Հասարակություն

Ֆրանսիական սինեմատեքը մեծարում է Սերգեյ Փարաջանովին

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ դեկտեմբերի 5-ին Ֆրանսիական սինեմատեքում մեկնարկեցին մեծանուն կինոռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Ֆրանսիս Քյուրքչյան հիմնադրամի հետ համագործակցաբար ֆրանսիական կինեմատոգրաֆիայի հեղինակավոր այս հաստատությունում շուրջ տասը օր շարունակ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի հեղինակած մեկ տասնյակից ավելի երկարամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր։ Ծրագրում ընդգրկված կլինեն նաև մեծանուն վարպետին նվիրված փաստավավերագրական ֆիլմեր։

Հետահայաց ցուցադրությունների մեկնարկի կապակցությամբ Ֆրանսիական սինեմատեքում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Նա երախտագիտություն հայտնեց Ֆրանսիական սինեմատեքին՝ Սերգեյ Փարաջանովի հոբելյանը մեծ շուքով տոնելու և մեծանուն վարպետի հեղինակած գործերը ֆրանսիացի հազարավոր հանդիսատեսին ներկայացնելու բացառիկ հնարավորության համար։

Հանդիսավոր արարողությունից հետո Սինեմատեքի լեփ-լեցուն դահլիճում ցուցադրվեց Փարաջանովի լավագույն գործերից մեկի՝ «Մոռացված նախնիների ստվերները» (Հրեղեն ձիեր) ֆիլմի վերականգնված տարբերակը։

Կարդացեք նաև

Back to top button