
1990․ ապրիլ 14- վթար, բազմաթիվ թունավորվածներ։
1996․ մայիս 14- պայթյուն, մեկ մահ։
2006․ սեպտեմբեր 23- պայթյուն, 7 վիրավոր։
Նոյեմբեր 12 և դեկտեմբերի 24- հրդեհներ։
2009․ մայիս 14- 2 պայթյուն, 4 մահ։
2017․ օգոստոս 28- պայթյուն և հրդեհ։
Սա «Նաիրիտ» գործարանում պատահարների վիճակագրությունն է։ Տարիներ շարունակ գործարանի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարման հարցերը եղել են քննարկման առարկա՝ այս վիճակագրության աճը բացառելու համար։ Վերջին քննարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։
ՆԳՆ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ Բանկն ուսումնասիրել է ու մատնանշել առաջնահերթությունները։ Կա հավանականություն, որ կառույցը կաջակցի Հայաստանին մոբիլիզացնելու ուժերը, իրականացնելու իրավիճակի փորձագիտական վերլուծություն և այլն։ Քննարկման մանրամասների և իրավիճակը վերահսկելու համար այս պահին գործադրվող ջանքերի մասին, սակայն, ՆԳՆ-ից տեղեկություն ստանալ չհաջողվեց։
Գործարանում այժմ կատարվող աշխատանքների մասին «Ռադիոլուրին» «Նաիրիտ» գործարանի կառավարիչ Մուրադ Պետրոսյանը պատմեց․
«Ես 2 բառով կարամ ասեմ․ ունենք քիմիական նյութեր, որոնք պահպանվում են, ունենք նաև վնասազերծման ենթակա սարքավորումներ, որոնք էլի մեր կողմից պահպանման ռեժիմի տակ են»։
Ռիսկերը շատ են՝ ասում է Պետրոսյանը։ Ամենածանրակշիռը եղել ու շարունակում է մնալ լաքէթինոլը, որը նյութերի խառնուրդ է՝ ձեռնարկության գործունեության թափոնների արդյունքը, թերևս ամենավտանգավորը աշխարհում․
— Հրդեհապայթյունավտանգ նյութ է։ Ամեն մի քիմիական նյութը ունի իր ֆորմուլան, նաև ունենք քիմիական նյութերի խառնուրդ։
— Իսկ ի՞նչ ծավալի նյութի մասին է խոսքը։
— Շատ է, 1 տոննա չէ, 10-20 տոննա չէ։ Շատ է։ Իր վտանգն այն է, որ թթվածինը ներթափանցելուց տեղի է ունենում ռեակցիա, և էդ ժամանակ կարա այրում բռնկվի։
Այս ռիսկը կառավարելու համար գործարանում լաքէթինոլը հատուկ պայմաններում է պահպանվում։ Արտադրվում է մաքուր ազոտ, որի ճնշման տակ էլ պահվում են դրա տարաները․ այդպես բացառվում է թթվածնի հետ շփումը։

Ուղիղ 2 տարի առաջ այս նյութի հետ վարվելու հարցը քննարկվում էր Ազգային Ժողովում։ Այն ժամանակ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը բացատրել էր՝ ինչու է ռիսկը չեզոքացվելու փոխարեն կառավարվում․
«Ամենավտանգավոր նյութերից է աշխարհում։ Այս պահին չկա մի երկիր, որտեղ կարող են դրա ոչնչացման մեթոդները ասել։ Երբ տարաների մեջ են լցնում, 1 տարուց պետք է այրել, բայց մենք ունենք 20 տարի պահված նյութեր։ Հայաստանում առկա գիտնականներով ենք զբաղվում, էդ հարցով և տարբեր միջազգային կազմակերպությունների ենք դիմել, թե ոնց կարող ենք էդ նյութի ոչնչացումը իրականացնել»։
Հնչել էր նաև այդ նյութին որևէ այլ կիրառություն տալու առաջարկ։ Սակայն դա հնարավոր չէ, քանի որ ցանկացած հպում, ցանկացած տեղաշարժ կարող է պայթունավտնագ լինել։ Այդ ժամանակ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը խնդրին լուծում տալու համար որևէ միջոց չխնայելու պատրաստակմություն էր հայտնել․
«Մենք, ըստ էության, այդ մասով գումարներ խնայելու իրավունք չունենք, և էդ հարցը պետք է արագ լուծել, էսպես թե էնպես, մենք հսկայական գումար ենք, ուղղակի հենց էդպես տալիս, որ ընդամենը պայթյուն չլինի։ Այսինքն, մենք հսկայական ջանք ենք գործադրում, որպեսզի ռիսկը չառաջանա։ Հիմա ես կարծում եմ, որ դրա վերացումը շատ կարևոր է, և ուղղակի պետք է, եթե անհրաժեշտ է անգամ միջազգային գիտնականների խումբ հրավիրել, ներառել ավելի այլ գիտական կենտրոնների, որպեսզի էդ հարցը հնարավորինս արագ լուծվի»։

Խնդիրը դեռ չի լուծվել, գիտնականների փնտրտուքները արդյունք չեն տվել։ Այս պահին տոննաներ կշռող ռիսկը 150 աշխատակցի հսկողության տակ է։
Հիշեցնենք՝ 2016թ. առաջին կեսին «Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցները, այդ թվում` ղեկավարությունը, ծանուցագրեր ստացան աշխատանքից ազատման մասին, չնայած ավելի վաղ հայտարարվել էր, որ անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել առնվազն 460 աշխատատեղ։ 2021-ի ապրիլին իրականացված բողոքի ակցիաներով «Նաիրիտ»-ի աշխատակիցները չստացված աշխատավարձի խնդրին զուգահեռ հենց այդ հարցն էին բարձրացնում․
«Ամենամեծ խնդիրն է, մարդիկ գումար չունեն, որ գան աշխատանքի, իսկ դա ի՞նչ է նշանակում, եթե աշխատանքի չեկավ, ուրեմն անվտանգությունը չի կարող ապահովվել»։
«Նաիրիտ» գործարանը, որի աշխատողներն այս պահին նյութերի անվտանգությունը հսկող գործառույթ ունեն, իր գործունեության ամենաբեղուն շրջանում 34 տեսակ քիմիական արտադրանք էր մատակարարում Խորհրդային Միությանն ու նախկին սոցճամբարի երկրներին: Այն ապահովում էր երկրի եկամտի 40%-ը: Այժմ այն միայն Հանրապետության հրապարակից 7 կմ հեռավորության վրա գտնվող 160 հա տարածքով վտանգավոր նյութերի պահոցը է։




