ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Շրջանառության հարկից ընդհանուր հարկման դաշտ անցումը կհետաձգվի մինչև հուլիս․ կփոխվի նաև տրամաբանությունը

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տարբերակված մոտեցում ցուցաբերել ՀԴՄ կանոնների խախտման տարբեր դեպքերի համար։ Սա փոքր ու միջին բիզնեսի նոր խնդիրները բացառելու համար է։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նաև «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ են առաջարկել, մասնավորապես, վերջին շրջանում ամենաշատը քննարկված շրջանառության հարկի մասին։

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում» բիզնես միջավայրը բարելավելու համար։ Էկոնոմիկայի նախարարը հստակեցնում է՝ փոփոխություններով ՓՄՁ-ների գործունեությունն ավելի կանխատեսելի կդառնա։ Գործադիրն առաջարկում է ՀԴՄ կիրառության կանոնները խախտելու համար վարչարարություն կիրառելիս տարբերակված մոտեցում ցուցաբերել։ Բացատրում են՝ ՀԴՄ կտրոնը սխալ տպելու կամ կանոնները խախտելու  իրավիճակները տարբեր են, մինչդեռ տուգանքները նույնն են։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրինակներ է բերում․ «Օրինակ, երբ քանակը քիչ է մուտք տալիս, սա ակնհայտորեն պետբյուջեի վրա ազդում է, օրինակ, երբ գումարը քիչ է մուտքագրվում, դա ակնհայտորեն բյուջեի վրա ազդում է։ Լինում են դեպքեր, երբ ՀԴՄ չի տրվում, ակնհայտորեն բյուջեի վրա ազդում է։ Բայց շատ են դեպքերը, երբ  ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանումը և գինը լինում են ճիշտ տպագրված, սա որևէ ֆինանսական հետևանք պետական բյուջեի վրա չի ունենում և նաև կազմակերպության համար չի առաջացնում։ Մինչդեռ ԱՏԿ կոդը, օրինակ, կարող է սխալ մուտքագրված լինել, այսինքն՝ ապրանքի անվանումը ճիշտ է, ապրանքի գինը ճիշտ է, քանակը ճիշտ է, բայց կոդը այլ կերպ է մուտքագրվել, քանի որ հատկապես փոքր տնտեսվարողները դժվարանում են մուտքագրել»։

Այսուհետ տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները նույնպես պետք է տեղեկատվությունը ՀԴՄ կտրոնի վրա արտացոլեն։ Նախկինում նորմը տարածվում էր 58 մլն դրամ շրջանառություն ունեցողների վրա։ Մանրածախ առևտրում կոդերն իմանալը բարդ է՝ հստակեցնում է նախարարը՝ անդրադառնալով ՀԴՄ կանոնների խախտման վիճակագրությանը։

«2022թ․ 16․400 հարկ վճարողի մոտ իրականացվել է 20․400 ՀԴՄ ստուգում, 10․800–ի դեպքում կանոնների խախտում է արձանագրվել։ Խախտումներն ըստ տեսակների առանձնացված չեն, հնարավոր չէ խախտումների կառուցվածքը վերլուծել»։

Ներկայացված թիվն անհանգստացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանին․ «Դուք սարսափելի թիվ հնչեցրեցիք։ Շչակները պետք է հնչեն հիմա։ Օրենքի սահմաններում վարչարարությունն ուրիշ է, ճնշումը՝ այլ»։

Գևորգ Պապոյանն արձանագրում է՝ երբ շչակները հնչում են, մյուս կողմից ասում են, որ ՊԵԿ-ը խիստ վարչարարություն է անում։

Նախարարությունն առաջարկում է տարբերակված մոտեցում ցուցաբերել ՀԴՄ կանոնների խախտման դեպքերի նկատմամբ․ «Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտպելու, ՀԴՄ այլ խախտումները, որոնք հարկային հետևանքներ են առաջացնում, պատասխանատվության միջոցը նույնը թողնել։ Եթե պահպանվել են ՀԴՄ կանոնները, բայց դասիչները սխալ են տպվել, կիրառել նախ նախազգուշացում։ Մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կատարելիս կիրառել տուգանք 50 հազար դրամի չափով»։

«Հարկային օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները նաև շրջանառության հարկին են վերաբերում։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հստակեցնում է՝ գործունեության որոշ տեսակներ շրջանառության հարկի դաշտից ընդհանուր հարկման դաշտ կտեղափոխվեն ոչ թե հունվարի 1-ից, այլ հուլիսից․

«Խելամիտ ժամանակ է պետք, որպեսզի բիզնեսը հարմարվի այդ ժամանակի փոփոխությանը, թեև մենք վաղուց ենք այդ մասին խոսել։ Նախագիծը հուլիս-օգոստոսից քննարկվել է, սեպտեմբերին պաշտոնապես է հրապարակվել։ Մենք համաձայնեցինք, որ փոփոխությունը կատարվի հուլիսից։ Խնդրո առարկա գործունեության տեսակներն են իրավաբանական ծառայությունները, հաշվապահական ծառայությունները, շինարարական կազմակերպությունները, կառավարման, խորհրդատվական գործունեություն, գովազդային գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն»։

Ժամկետի փոփոխությունը քննարկումները շարունակելու հնարավորություն կտա։ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն արձանագրում է՝ գործադիրը ոչ թե առաջարկներն է հաշվի առել, այլ ժամկետն է միայն փոխում․ «Իրականում, ցավոք սրտի, դա ընդամենը ֆորմալ մասը ապահովեց։ Այդ քննարկմանը ես էլ եմ մասնակցել, հետո հետևել եմ։ Չկար ոչ մի շահագրգիռ մասնակից, բացի պետականից, որ բազմաթիվ խնդիրներ չասեր։ Դուք այդ քննարկումից հետո նույն նախագիծն եք բերել առանց ոչ մի փոփոխության, և ասում եք, քննարկում»։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ լսումները արդյունք չեն տվել։ Բացատրում է՝ դեռ առաջին ընթերցումն է քննարկվում հանձնաժողովում․

«Մենք փոխում ենք ընդհանուր տրամաբանությունը։ ԱԱՀ հարկման դաշտ տանելու փոխարեն թողնում ենք շրջանառության հարկման դաշտում։ Փոխարենը ԱԱՀ վճարող այն տնտեսվարողը, որը իրենցից ծառայություն ձեռք կբերի, չի կարողանա ծախսագրել այդ ծառայության արժեքը։ Եկեք ընդունեք, որ մեր ու ձեր ասած տրամաբանությունը համընկնում է»։

Փաստաբանների մասով նորից կքննարկեն, բայց բոլոր փոքր տնտեսվարողներին, որոնք մտահոգված էին, բանավոր պաշտոնական խոստում տրվեց։ Առաջինից երկրորդ ընթերցում դեռ հստակեցումներ կանեն։

Կարդացեք նաև

Back to top button