
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվել են Հաագա՝ Միջազգային քրեական դատարան։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ նախարարը Հաագայում կլինի մեկ օր, Եղիշե Կիրակոսյանը՝ 5։
Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց և կառույցին անդամակցելուց հետո Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նստաշրջանին: Այս տարի կառույցի 23-րդ նստաշրջանն է։
Զուգահեռ՝ Հայաստանում քննարկումներ են ծավալվում կանոնադրությունն ընդունելու արդյունավետության առնչությամբ։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա ոչ թե Երևանում, այլ Սանկտ-Պետերբուրգում՝ դեկտեմբերի 25-ին։ Թեև նշվում է, որ սա հայկական կողմի խնդրանքն է, և նիստը վարելու է ՀՀ վարչապետ Փաշինյանը, բայց այժմ ոչ պաշտոնական կարծիքներ են հնչում, որ վայրի փոփոխությունը պայմանավորված է Հռոմի կանոնադրության պահանջներով։
Ավելի պարզ ասած՝ չի բացառվում, որ պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի կողմից միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելը և Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդերը։ Քանի որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի վայրի փոփոխության առնչությամբ որևէ հիմնավորում չի եղել, ըստ ենթադրությունների՝ գուցե Ռուսաստանի նախագահն է հրաժարվել այդ պայմաններում Երևան գալ։ Այս տարբերակը չի բացառում խորհրդարանական ընդդիմությունը։ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն այս ենթադրությունների կողմնակիցներից է։
«Կարծում եմ, որ այստեղ առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը։ Իհարկե, առաջինը Հայաստանն է, որովհետև այո, Հայաստանը ռատիֆիկացրել է Հռոմի ստատուտը և պարտավորված է կատարել այն, ինչ պահանջվում է։ Հիշեցնեմ, օրինակ, երբ Ռուսաստանի նախագահը մեկնել էր Մոնղոլիա, Մոնղոլիան բավականաչափ մեծ ճնշման տակ հայտնվեց։ Հիմա Հայաստանի իշխանությունները հավանաբար չէին ցանկանա նման ճնշման տակ հայտնվել։ Բայց չեմ բացառում, որ նախաձեռնությունը հյուսիսից է եկել, որովհետև Ռուսաստանի ներկայացուցիչները ԵԱՏՄ-ի ամառվա հավաքին մասնակցում էին, երբ վարչապետերն էին հավաքվել էին Հայաստանում»։
Պաշտոնական Երևանը մշտապես բացառել է նման զարգացումները։ Կանոնադրությունը ստորագրելուց առաջ անգամ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել էր լուծում, որն ընձեռված էր Հռոմի կանոնադրությամբ, այն է՝ երկկողմ հարաբերություններում նոր իրավակարգավորում մտցնել, ըստ որի՝ Հռոմի կանոնադրության պահանջները չէին տարածվելու այդ երկկողմ հարաբերությունների վրա։
Առաջարկը Մոսկվան չէր ընդունել։ Հեռախոսազրույցից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել էր․ «Իմ տպավորությունը եղել է այն, որ ըմբռնում կա, և մենք շարունակել ենք գործընթացը»։
Կանոնադրությունը վավերացնելուց մեկ տարի անց Հայաստանն այժմ առաջին անգամ մասնակցում է Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովին։ Հաագայում են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Մասնակից պետությունների Վեհաժողովը տարեկան մեկ անգամ հավաքվում է՝ լիագումար նիստում քննարկելու ՄՔԴ-ի ապագա գործունեության կարևորագույն հարցերը: Մասնակից, դիտորդ և հրավիրված պետությունները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակությունն այս օրերին էլ քննարկում են ՄՔԴ Հռոմի կանոնադրության սահմանած դրույթների իրականացման հիմնական մարտահրավերները և կընդունեն բանաձևեր:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի արտգործնախարարը, բացի վեհաժողովի աշխատանքներին մասնակցելուց, կունենա նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։
