
Արդեն երրորդ օրն է՝ Սիրիայի մայրաքաղաք Հալեպում պայթյուններ են։ Սիրիական զինված ընդդիմությունը լայնածավալ հարձակում է սկսել, սահմանամերձ գյուղեր գրավել ու ընդհուպ հասել Հալեպից ընդամենը 20 կիլոմետր հյուսիս գտնվող Նուբբուլ քաղաքին։
Հալեպում տագնապային վիճակ է՝ «Ռադիոլուրին» Հալեպից պատմում է գրականագետ, բանաստեղծ Յարութ Վարդանեանը։ Վերջին անգամ Սիրիայի զինված ընդդիմությունը հարձակողական գործողություններ ձեռնարկել էր 2020 թվականին․ հարաբերական խաղաղությունից հետո վերջին օրերին լսված կրակոցները նորից իրար են խառնել Հալեպը՝ ասում է Վարդանեանը։ Չնայած դրան՝ Հալեպում կյանքը կանգ չի առել․ փողոցներում, որտեղ պայթյուններ են, ամանորյա տոնավաճառներ ու զարդարանքներ կան։
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել՝ հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ՝ տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։
Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում դեռ վաղ է հայ համայնքի տրամադրությունները գնահատելը, սակայն Հալեպից դուրս գալ ցանկացողների ու Հայաստան մեկնողների թիվը մեծացել է։

— Պարոն Վարդանեան, ի՞նչ իրավիճակ է այսօր Սիրիայում, մասնավորապես, Հալեպում:
Հզոր պայթյունների ձայներ են քաղաքում։ Հոգեբանական ծանր վիճակ է, ստեղծված իրավիճակն անակնկալ էր։ Երկար ժամանակ մենք խաղաղության մեջ էինք ապրում, և երբ նման սաստիկ ձայներ լսվեցին, մարդիկ խուճապի մատնվեցին։ Չնայած դրան, մարդիկ իրենց առօրյայով են ապրում, նույնիսկ քաղաքում տոնական զարդարանքներ ու ամանորյա տոնավաճառներ կան։ Բայց զուգահեռ նաև վախ կա, եթե մարդ սխալ պահի սխալ տեղում հայտնվի, կարող է անկանոն թռչող ռումբի զոհ դառնալ։
— Հայ համայնքից ի՞նչ տեղեկություններ ունեք, հայ համայնքն ապահո՞վ է։
Հայերը Հալեպի ավելի կենտրոնական շրջաններում են ապրում։ Սակայն բախումները երբեմն նաև Հալեպից Դամասկոս գնացող ճանապարհին են հասնում, և հաճախ նաև քաղաքից դուրս գալը կարող է ոչ այնքան ապահով լինել
— Պարոն Վարդանեան, բնակչության շրջանում ի՞նչ տրամադրություններ կան, երկրից, քաղաքից հեռացողներ կա՞ն այս պահին։
Հնարավոր չէ լավ ապագա պատկերացնել, բայց յուրաքանչյուրն էլ պետք է իր մեջ պատճառ գտնի այստեղ գոյատևելու համար․ բավականին երկար ձգվեցին այս պատերազմական տարիները, գաղթողներն անհամար են, բայց միշտ էլ կա հայության «կորիզ», որը չի կարողանում, չի ցանկանում հեռանալ Հալեպից։
Գաղթելու ցանկությունը միշտ կա՝ սկսած 2012թ-ից, ավելի շատ գաղթող կա, քան մնացող, դա վստահաբար կարելի է ասել՝ հաշվի առնելով դպրոցներում դպրոցականների պակասող թիվը։ Շատերը լրատվությունից ենթադրում են, որ Հալեպը քարուքանդ է լինում, որ հրթիռները հայերով լի թաղամասերում են, իրականում այդպես չէ, մենք շարունակում ենք ապրել, չնայած վտանգը միշտ էլ կա։




