
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ֆինլանդիայում է։ Նա հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Ընդգծվել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունությունն ապահովելու հարցում։
Չի շրջանցվել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի հարցը։ Թեմաները քննարկվել են նաև Ֆինլանդիայի արտգործնախարարությունում։
Մի քանի օր առաջ էլ Հայաստանի, Ուկրաինայի ու Վրաստանի կին քաղաքական գործիչներն են Բրյուսելում փակ հանդիպումների ընթացքում ԵՄ պաշտոնյաների հետ խոսել հրատապ հարցերի մասին։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն օրեր առաջ Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ խորհրդարանում և ԵՄ հանձնաժողովում, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության գրասենյակում և առանձին ԵՄ պատգամավորների հետ։

«Ռադիոլուրի» հետ զրույցում նախկին պատգամավորը պատմեց, որ ներկայացրել է Հայաստանի անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները․
«Շատ մանրամասներ, բնականաբար, չեմ կարող ասել, որովհետև դրանք բոլորը գաղտնի հանդիպումներ են եղել: Բայց մի բան պետք է ասեմ, որը կարևոր է․ գոնե այն պատգամավորները, որոնց հետ հանդիպել եմ ու որոշակի քննարկումներ ունեցել, հստակ պատկերացում ունեն, արդեն մեկ տարվա կտրվածքով, որ Ադրբեջանը, հատկապես անպատժելիության այս պայմաններում, բացարձակ վստահելի գործընկեր չէ»։
ԵՄ խորհրդարանում իր ունեցած հանդիպումների ու քննարկումների արդյունքում Գայանե Աբրահամյանը եզրահանգում է, որ ԵՄ պատգամավորների մոտ չկա այնպիսի ընկալում, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է, ինչի մասին երկու տարի առաջ հայտարարում էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Աբրահամյանը պատմում է, որ ԵՄ պատգամավորները մտահոգ էին 2023թ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների փաստով․
«Շատ դրական է նաև, որ նրանք շարունակաբար իրենց օրակարգում պահում են Արցախի խնդիրը, և այն փակված չէ: Այսինքն, բացի Հայաստանի անվտանգությունից, նրանք շարունակում են նաև Արցախի հարցով հետաքրքրվել»։
Առանձնահատուկ տեղ է հատկացվել անվտանգային խնդիրների քննարկմանը, բայց հաշվի առնելով դիտարկումների փակ ձևաչափը, նախկին պատգամավորն ընդամենը նշեց, որ ԵՄ պատգամավորները առանձնահատուկ կարևորություն են տվել Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությանը։ Անվտանգային հարցերում Հայաստանը Գայանե Աբրահամյանի կարծիքով պետք է շեշտը դնի ոչ թե ՀՀ-ԵՄ փոխգործակցության վրա, այլ երկկողմ, այսինքն՝ ՀՀ-ԵՄ անդամ երկրներ․
«Բուն անվտանգային հարցերում, հատկապես զենքի գնման և այլ հարցերում, կարծում եմ՝ երկկողմ մակարդակները, ինչպես օրինակ՝ ՀՀ-Ֆրանսիա հարաբերություններն են, քննարկվում են նաև այլ երկրների հետ։ Այս տեսանկյունից, կարծում եմ, գործընթացներ արվում են և որոշակի հաջողություններ ունենք»։
Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով ԵՄ դիտորդների առաքելությունը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կամ ադրբեջանական ագրեսիայի դեմ հակազդելու մեխանիզմներ չունի, բացի այն, որ զեկույցներ է պատրաստում։
Տարածաշրջանային անվտանգության հարցում, սակայն, քաղաքագետը կարևորում է ռազմատեխնիկական համագործակցության առումով Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ համագործակցությունը։

«Ինչ-որ ժամանակ Հայաստանի համար ձևավորվել էր ռազմատեխնիկական համագործակցության վակուում, հատկապես այն պահից, երբ Ռուսաստանի Դաշնությունը սկսեց մատակարարումները ուշացնել կամ առհասարակ չմատակարարել՝ կապված նաև ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլի սկսման հետ։ Հայաստանի համար ինչ-որ ընթացք ձևավորվել էր մատակարարումների վակուում, որը, թերևս, կարելի է ասել, որ գլխավորապես Արևմուտքի և Հնդկաստանի միջոցով էր, որ լրացվեց»։
Գայանե Աբրահամյանը, իր ձևակերպմամբ՝ օգտակար ու հետաքրքիր հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաև Բեռլինում։ Վրաստանի և Ուկրաինայի կին քաղաքական գործիչների հետ համատեղ այցը հնարավորություն է տվել խնդիրներն ընդհանուր տարածաշրջանային համատեքստում նաև քննարկել ու հասկանալ Վրաստանում տեղի ունեցող գործընթացներն ու հնարավոր հետևանքները։
«Ընդհանուր առմամբ, խնդրահարույց էին իրենց մտահոգությունները տարածաշրջանում ժողովրդավարության անկման հարցում, հատկապես Վրաստանի հետ կապված պրոցեսների շուրջ, քանի որ մտավախություններ կային և կան, ընդհանրապես, որ Վրաստանում տեղի ունեցողը չի կարող չազդել Հայաստանի վրա՝ ժողովրդավարության որակի, մակարդակի վրա։ Նաև Ռուսաստանի ներգրավվածության և ընդհանուր առմամբ տարածաշրջանում Ռուսաստանի էլ ավելի մեծ դերակատար լինելու տեսանկյունից»։
Շատ վերլուծաբաններ ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին, կարծում են, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների վրա։




