
Երևանյան միջազգային թատերական փառատոնի հրավերով դեկտեմբերի 5-6-ին Հայաստանում առաջին անգամ կներկայացվի ֆրանսահայ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացումը։ Ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկրի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը կցուցադրվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Փառատոնի կայացմանն ու ներկայացումը Հայաստան բերելուն աջակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն ու Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը։
«Առաջիկայում Երևանում ակնկալվում է իրական թատերական տոնախմբություն: Իրապես, վերջին շրջանի Եվրոպայի ամենատիտղոսավոր ներկայացումներից մեկն է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը»։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասում է՝ թատերական փոխանակում են իրականացնում ու այդ փոխանակման արդյունքում՝ դեկտեմբերի 5-6-ին Մայր թատրոնի բեմում կլինի Սիմոն Աբգարյանի թատերախումբը։
Երևանյան միջազգային թատերական փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալու արտերկրի լավագույն թատերախմբերի ներկայացումներին, նկատում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը։
«Դա շատ խորհրդանշական է, որովհետև Սիմոն Աբգարյանը կապում է Հայաստանն ու Ֆրանսիան իրար պատմական և բարեկամական խորը կապերով»։
«Երբ Լիբանանում մորս հարցում էին՝ Սիմոնն ինչ է անում, ասում էր՝ թատրոն»:
Ֆրանսաբնակ դերասան, թատերական բեմադրիչ Սիմոն Աբգարյանն է։ «Արարատ», «Արամ» և մի շարք այլ ֆիլմերից հայտնի դերասանը Մայր թատրոնի բեմում ներկայացնելու է Եվրոպայի ամենատիտղոսավոր ներկայացումներից մեկը՝ «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը։
Այս բեմադրությունը Ֆրանսիական ազգային թատրոնի բարձրագույն՝ «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկիր է։ Իսկ այդ մրցանակը համարժեք է կինոաշխարհում շնորհվող «Սեզարին» կամ «Օսկարին»:

ՀՀ մշակույթի փոխնախարար Դանիել Դանիելյան․ «Աբգարյանի բեմադրությունը եզակիներից է, որ այդքան մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում և երկրի սահմաններից դուրս։ Ներկայացման հիմքում հին հունական առասպելն է և, երբ տեսնում ես այդ փոխակերպումները, հասկանում ես, թե որքան կարևոր, կենտրոնական է բեմադրիչի աշխատանքը։ Աբգարյանն այս ներկայացման միջոցով մեզ մեծ դասեր է տալիս» ։
Այստեղ փոխնախարարը փակագծեր է բացում։ Ֆրանսիայում Սիմոն Աբգարյանին առաջարկվել էր մարմնավորել Շարլ դը Գոլին, որը Ֆրանսիայի ամենամեծ հերոսն է։ Աբգարյանի հետ պայմանավորվել են՝ 2025-ին տեղի կունենա կինոնկարի հայաստանյան պրեմիերան:
Սիմոն Աբգարյանը շեշտում է՝ զբոսաշրջային հատվածն արդեն անցել է և հիմա պարզապես ցանկանում է գալ հայրենիք աշխատելու, թեեւ Ֆրանսիան ու Լիբանանը ևս իր հայրենիքն են։ Հիշում է Շառլ Ազնավուրի խոսքերը , որ ասում էր ես հարյուր տոկոս հայ եմ, հարյուր տոկոս՝ ֆրանսիացի։
«Մենք նման ենք իշխանաձկին, երբ ջուրն աղտոտվում է, առաջինն ինքն է մեռնում: Մենք՝ արվեստագետներս մեր ապրելու վայրը մաքուր պահող ձկներն ենք, հուսանք, որ ինչպես մեր զինվորները, դիվանագետները, մեր ժողովուրդը, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում պահակներն ենք այդ մաքրության»:
Սիմոն Աբգարյանին հասարակությունը սկսեց ճանաչել Ատոմ Էգոյանի «Արարատ» և Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմերից։ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» կինոնկարում Աբգարյանը մարմնավորել էր Արշիլ Գորկուն, իսկ «Արամ» ֆիլմում փարիզաբնակ Արամ Սարգսյանին, որը մասնակցել է Արցախյան ազատամարտին ու վրեժ է լուծում թուրք դիվանագետից։
Աբգարյանը կարծում է՝ Արամը վիրավոր հայ ազգի ախտանիշն ու խորհրդանիշն է։

«Ափսոս, որ մենք դրան հասանք։ Որպես ազգ ցանկանում ենք առաջ գնալ, առանց մոռանալու, թե ինչ է մեզ պատահել, իսկ այն, ինչ պատահել է մեզ, փոքր բան չէ, մենք կոտորված ժողովուրդ ենք։ Ազգերն իրենց մարդկության հանդեպ պարտվել են, պարտություն է այն, որ զենք են վերցնում ու վրեժ լուծում։ Ափսոս, որ մենք այնտեղ հասանք… Եթե աշխարհում արդարություն լիներ, այնտեղ չէինք հասնի»։
2020 թ Le Figaro պարբերականը հրապարակել էր Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին: «Եթե մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, ապա իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում»,- գրել էր Աբգարյանը:
«Այն, որ ես հայ եմ, զգացվում է իմ գործերում։ Ես չեմ կարող մոռանալ, թե ով եմ, որտեղից եմ եկել, եթե արվեստագետ եմ։ Երբեք չի պատահել, որ ստիպված լինեմ փոխել ազգանունս հանուն ինչ-որ բանի։ Հնարավոր չէ փոխել էությունդ։ Այն ես՝ ինչ կաս։ Կարող ես մազերդ ներկել, իսկ ի՞նչ ես անելու դեմքիդ հետ։ Ֆրանսիայում երբեք չեմ բախվել այդ խնդրին։ Անունը փոխել, որ կյանքը, ասպարեզը զարգանա՞ն։ Թող ասպարեզը չորանա, բայց ես իմ անունն ունենամ»։
Դառնալով «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացմանը, նշենք, որ այն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով:




