ՌեպորտաժներՔաղաքական

«Հայաստանը ՀԱՊԿ-ում անցել է անդառնալիության կետը»․ Փաշինյան 

Աժ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հստակեցումներ է մտցրել ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության և հետագա աշխատանքների առնչությամբ։

Պարզաբանումների համար առիթ է հանդիսացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները, որոնք ՀՀ ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետը իրականությանը չհամապատասխանող է համարել մի քանի դրվագով։  

Հայաստանի վարչապետն իրականությանը չհամապատասխանող է համարում օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունները Հայաստան-ՀԱՊԿ  գործակցության մասին։ Վարչապետ Փաշինյանը բառացի պնդեց, որ «անդառնալիության կետն արդեն անցած է», իսկ Պուտինի հայտարարությունն, ըստ Փաշինյանի՝ ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում:

«Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ընդհանրապես կապ չունի։ Մենք ՀԱՊԿ-ի հետ, մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում, Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2021 թվականին, 2022 թվականին եղել են տարածքային ոտնձգություններ, ագրեսիա է եղել Հայաստանի նկատմամբ։ Ընդ որում՝ մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և առաջին հերթին իհարկե այդ հարցում, ո՞ւմ հետ ենք քննարկել, քննարկել ենք մեր դաշնակիցների հետ։ Եվ մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ՝ ինչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանները կարմիր գիծ են»։

«Կարմիր գծերն» ամեն դեպքում խախտվեցին, իսկ ՀԱՊԿ-ը պարզապես հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատված չէ։ Փաշինյանը նոր հարցեր է առաջ քաշում։

«Ասել ենք՝ ցույց տվեք Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին․ սա քարտեզը, սա մատիտը, ցույց տվեք, որտեղով է անցնում: Ցույց չեն տվել։ Եվ իմ արձագանքը ես հրապարակային ասել եմ, ասել եմ՝ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, այդ գիծը չի կարող ցույց տալ, որ փաստացի ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն գոյություն չունի»։

Թեև Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, բայց ՌԴ նախագահը հայտարարել է, թե մենք միանում ենք կառույցի փաստաթղթերին և որոշումներին։ Այս հայտարարությունը Հայաստանի վարչապետը նույնպես սխալ համարեց։

«Մենք չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի մշակման, ոչ քննարկման, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում։ Մենք պարզապես վետո չենք ստորագրում ոչ մի փաստաթղթերի վրա, որովհետև ըստ էության մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են, թող որոշեն, մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, ասենք՝ վայ, այստեղ մենք վետո դնելու իրավունք ունենք, դա էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ։ Բայց այս իրադրություններին տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումը արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք անհնար է, դարձնում Հայաստանի Հանրապետության վերադարձը ՀԱՊԿ։ Եվ ես կարծում եմ, որ մենք այդտեղ անդառնալիության կետը, ըստ էության, անցել ենք»։

Որոշակի այսպես ասած անդառնալիություն կա նաև Հայաստանի ներքին կյանքում, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Սակայն այս հարցում վարած քաղաքականության առումով հարցեր են առաջանում հենց ՔՊ-ական պատգամավորների մոտ։ Արեն Մկրտչյանը նշում է․

«Հարցի լուծմանը 2018-ին, իմ անձնական ընկալումներով, սպասում են նաև բազմաթիվ նախկինում պետական,  համայնքային պաշտոն զբաղեցրած բազմաթիվ անհատներ։ Վախից սրտատրոփ սպասելով նկատեցին, որ չէ՝ չեն գալիս իրենց հետևից։ Հետո սկսեցին չհասկանալ, թե ինչ է կատարվում, թե ինչու չեն գալիս իրենց հետևից։ Հետո տեսան, որ իրենց հետևից չեն եկել հիմա էլ հասել են այն վիճակին, որ երբեմն անգամ այս դահլիճում հանդգնում են հեգնել մեզ՝ թե ուր էր իրենց 50/50-նները։ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ինստիտուտը ես հույս ունեմ, որ իր պտուղները կտա։ Հայցագինը՝ 1 միլիարդ 300 միլիոն դոլար է, բայց իրավապահների կողմը մեդալի միայն մի երեսն է։ Մեդալի մյուս երեսը՝ թե ինչպիսի դատավճիռներ կկայացնեն դատական համակարգի ներկայացուցիչները»։

Այստեղ Փաշինյանը հիշեցնում է հեղափոխության կարգախոսները․ «Մենք մոռանում ենք, որ մենք 2018 թվին ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու։ Ասել ենք՝ մենք անում ենք սիրո և համերաշխության հեղափոխություն: Ասել ենք, որ վրեժխնդրություն չի լինելու: Եվ որ չեմ գնացել, ոչ թե նրա համար, որ ֆիզիկապես հնարավոր չէր, այլ դա էլ է եղել մեր պարտավորությունը: Հասկանո՞ւմ եք։ Որ հիմա էլ գնայինք, ձեր ասածները լինեին, ասելու էին՝ բա ասում եք՝ վենդետա չի լինելու, բա վենդետա եք անում։ Ասում էիք՝ սիրո համերաշխության հեղափոխություն է լինելու։ Էլի եմ ասում՝ մեկ է, ճանապարհը մեկն է՝ ինստիտուտների կայացումը: Ես ձեզ անկեղծ ասեմ, ես հիմա ինչ-որ առումով էլի ինձ մեղավոր եմ զգում, բայց որ անկեղծ ասեմ, այդքան էլ լավ չեմ պատկերացնում՝ ինչը ոնց պետք է անեի, որ էսպես չստացվեր»։

Հակակոռուպցիոն պայքարը կարող է արդյունավետ լինել, ըստ Փաշինյանի, եթե դա իրականացվի ինստիտուցիոնալ մակարդակով։ Իսկ դատարանների առումով վարչապետը կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ իրավիճակ փոխելու համար դատաիրավական համակարգում սերունդ պետք է փոխվի։ Բայց ժամկետեր նախանշել Փաշինյանը չի շտապում։    

Back to top button