Մինչդեռ Երևանում ընդդիմությունը դժգոհում է Հռոմի կանոնադրությանը միանալու մոտ մեկ տարվա արդյունքներից։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյան․
«ՔՊ-ականները ջանասիրաբար ասում են, որ, ահա, դա պետք է վավերացնենք, որպեսզի Ադրբեջանի ռազմական հանցագործներին, Ալիևից սկսած, կարողանանք դատի տալ: Հիմա վավերացրին, դրանից մի քանի շաբաթ հետո ես այն ժամանակվա Արդարադատության նախարարին հարցրի, ասացի՝ լավ, դե հիմա ի՞նչ եք արել, վավերացրել եք արդեն։ Դեմագոգիկ պատասխան տվեց, որ որևէ բան չկա։ Եվ հիմա էլ՝ մի տարի անց էլ, երբ վավերացվել է Հռոմի կանոնադրությունը, որևէ քայլ չենք տեսնում։ Խաբել են և, օրինակ, Ալիևի դեմ գործ չեն հարուցում: Ավելին ասեմ՝ Ադրբեջանի ճնշման ներքո վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հայցերը հետ քաշել»։
Իրականում Խաչատրյանի բարձրացրած վերջին հարցի մասով, այն է՝ միջազգային իրավական ատյաններից հետ կանչել հայցերը, հաստատում և վերջնական որոշում դեռ չկա, թեև վարչապետ Փաշինյանը չի հերքում, որ նման հեռանկարը քննարկվել է բանակցային սեղանի շուրջ։ Իրար դեմ հայցերից հրաժարումը խաղաղության տրամաբանության մեջ է, սակայն միջազգային ատյաններում դեռևս քննվող գործերը թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը դեռ շարունակում են առաջ տանել։
Վարչապետ Փաշինյանը սա նորմալ է համարում․ «Քանի դեռ չկա պայմանավորվածություն, մենք էլ ենք անում հավելումներ, իրենք էլ են հավելումներ անում: Բայց եթե սկզբունքի տեսակետից մոտենանք հարցին, իմ մոտեցումը հետևյալն է. եթե մենք տեսնում ենք, որ մենք իրական, ռեալ հասնում ենք խաղաղության և հաստատում ենք խաղաղություն, այսինքն՝ կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է, որ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է չներկայացնենք և պետք է հրաժարվենք հարցերից փոխադարձաբար»։
Եթե նման պայմանավորվածությունն իրականություն դառնա, դա չի վերաբերի ապագայում ծագող խնդիրների բողոքարկմանը։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մինչդեռ, միջազգային իրավունքի տեսանկյունից կարևոր է համարում դատական հայցերի առկայությունը։ Նա պնդում է, որ միջազգային իրավական գործընթացները խաղաղությանը չեն կարող հակադրվել։ Կիրակոսյանը խնդրին մի քանի անգամ արդեն անդրադարձել է․
«Ցանկացած փորձ, որ հակադրվի միջազգային իրավական գործընթացների, խաղաղության կամ կարգավորման պրոցեսին, կարծում եմ, արհեստական է։ Պատահական չէ, որ նման հակադրությունները գալիս են մեր հարևան պետությունից, այսինքն՝ պատասխանող պետությունից՝ Ադրբեջանից: Առաջին անգամ նման գաղափար հնչեցվել է Ադրբեջանի կողմից: Նման գաղափարի հնչեցումը Ադրբեջանի կողմից, կարծում եմ, շատ բանի մասին է խոսում: Նախ, խոսում է նրա մասին, որ Ադրբեջանն անհանգստացած է իրավական գործընթացներով։ Կարծում եմ, որ այդ որոշումները, դատական գործընթացները շատ կարևոր ազդեցություն ունեն Ադրբեջանի վարքագծի վրա որպես երկիր, և դրանց շարունակելիությունը շատ կարևոր է: Դա, կարելի է ասել, խաղաղության ամբողջական փաթեթի մի մասն է»:
Կիրակոսյանի համոզմամբ՝ միջազգային կառույցներում նախաձեռնված իրավական գործընթացներըոչ միայն ոտնահարված իրավունքները վերականգնելու համար են, այլև՝ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը բացահայտելու։ Ասում է՝ սա նաև նարատիվների, այլ կերպ ասած՝ խոսույթի պատերազմ է։ Կիրակոսյանը համարում է, որ այս դաշտում շատ կարևոր է մեր հարևանին շարունակ հակադարձելը։ Կիրակոսյանը համոզված է, որ այն նարատիվները, որոնք Ադրբեջանը տասնամյակներ շարունակ տարածել է, դատական պրոցեսի ժամանակ հերքվում են և հենց դրանով ամրապնդում Հայաստանի դիրքերը։




