Մշակույթ

«Ձյունե թագուհու պատմությունը» սառցե հեքիաթ ներկայացումը՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Դեկտեմբերի 26-28-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կկայանա Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե հեքիաթ ներկայացումը:

«Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման պրոդյուսերը Զառա Մխեյանն է։

Սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի գեղասահորդները: «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, որը փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։ «Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ իրապես սիրող սիրտ, ազնիվ ձգտումներ և կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր վեհ նպատակին հասնելու գործում: 

Սառույցի վրա երաժշտական ներկայացումը ձևաչափ է, որով պրոֆեսիոնալ գեղասահքը համատեղում է դրամատիզմը, կենդանի վոկալն ու երաժշտությունը, կրկեսը և բեմադրության առաջադեմ տեխնոլոգիաները:

Դերասանների կազմը ձևավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից: Ներկայացման կոմպոզիտորն Էդգար Գյանջումյանն է:

«Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման երաժշտությունն առանձնանում է հայեցակարգային և մասշտաբային գաղափարներով, նվագախմբի կիրառմամբ՝ ոչ միայն նման ստեղծագործությունների համար ընդունված ակադեմիական մոտեցմամբ, այլև մասսայական ուղղությունների սինթեզով: Կուտակված փորձը և երաժշտական ինդուստրիայի զարգացման միտումների ընկալումը թույլ են տալիս ստեղծել հնչյունագիր, որը համապատասխանում է ժամանակի ոգուն, ձայնի՝ ընդունված համաշխարհային չափանիշներին: 

«Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացման 120 վառ կերպարների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 20 վարպետ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Դետալների մեծ մասը ձեռքի աշխատանք է:

Ներկայացման տևողությունը 1,5 ժամ է: Խորհուրդ է տրվում մասնակցել 2 տարեկանից բարձր երեխաներին: Սառցե շոուն անգլերենով է։  

Կարդացեք նաև

Back to top button