
Դեկտեմբերի 3-ից 5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կայացած «𝐅𝐨𝐨𝐝 𝐀𝐟𝐫𝐢𝐜𝐚» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է միասնական տաղավարով՝ ներկայացնելով 15 հայկական ընկերության արտադրանք, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Նշվում է, որ ցուցահանդեսին մասնակցությունը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել՝
- ներկայացնել իրենց արտադրանքը,
- բացահայտել աֆրիկյան շուկայի նոր միտումներն ու հեռանկարները,
- հաստատել նոր բիզնես կապեր,
- հանդիպել հեռանկարային գնորդների հետ,
- բարձր տեսանելիություն ձեռք բերել Արևելյան Աֆրիկայի, հատկապես COMESA (Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկա) տարածաշրջանում,
- գտնել հուսալի դիստրիբյուտորներ։
Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավար է այցելել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը։
«Food Africa» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը Աֆրիկա մայրցամաքի ամենամեծ միջազգային առևտրային ցուցահանդեսն է, որը մասնագիտացած է պարենային և ագրոարդյունաբերության ոլորտներում և եզակի հարթակ է Եգիպտոսի, ինչպես նաև Աֆրիկայի զարգացող սպառողական շուկա մուտք գործելու համար:
Ընդհանուր առմամբ, այս տարի «Food Africa» ցուցահանդեսին մասնակցել է 910 կազմակերպություն 72 երկրից։ Ցուցահանդեսն ունեցել է 27500 այցելու։




