
Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն ավելի է ընդգծվում վերջին զարգացումներով՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հապաղումից մինչև ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի դիրքորոշումներ։ Միաժամանակ, Ռուսաստանի միջուկային նոր դոկտրինը՝ ուղղված ՀԱՊԿ երկրների պաշտպանության ամրապնդմանը և Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելը նոր զարգացումներ են և երկու երկրների միջև վստահության ու ռազմավարական գործակցության վերափոխման գործընթաց։ Որոշ վերլուծաբաններ այս փուլում կարևորում են, որ Հայաստանը նախանշի հստակ ռազմավարություն՝ հաշվի առնելով ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ Սյունիքի տարածաշրջանի անվտանգային խնդիրները։
Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցում Ռուսաստանի ակնկալիքները մնում են անփոփոխ․ այժմ ռուսական կողմը սպասում է հայկական կողմի պատասխանին․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն է։
«Հայկական կողմը հյուպատոսություն բացելու համաձայնություն է տվել, որից հետո ռուսական կողմն էկզեկվատուրա է խնդրել (գլխավոր հյուպատոսի ճանաչումը ընդունող երկրի կողմից), սպասում ենք պատասխանի»։
Բացվելու դեպքում այս հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում՝ Գյումրիում գործողից հետո․ դրան վերագրվում է ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմավարական նշանակություն հենց Սյունիքում տեղակայվելու տեսանկյունից։
Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցում իրապես կա՞ հապաղում կամ ձգձգում՝ պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է․
«Երևանը կարող է ունենալ որոշակի հարցեր Մոսկվային այս առնչությամբ, որպեսզի դրանց պատասխանների հիման վրա էլ ձևակերպի իր պատասխանը։ Համենայն դեպս, միայն Մոսկվայից հնչած հայտարարությամբ մենք, հազիվ թե, ամբողջական պատկեր ստանանք, որովհետև հարցն էլ ինքնին բավականին բազմաշերտ և մեծ է և, անշուշտ, ունի շատ նուրբ աշխարհաքաղաքական տողատակեր»։
Թեման ուշագրավ է նաև ՌԴ միջուկային նոր դոկտրինի և այդ համատեքստում ՀԱՊԿ-ի դերի տեսանկյունից։ Ռուսաստանի նոր դոկտրինը, համաձայն որի՝ ՀԱՊԿ երկրներն առաջին հերթին ընդգրկված են միջուկային պաշտպանության ներքո, ներկայացվել է Աստանայում։ Դրանով Ռուսաստանի միջուկային այսպես ասած «հովանոցն» առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար՝ Աստանայում ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Սերգեյ Շոյգուն նշել է, որ դոկտրինը ներառում է նաև նոր դրույթներ՝ ուղղված Բելառուսի պաշտպանությանը նույնիսկ ոչ միջուկային ագրեսիայի դեպքում։
Հայաստանն այս անգամ էլ ՀԱՊԿ նիստին չմասնակցեց։ Աստանայում կայացած նիստից Հայաստանի բացակայությունը Բելառուսի նախագահը որակել է որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վառ արտահայտություն։ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայի ռազմաքաղաքական հենասյուներից։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն այս առումով նկատում է, որ Կովկասում ստատուս-քվոյի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն ոչ միայն ԱՄՆ-ն, որը հայտարարել է, թե այստեղ իրենց համար առաջնահերթություն է Իրանի և Ռուսաստանի ազդեցության թուլացումը, այլ նաև Թուրքիան, որն էլ իր հաշվարկները, նպատակներն ու ռազմավարությունն ունի։ Եւ ոչ միայն։
«Ադրբեջանը, որը մասնակիորեն, իհարկե, հարում է թուրքական պատկերացումներին, բայց նաև փորձում է իր ինքնուրույն խաղը խաղալ։ Եվ ես չեմ կարծում, որ Ադրբեջանն ընդհանրապես, այսպես ասենք, գոհ կլինի, եթե Սյունիքում լինեն այնպիսի ներկայություններ, ինչպիսիք են Իրանի գլխավոր հյուպատոսությունը, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, որքան էլ Բաքուն աշխատում է թե՛ Թեհրանի, թե՛ Մոսկվայի հետ, և առավել ևս՝ բավական սերտ աշխատում է հենց Մոսկվայի հետ»։
Փորձագետները Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նկատվող լարվածությունը պայմանավորում են նաև հանգամանքով, որ Երևանը փորձում է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը՝ չկենտրոնանալով միայն Ռուսաստանի հետ գործընկերության վրա։ Այս առումով Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուշացումը կամ ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելը սիմվոլիկ է՝ ցույց տալով, որ Հայաստանը խուսափում է հավելյալ դիվանագիտական և ռազմական պարտավորություններից, որոնք կարող են սահմանափակել նրա ինքնիշխանությունը։
Որոշ դիտարկումներով էլ՝ Սյունիքում ռուսական հյուպատոսության բացումը կարող է դիտվել նաև որպես ռուսական ազդեցության ընդլայնում։ Իսկ Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինը, որն ուղղված է ՀԱՊԿ անդամ դաշնակիցների պաշտպանության ամրապնդմանը, ենթադրում է նաև նրանց կախվածության մեծացում Մոսկվայից։
Հակոբ Բադալյանը մեկ այլ հանգամանք էլ է առանձնացնում է․ Սյունիքում հյուպատոսություն բացել ցանկանում է նաև Ֆրանսիան․ սա առաջին անգամ 2023-ի գարնանը բարձրաձայնեց այդ ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան, երբ եկել էր Հայաստան.
«Մենք դրանից հետո, փաստորեն, որևէ նոր զարգացում և էական զարգացում չենք տեսնում նաև այս ուղղությամբ։ Իհարկե, Ֆրանսիայի դեսպանը հաճախ է այցելում Սյունիք և իր այցերն ուղեկցում երբեմն նույնիսկ բավական օդիոզ գրառումներով, այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ հյուպատոսության վերաբերյալ արձագանքներ կամ հայտարարություններ չկան։ Այստեղ հետաքրքիր է՝ արդյոք ֆրանսիան պահպանու՞մ է իր այդ մտադրությունը, և արդյոք կա՞ աշխատանք Երևանի հետ»։
Այսպիսով, ըստ քաղաքական վերլուծաբանի, Կապանում հյուպատոսության բացումը և ՀԱՊԿ-ի մասով դիրքորոշումները գործընթացներ են, որոնց Հայաստանը դեռ պետք է արձագանքի՝ հստակ հաշվարկելով արդյունքներն ու սպասելիքները։




