
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հրաժարական է տվել, հայտնում է դեսպանատունը։
«Խորը ափսոսանքով եմ հայտնում, որ հեռանում եմ ԱՄՆ արտաքին ծառայությունից: Ցավոք, 2023 թվականին ԱՄՆ Սենատի առջև իմ ցուցմունքներում նշած առողջական խնդիրները շարունակում են տանջել ինձ»,- ասել է դեսպանը։
Նա մտադիր է վերադառնալ տուն եւ զբաղվել իր առողջությամբ։
Միաժամանակ, ԱՄՆ դեսպանն արձանագրել է, որ իր պաշտոնավարության ընթացքում ամրապնդվել են ամերիկացի եւ ադրբեջանցի ժողովուրդների կապերը։ Մասնավորապես՝ զգալիորեն ավելացել են ԱՄՆ-ում սովորող ադրբեջանցի ուսանողների թիվը և կազմակերպվել են ամերիկացի գիտնականների, մարզիկների և մշակութային գործիչների այցերը Ադրբեջան:
«Մենք ընդլայնել ենք տնտեսական համագործակցությունը՝ կենտրոնանալով ավանդական էներգիայից վերականգնվող աղբյուրների անցման վրա։ Եվ մեր սերտ համագործակցությունը՝ հաջողությամբ նախապատրաստվելու COP29-ին, ցույց տվեց, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի կառավարությունները կարող են միասին աշխատել՝ աշխարհը դեպի լավը փոխելու համար»,- ասել է դեսպանը։
Միաժամանակ Լիբբին ընդգծել է, որ շատ անելիքներ կան Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման համար:




