
Հանրապետության ավտոճանապարհները 2012-ից հսկվում են արագաչափների միջոցով, որոնց լինել-չլինելն այս տարիների ընթացքում բազմաթիվ քննարկումների հիմք է դարձել։ Տարիներ առաջ դրանք վերացնելու խոստում էր տվել նաև այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնավարման 6-րդ տարում նա առաջարկում է քննարկումները բերել համապետական մակարդակի՝ կազմակերպելով հանրաքվե և առաջնորդվել մեծամասնության ցանկությամբ։
«Արագաչափները դնելուց հետո ոչ մի տարբերություն չկա, ավելի վատ, որովհետև մինչև արագաչափը վարորդը տեղը գիտի, դանդաղեցնում է արագությունը, արագաչափից հետո ոտը դնում է գազին»։
Ընդունեք սա որպես անկեղծ խոստովանություն վարորդից։ Մայրաքաղաքում մի քանի րոպե հարցուփորձի արդյունքում մի քանի վարորդ ձեզ կասի՝ արագաչափների առկայությունը գուցե վատ չէ, բայց օգտակար էլ չէ․
«Մի արագաչափը անցնում են, նորից արագացնում են, իրենց նախկին արագությանն են հասնում։ Կարող են 500 մետրի վրա կամ մի կիլոմետրի վրա դնեն»։
«Հիմա դուրս ես գալիս, ենթադրենք, Եղեգնաձոր ես գնում կամ Վայք, կամ Սևանի կողմ ես գնում․ 5 րոպեն մեկ` արագաչափ, 5 րոպեում` 1 արագաչափ․ ամեն գյուղում դրված է։ Մինչև մեքենան ուզում ես մի քիչ արագ քշել, արդեն արագաչափի ես հասնում։ Էդ կողմից լավ չի, բայց քաղաքումոր դրած է, լավ է, ինչի՞ չէ, լավ է»։
2012-ին առաջին անգամ տեղադրված արագաչափների անօգուտ լինելու մասին դեռ 2015-ին հայտնում էր այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում Փաշինյանը ներկայացրել էր ճանապարահատրանսպորտային պատահարների, մահվան ելքով վթարների, խախտումների կտրուկ աճ․
«Փոխարենը մենք ունենք հսկայական «առաջընթաց» տուգանքների վճարման, կամ դրամական տուգանքների մասով և, եթե 2011 թ.–ին Հայաստանի վարորդներին նշանակվել է 2 925 153 000 դրամի տուգանք, 2014 թ.–ին, ուշադրություն դարձրեք՝ 13 214 009 000 դրամի տուգանք, այսինքն` տուգանքների աճը կազմել է, ուշադրություն դարձրեք, 351 %:
Սա ընդամենը նոր հարկատեսակ է, որ դրված է Հայաստանի քաղաքացիների ուսերին, ուղղակի հարկատեսակ է, որովհետև ոչ մի խնդիր չի լուծում»։
Նույն հայտնի ելույթում Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի միանշանակ դիրքորոշում՝ արագաչափները պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։ Այսօր արդեն 9 տարի անց, ըստ Փաշինյանի, կուսակցության ներսում միանշանակ որոշում չկա․
«Ես նկատեցի, որ հանրության շրջանում որոշակի հոռետեսություն կա այս խնդրի վերաբերյալ, ահավոր մեծ թիվ էին կազմում էն դեպքերը, երբ բնակիչները, հատկապես տատիկներն ու մայրիկները, խնդրում էին, ասում էին՝ էս մեր փողոցում մի հատ արագաչափ դրեք, ես ասում էի՝ ինչի՞ արագաչափ դնենք։ Մարդիկ ասում էին, որ մտավախություն ունենք՝ երեխեքը և այլն, և որ արագաչափ դնեք, էստեղ ավելի լավ կլինի։ 2018-ին համաձայնության կառավարություն էր, մի քանի կուսակցություններ էին ներգրավված, և նրանք էլ որոշակի հոռետեսություն ունեին էդ թեմայով, և էսօրվա քաղաքական թիմում էլ էնպես չի, որ դրա վերաբերյալ միանշանակ կարծիք է»։
Այսպիսով, վարչապետն առաջարկում է հանրաքվե կազմակերպել, լսել հասարակության կարծիքն ու ի նկատի ունենալ մեծամասնության ցանկությունը։ Սակայն կառավարությունը այս հարցի շուրջ հանրաքվե կազմակերպելու լիազորություն չունի։ Դա կարող են անել արագաչափները հանելու կողմնակիցները․
«Ես ինքս կաջակցեմ այդ խմբին, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք` արագաչափները հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել Ազգային Ժողով, բայց մենք էս գլխից կպայմանավորվենք նաև իրենց հետ՝ եթե իրենք 50000 ստորագրություն հավաքեցին, կգա Ազգային Ժողով, Ազգային Ժողովը դեմ կքվեարկի, որից հետո մենք կանցնենք 300 000 ստորագրության, և եթե հաջողվի` 300 000 ստորագրություն հավաքվի․․․ ես ինքս էս պրոցեսին կաջակցեմ կազմակերպչական մասով, բայց իմ դիրքորոշումը ես չեմ քարոզի ոչ «Այո»-ի, ոչ «Ոչ»-ի օգտին»։
Եթե արագաչափները հանելու վերաբերյալ հանրաքվեն իրականանա, Երևանյան ավտոդպրոցներից մեկի տնօրեն Արտաշես Ստեփանյանը միանշանակ կողմ կքվեարկի։ Սակայն ասում է՝ իր ցանկությունը ոչ այնքան արագաչափները հանելն է, որքան դրանք հսկող տեսախցիկներով փոխարինելը․
«Ուրիշ բան են տեսահսկման այլ միջոցներ, օրինակ՝ խաչմերուկների տեսանկարահանող սարքերը, որոնք բավականին կանոնակարգում են երթևեկությունը ու գոնե ստիպում են, որպեսզի մարդիկ գծերի մեջ մնան,
դուրս չգան խաչմերուկ։ Եթե ցանկանում է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազեցնել, պետք է ճանապարհներին ունենալ տեսահսկման համակարգեր, մայրուղիների վրա երկար տարածություն դիտարկվող տարածքներում, որոնք, երբ ֆիքսեն ինչ-որ վարորդի անկանոն երթևեկություն, նախնական վտանգ, հրաման ուղարկեն տարածքում ծառայություն իրականացնող պարեկային խմբին, մոտենան, կանգնեցնեն մեքենան, ստուգեն փաստաթղթերը, վարորդի սթափությունը, և եթե ամեն ինչ նորմալ է` թույլ տան երթևեկել»։
2022-ին հանրապետությունում 4300-ից ավելի վթար է գրանցվել, 2023-ին՝ 4600-ից մի փոքր ավելի։ Անցած տարի միայն ավտովթարներից 378 մարդ է զոհվել, 2022-ին մահերի թիվը 57-ով պակաս է եղել։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում գրեթե 1000 ՃՏՊ է գրանցվել ու 72 մարդ մահացել։




