Վերնատուն

Անհանգիստ ու անկայուն առօրյայի բանաստեղծականությունը․ Անուշ Դավթյանի դեբյուտային ցուցահանդեսը․ «Վերնատուն»

Անուշ Դավթյանի դեբյուտային «Հոսանք ու հանգ» ցուցահանդեսի մասին են խոսում հեղինակը և համադրող Վիգեն Գալստյանը։

Ցուցահանդեսը բացվել է Հերիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում և իրագործվել «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվի աջակցությամբ։ Անուշ Դավթյանի գծանկարներում Երևանի փողոցային անցուդարձն ու առօրյականությունն է, մարդկանց ամենօրյա շարժը, երթևեկությունը, քաղաքային միջավայրի դետալները, մարդիկ։ Պատկերները սկզբնական փուլում սմարթֆոնով արված լուսանկարներ էին, որոնց հիման վրա էլ ստեղծվել են պատկերները։

Այս շարքը մեկնարկել է 2018 թվականի Թավշյա հեղափոխության ժամանակ, անցել 44–օրյա պատերազմի ու էթնիկ զտումների բոլոր դրամատիկ իրադարձությունների միջով, մինչև մեր օրերը։

«Հայաստանի վերջին շրջանի քաղաքական ու սոցիալական ցնցումների ֆոնին՝ Անուշ Դավթյանի նախագիծը բացահայտում է սովորականի մեջ թաքնված բանաստեղծական էությունները՝ միաժամանակ ընդգծելով խաղաղության անկայունությունն ու նորմալության ցանկացած զգացում ձեռք բերելու ահռելի սխրանքը», – գրում է Վիգեն Գալստյանը:

Ցուցահանդեսն իրականացվել է «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվի աջակցությամբ։ Գեղագիտության ազգային կենտրոնում այն կշարունակվի մինչև դեկտեմբերի 10–ը։

Կարդացեք նաև

Back to top button