ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աշխատաշուկա՝ արցախցիներին ինտերգրելու համար

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի շրջանակում կարիերայի տոնավաճառ է անցկացվել․ գխավոր շահառուները Արցախից բռնի տեղահանվածներն են, որոնք աշխատանք են փնտրում։ Տոնավաճառի նպատակն է՝ հնարավորություններ ստեղծել արցախցիների համար ծանոթանալու Հայաստանի աշխատաշուկային, տեսնելու, թե ինչ կառուցվածք ունի այն, հիմնականում ինչ գործատուներ կան, ո՞ր ոլորտները ավելի մեծ պահանջարկ ունեն։

Տաթևիկ Ազիզյանը Ստեփանակերտից է, մասնագիտությամբ լրագրող է, պրոֆեսիոնալ զումբայի մարզիչ է աշխատել։ Այժմ աշխատանք ունի, բայց ասում է՝ երկրորդ աշխատանքը համատեղությամբ չէր խանգարի։

«Այսօր եկել եմ այստեղ ծանոթանալու առաջարկվող թափուր հաստիքներին, բնակվարձերը այստեղ շատ բարձր են, այդ իսկ պատճառով չես կարող բավարարվել միայն մեկ աշխատանքով։ Զումբայի մարզիչ էի, և այստեղ կան սպորտի հետ կապված թափուր հաստիքներ։ Կարող եմ ասել, որ, եթե շատ ուզես, կարող ես ինչ-որ բան գտնել»։

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր․ Արցախ» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանն ու «Եվրասիա» միջազգային համալսարանը աշխատանքի տոնավաճառ էին կազմակերպել։ Նպատակն է՝ աջակցել Արցախից բռնի տեղահանվածներին, ինտերգրելով նրանց հայաստանյան աշխատաշուկա։ Ավելի քան 40 գործատուներ էին մասնակցում տոնավաճառին՝ ապահովագրական ընկերություններից մինչև սպասարկման ոլորտ։

Երևանի պետական համալսարանի շրջանավարտների կարիերայի կենտրոնի ղեկավար Կարինե Նազարյան․

«Անգամ ունենք գործատու ընկերներ, ովքեր մասնագիտական ու վերապատրաստման դասընթացները անցկացնում են վճարովի հիմունքներով, սակայն այսօրվա մեր մասնակից բոլոր շահառուներին այդ հնարավորությունները ընձեռվում է անվճար հիմունքներով։ Իսկ դասընթացները աշխատաշուկայի ինտեգրմանն են միտված, այսինքն՝ ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին՝ կարողություններ, հմտություններ զարգացնելուն միտված»։

«Նաիրի Ինշուրնս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Քրիստինա Իսպիրյան․

«Ունենք թափուր աշխատատեղեր՝ գրասենյակային աշխատանքներից մինչև սպասարկող հաստիքներ։ Հետաքրքրվածությունը բավականին մեծ էր։ Հետագայում արդեն կփորձենք արդյունքներից հասկանալ։ Եթե համապատասխանում են, մենք կարողանում ենք արդեն միանգամից տվյալները վերցնել կամ խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին»։

Վլադիմիր Գասպարյանն էլ տնտեսագետ է, պետական համակարգում է աշխատել։ Հիմա եկել է աշխատանք գտնելու։ Ասում է՝ հետաքրքիր առաջարկներ կան։

«Կարծում եմ նմանօրինակ աշխատաշուկաները, եթե տասը հոգու օգտակար չլինի, ապա գոնե երկուսի համար կլինի»։

Արթուր Գասպարյան․ «Սովորում եմ «Եվրասիա» միջազգային համալսարանում, իրավագության բաժին, 1-ին կուրս։ Նախնական շրջանում փորձում էի աշխատանք գտնել հիմնականում ֆիտնես ոլորտում։ Հիմնականում ուսումնասիրում եմ շուկան, տեսնեմ՝ ինչ թափուր աշխատանքներ կա։ Սա հնարավորությունն է, որ մենք բացահայտենք նոր դռներ, ստեղծենք, մեր նոր կյանքը կառուցենք այստեղ»։

Յանա Ավանեսյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր․ Արցախ» ծրագրի համակարգողն է։ Ասում է՝ այս ծրագիրը դեռ 2019-ից գործել է Արցախում, և բռնի տեղանահումից հետո որոշակի փոփոխություններով տեղափոխվել է ՀՀ։

Վերջին մեկ տարում 20-ից ավելի ուսուցման ծրագրեր են իրականացրել՝ խոհարարությունից մինչև հաշվապահություն, մարկետինգից մինչև էլեկտրիկների վերապատրաստում։Ավելի քան 800 անձ է մասնակցել այդ դասընթացներին, և աշխատանքի տոնավաճառ անցկացնելու անհրաժեշտություն կար։

«Այս մարդկանց, այսպես ասած, հրենք դեպի աշխատաշուկա, որոշեցինք մի հնարավորություն ավել տալ։ Այստեղ գործատուն և աշխատողը հանդիպում են իրար։ Պատկերացրեք 150 հազարանոց երկիրը ու գրեթե 3 միլիոնանոց երկիր։ Այսինքն՝ մարդիկ, անգամ եթե գիտելիքի և հմտությունների համար պատրաստ են աշխատանքին, կա վախ, քանի որ ծավալներն են մեծ, և դրա համար մարդկանց պետք է ոչ միայն տարբեր վերապատրաստման և ուսուցման միջոցով վերապատրաստել, անհրաժեշտ է նաև մոտիվացնել։ Նաև հոգեբանական վախեր կա, որը խանգարում է մարդկանց շատ աշխատանքներ անել։ Օրինակ՝ մանկավարժները դժվարանում են դպրոց մտնել, քանի որ շատ հոգեբանորեն տրավմատիկ վիճակում են բռնի տեղահանումից հետո։ Նույնը շատ այլ մասնագիտությունների մարդկանց համար է։ Բայց մեկ տարի անց կարող եմ ասել, որ մարդիկ ավելի պատրաստ են մտնել աշխատաշուկա, քան, օրինակ, մեկ տարի առաջ»։

Կարիերայի տոնավաճառներ նախատեսվում է կազմակերպել նաև Աբովյանում և Իջևանում։

Կարդացեք նաև

Back to top button