Փաստաբանների պալատն ու մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով նրա աջակցությունը։ Նրանց մտահոգության առարկան Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են։ Կառավարության առաջարկած ու հաստատած փոփոխություններով գործունեության մի շարք տեսակներ, այդ թվում իրավաբանական ու փաստաբանական ծառայությունները, շրջանառության հարկման դաշտից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ։ Նոյեմբերի 1-ին ՄԻՊ աշխատակազմը Սահմանադրական դատարան է ներկայացրել Փաստաբանների պալատի ու մի շարք հասարակական կազմակերպությունների դիմումը։
«Հարկային օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարությունը հաստատել է։ Ըստ այդմ, հունվարի 1-ից գործունեության մի շարք տեսակներ շրջանառության հարկից անցում են կատարում ԱԱՀ։ Փոփոխությունը վերաբերում է նաև իրավաբանական, փաստաբանական, նոտարական ծառայություններին։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ընդգծում է
«Ներկա փուլում կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի՝ շրջանառության հարկի համակարգի ու միկրոձեռնարկատիրության հարկի համակարգի կիրառության շրջանակի կրճատմանը։ Նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է»
Կառավարությունում կարծում են, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն, վերածվել է հարկման արտոնյալ համակարգի։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը, մեջբերելով՝ տվյալները փաստում է՝ քննարկումների ժամանակ արմատական փոփոխությունների առաջարկներ են ստացել, որպեսզի տնտեսվարողներին ավելորդ շոկի չենթարկեն։

«2022-ի տվյալներով 56 հազար շրջհարկ վճարող կա, որոնք երկու անգամ ավելի շատ են, քան ընդհանուր հարկման համակարգում գործող տնտեսվարողները։ Նրանք վճարել են հակերի 2․3 տոկոսը։ Սա ցածր ցուցանիշ է»։
Եվ ահա, Փաստաբանների պալատը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ ակնկալելով օմբուդսմենի աջակցությունը։ ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական ու կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Մերի Մանուկյանը «Ռադիոլուրին» ասում է՝ ՄԻՊ-ը, նախագծի հետ կապված իր մտահոգությունները դեռ ապրիլին էր հայտնել։ Այժմ նույն մտահոգությունները Փաստաբանների պալատն ու մի շարք հասարակական կազմակերպություններ են ներկայացրել․
«Խնդիրներ են ներկայացվում, որ այս կարգավորումների արդյունքում խախտվում են անձանց Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ դատական պաշտպանություն և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումում մենք ներկայացրել ենք նաև Փաստաբանական պալատի և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր մտահոգությունները իրենց կողմից բարձրացված բոլոր իրավունքների առնչությամբ։ Մեր կողմից ներկայացված դիրքորոշումը Սահմանադրականության հետ կապված կապվում է բացառապես դատական պաշտպանության իրավունքի և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի հետ»։
Իրավաբանական անվճար ծառայություն մատուցելու, խտրականության արգելքների, օրենքի հետադարձ ուժի հետ կապված բազմաթիվ հարցեր կան։ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը թվարկում է, նախ՝ իրավաբանական օգնության հարկը 5-6 անգամ կթանկանա։ Սա իր հերթին դժվար հասանելի է դարձնելու իրավաբանական աջակցությունը, հատկապես անապահով խավերի համար։
«Երբ որ քաղաքացին, օրինակ, գնում է փաստաբանի մոտ թեկուզ մեկ հարց տալու, փաստաբանը պարտավոր է նրանից պահանջել վճարել գոնե հարկը։ Նույնիսկ, եթե իր գումարը չպահանջի, ապա հարկը նմանատիպ ծառայությունների համար, ինչքան որ գանձվում է սովորաբար, պարտավոր է վերցնել և փոխանցել պետությանը»։
Իրավաբանն ասում է՝ անվճար իրավաբանական ծառայություն պարզապես չի կարող լինել։ Նախագիծը նաև խտրականություն է առաջացնում իրավաբանական օգնություն ստացող քաղաքացիների ու ընկերությունների՝ առևտրային կազմակերպությունների միջև․
Բացի այդ, օրենքն ընդունվելու դեպքում այն բոլոր պայմանագրերը, որոնք արդեն իսկ կնքված են շրջանառության հարկով, անցնում են ԱԱՀ հարկման դաշտ։ Հարութ Ակլունցը նշում է՝ դատական նիստերը տարիներ են տևում։
