զբաղվող ձեռներեցների համար, նպաստել գյուղում արտադրվող գյուղատնտեսական մթերքների սպառմանը, որը, որպես էկոլոգիապես մաքուր սնունդ, կօգտագործվի հյուրանոցի ռեստորանում։

Նշվել է, որ ընկերության հիմնական տեսլականը էկոլոգիապես մաքուր լեռնային հանգստավայր դառնալն է, որը հյուրերին կառաջարկի լիարժեք հանգիստ։

Ճարտարապետական դիզայնը նախագծված է այնպես, որ բնության գրկում գտնվող հյուրանոցի ապակե պատուհաններից և պատշգամբներից հյուրերը վայելեն համայնապատկերային տեսարանները:

Նախատեսված է ունենալ 40 հյուրանոցային համար, ռեստորան, կոնֆերանսների դահլիճ, այլ ծառայություններ ևս։

Արտաշես Թովմասյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցելու, իրենց ներուժին հավատալու համար։

Շինարարության ավարտը նախատեսվում է 2026 թվականին։

Կարդացեք նաև

Back to top button