
Ուրբաթ երեկոյան և գիշերը Թբիլիսիում շարունակվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու երկրի կառավարության որոշման: Հաղորդվում է, որ երկրորդ օրն անընդմեջ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, ոստիկանները ցուցարարներին դուրս են մղել Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքից՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ ուրբաթ երեկոյան մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվել։ Ինչպես հաղորդում են BBC-ի թղթակիցները, նրանց թիվը նույնիսկ ավելի շատ է եղել, քան նախորդ օրը։
Ցուցարարներից ոմանք հարվածել են խորհրդարանի շենքի մետաղական ցանկապատին։ Իրավիճակը պարբերաբար սրվել է հարևան փողոցում՝, որտեղ կենտրոնացած է ոստիկանությունը, և շենքի հետնամասում։
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, սակայն նրանք չեն ցրվել։
Գիշերը ոստիկանները ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից։ Ցուցարարների շարքերը նոսրացել են, սակայն նրանցից ամենաակտիվները մնացել են Ռուսթավելի պողոտայում։
Նրանք նորից սկսել են բարիկադներ կանգնեցնել նստարաններից ու աղբամաններից՝ փորձելով պաշտպանվել ջրցան մեքենաներից։
Թբիլիսիում արդեն առավոտ է, սակայն ցուցարարները դեռ շարունակում են մնալ Ռուսթավելի պողոտայում և ամրացնում են բարիկադները, հայտնում են լրագրողները։
Ցուցարարները կրակ են վառում և պարբերաբար վանկարկում՝ «Սաքարթվելո»։ Ոմանք ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները, հայտնել է BBC-ի թղթակիցը։