«Այն ժամանակ, երբ նա ձեզնից 100 հազար դրամ է պահանջում, 5000 դրամ հարկ պետք է վճարվեր, հիմա արդեն ավելի շատ հարկ պետք է վճարել, որը նախապես նրա համար կանխատեսելի չի եղել, այսինքն, գումարած 20000 դրամ: Իրականում գումարած 20 հազար չի, այլ գումարած 20000 ավելացված արժեքի հարկ։ Գումարած 23%, եթե անհատ ձեռնարկատերը եկամտահարկ է վճարում։ Գումարած 23 հազար, եթե ընկերությունը ՍՊԸ է և հինգ տոկոս դիվիդենտ է, այսինքն, 18 հազար տալ և հինգ տոկոս դիվիդենտի վճար։ Առնվազն 40%-ով, 35-ից 40 տոկոսով գները և հարկը այս վճարը ավելացրել են»։
Առաջարկը, ըստ փաստաբանների, խնդիրներ կառաջացնի նաև իրավաբանական օգնության հասանելիության առումով։ Փոփոխությունների հետ կապված օրերս խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել։ Բարձրացված բոլոր հարցերին կառավարության արձագանքը մեկն է՝ հարկման արդար համակարգի ձևավորումը, արտոնյալ ռեժիմից հրաժարումը։
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան․ «Մասնագիտական աշխատանք կատարող, օրինակ՝ բուժաշխատողը կամ ուսուցիչը, իր աշխատավարձից վճարում է 20% եկամտային հարկ, իսկ նույն կամ համապատասխան մասնագիտական աշխատանք կատարող, օրինակ՝ անհատ ձեռնարկատերը, հարկ չի վճարում, եթե միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում է գործում, կամ վճարում է ընդամենը 5% շրջանառության հարկ»։
Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալն այս դիտարկմանը հակադարձում են՝ որևէ գործատուի մոտ աշխատանք կատարողը Աշխատանքային օրենսգրքով պաշտպանված է, նրան անհիմն կերպով չեն կարող աշխատանքից ազատել, նա մեծ հաշվով ռիսկ չունի, եթե անգամ կազմակերպությունը, որտեղ ինքը աշխատում է, ձախողում է, կայուն աշխատավարձ է ստանում ամեն ամիս․
«Իսկ նրանց, ովքեր ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում (փաստաբանական գործունեությունը ոչ միայն իրավապաշտպան գործունեություն է, այլ նաև ձեռնարկատիրական), այս գործունեությունը ենթադրում է ռիսկեր։ Այսինքն, քո բիզնեսը կարող է չհաջողվել, կարող են խնդիրներ առաջանալ։ Համավարակ է, մրցակիցները կարող են ավելի լավը լինել, և բազմաթիվ ռիսկեր կան։ Բիզնեսը և վարձու աշխատանքը պարզապես չի կարելի իրար հետ համեմատել»։

ՍԴ-ից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ ուսումնասիրել են ներկայացված դիմումը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք։ Բացատրում են՝ Սահմանադիրը հստակ ամրագրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իբրև անկախ պաշտոնատար անձի սահմանադրաիրավական առաքելությունը, որի համաձայն՝ վերջինս հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, ինչպես նաև իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Սահմանադրական դատարանն արժևորում է սահմանադրական արդարադատության եղանակով մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցությունը, որը կենսագործվում է Սահմանադրական դատարան դիմելու վերջինիս վերապահված իրավասության միջոցով:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումները պետք է ուղղակիորեն բովանդակեն վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հստակ իրավական դիրքորոշումներ և պատճառաբանություններ:
Հիշատակվածը, հատկապես, կարևորվում է Սահմանադրի կողմից Սահմանադրական դատարան դիմելու առանցքային իրավասությամբ օժտված բարձր կարգավիճակ ունեցող պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ներկայացված դիմումների առումով, որոնք սույն սահմանադրաիրավական լիազորությունը պետք է ծառայեցնեն՝ ի միտն ունենալով մարդու իրավունքների և ազատությունների՝ սահմանադրական արդարադատության միջոցով պաշտպանության առաջնահերթությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Բարձր դատարան դիմող համապատասխան սուբյեկտների դիմումների հիման վրա իրականացվող վերացական վերահսկողության շրջանակներում կարևոր սահմանադրաիրավական հարցադրումների վերհանումն ու դրանց համարժեք լուծումների տրամադրումն մեծ կարևորություն է ներկայացնում սահմանադրական կարգավորումների պահպանման և օրենսդրության սահմանադրականության ապահովման հարցում:




