ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վանաձորում նոր ընտրություններ կարող են լինել. երկրի երրորդ քաղաքում ղեկավար ունենալու «թնջուկը» դեռ չի լուծվում

Վանաձորի ՏԻՄ-ում առաջացած անորոշ իրավիճակը շարունակվում է: Դատական երկարատև քաշքշուկների արդյունքում 2023-ի սեպտեմբերի մերժվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցն ու վերացվեց ավագանու վրա դրված համայնքի ղեկավար ընտրելու արգելանքը։

Ըստ ՏԻՄ օրենքի՝ պիտի հաջորդեր համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստը: Սակայն 1 տարի է՝ ավագանին այդպես էլ նիստ չի գումարել և համայնքի ղեկավար չի ընտրել: Քաղաքական ուժերն ու ավագանու մի շարք անդամներ միակ հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են համարում։  

Որ Վանաձորում նոր ընտրություններ կարող են լինել՝ օրերս հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը՝ տեսանյութով՝ ակնարկելով ներքին  պայմանավորվածությունները։ Մարուքյանն ընդգծել էր՝ 1 տարի ոչինչ չէր խանգարում Վանաձորի ավագանուն նիստ գումարել և համայնքի ղեկավար ընտրել, բայց մինչ օրս Վանաձորը չունի համայնքապետ։

Էդմոն Մարուքյան․ «Սեպտեմբեր ամսից ես ասում եմ՝ ընտրեք քաղաքապետ, ի՞նչ եք ուզում մեզնից, գնացեք, ընտրեք, մենք վեճ չունենք, և հիմա ուզում եմ վանաձորցիներին տեղեկացնել, որ մենք դիմել ենք դատարան, որ կարճի գործը։ Երբ այդ որոշումը կայացվի, Վանաձորի ավագանին պետք է հավաքվի և ընտրի քաղաքապետ։ Եթե չընտրվի քաղաքապետ, պետք է լինեն նոր ընտրություններ, ինչպես Գյումրիում։ Եթե էդ ավագանին որևէ գործարքի մեջ չկա, պետք է հավաքվեն և ընտրեն քաղաքապետ, եթե չհավաքվեցին ու չընտրեցին, ուրեմն այդտեղ մի բան կա․ հետևությունները թողնում եմ վանաձորցիներին»։

Համայնքի ղեկավար ընտրելու` ավագանու գործառույթի վրա արգելանքը դրվել էր 2021-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններից օրեր անց, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը: Ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան»-ն էլ որոշեց դատական կարգով վիճարկել ավագանու կազմում մանդատ ունենալու իր իրավունքը։ Արդյունքում, շուրջ 3 տարի ավագանին զրկված էր համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունից: 

Մարուքյանն ասաց, որ 2 շաբաթ առաջ դիմել են դատարան և հետ վերցրել իրենց հայցը, որի դեմ բողոք է ներկայացրել Վանաձորի ժամանակավոր ղեկավար Արկադի Փելեշյանի քաղաքական ուժը՝ ՀԱՍԿ խմբակցությունը՝ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ վճռի մասին պատշաճ ծանուցված չլինելու հիմքով:

Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունից պնդում են՝ երբևէ քաղաքական որևէ պայմանավորվածություն չի եղել որևէ ուժի հետ։ Ինչո՞ւ մինչ օրս ավագանու նիստ չեն նախաձեռնել հարցին ի պատասխան՝ խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը «Ռադիոլուր»-ին ասաց՝ փոքրաթիվ խմբակցությունների դեպքում դա իրատեսական չէ։ Վերահաստատեց իր պնդումը՝ լավագույն լուծումն այս պարագայում արտահերթ ընտրություններն են։

Արտավազդ Ալավերդյան. «Ես մեր անունից կարող եմ ասել՝ նիստ չկայանալու տրամաբանության մեջ ոչ մի խմբակցության՝ թե՛ «Ասլանյան» դաշինքի, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի», թե՛ ՀԱՍԿ-ի հետ ոչ մեկը չի խոսել, մեր հետ ոչ մեկը չի խոսել, ինչ-որ բան չի քննարկվել»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանն էլ ասաց՝ այս երկրում  ոչինչ չի բացառում: «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդի խոսքերը դեմագոգիա որակեց։ Ասաց՝ դեռ 3 տարի առաջ է պնդել, որ այս թնջուկը հանգուցալուծելու լավագույն ուղին նոր ընտրություններն են։ Քննադատության սլաքներն իշխող ուժին ուղղելով՝ ասաց՝ եթե իրենք ուզեին, ապա Վանաձորը վաղուց կունենար քաղաքապետ։

Վահե Դոխոյան․ «Մեր խմբակցությունը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակի պատճենը նույնպես հրապարակել ենք։ Դրանից հետո դիմել ենք  բոլոր խմբակցություններին, որ եկեք հավաքվենք, մանդատները վայր դնենք, գնանք նոր ընտրության։ Էստեղ ինչ որ մեկը վստահություն ո՞ւնի, որ հիմա էլ այլ մարդկանց չեն ձերբակալի կամ գոնե մի քանի ժամով բերման ենթարկեն, որ էդ նիստը չկայանա»:

«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանն ասում է՝ ունենք պատկեր, երբ ձգձգվող դատական գործերի բերումով շուրջ 3 տարի առկախվում է Վանաձորում ընտրովի մարմնի ձևավորումը: Այժմ էլ փաստացի ստեղծվել է իրավիճակ, երբ քաղաքական ուժերը չեն կարողանում նստել մեկ սեղանի շուրջ և համայնքի ղեկավար ընտրել: Գրիգորյանը քաղաքական պայմանավորվածության ռիսկեր է տեսնում։

«2023 թվականի սեպտեմբերից, երբ մանդատների հարցն այլևս վիճարկման ենթակա չէր,  միևնույնն է, շարունակվեց արգելանքը, ինչն իրականում շատ ակնհայտորեն արհեստական էր: Կարծում եմ, որ առնվազն պետք է ծառայողական քննություն անցկացվեր պաշտոնական դիրքի չարաշահման, էս դեպքում՝ անգործության հետ կապված, որովհետև նիստերը պետք է անցկացվեին։ Այն, որ շահագրգիռ կողմերը փոխադարձ համաձայնությամբ երևի թե չէին բողոքում, ջանքեր չէին գործադրում նիստ գումարելու, համայնքի ղեկավար ընտրելու, ակնհայտորեն քաղաքական պայմանավորվածություն էր»։

 «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանն ասում է՝ դեռ 2023-ի նոյեմբերին  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ճշտել էին՝ ենթադրո՞ւմ է Վճռաբեկ դատարանի 2023-ի սեպտեմբերի 1-ի վճիռը արգելանքի վերացում, և Վանաձորի ավագանին իրավունք ունի՞ ընտրել համայնքի ղեկավար, թե՞ պարտադիր է միջանկյալ դատական նիստի մասին որոշումը:

Նախարարությունից պատասխանել էին՝ հաշվի առնելով, որ վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, հայցի ապահովման միջոցը վերացվել է: Քոթանջյանն ասում է՝ փաստացի  դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը, օրենքի ուժով  ավագանու նիստ կարող էր գումարվել, մինչդեռ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շարունակել է պաշտոնավարել։

 Գևորգ Քոթանջյան՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ. «Ի սկզբանե մենք միտված ենք նրան, որ Վանաձորում իշխանությունը յուրացվել է դատական համակարգն օգտագործելու միջոցով։ Վանաձոր համայնքի ավագանին իրեն անգործության է մատնել, որը կարա ունենա պատճառներ, օրինակ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի դեպքում ինձ համար որոշակիորեն հասկանալի է՝ մարդը նոր է դուրս եկել կալանքից և գիտենք նաև, որ դատախազը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան և խորը առումով, եթե հիմա ինքը ինչ- որ քաղաքական գործընթացներ սկսեր, չէր բացառվում, որ կարող էր հայտնվել նորից կալանավայրում։ Եթե հիմա նայում ենք Գյումրիում զարգացումներին, գրեթե ամբողջությամբ նույն սցենարն է»:

Քաղհասարակության ներկայացուցիչները թեև ակնհայտ զուգահեռներ չեն տեսնում Գյումրու և Վանաձորի ՏԻՄ-երում ստեղծված իրավիճակում, հանրապետության 2-րդ և 3-րդ քաղաքներում ամենաուշը գարնանն արտահերթ ընտրություններ են կանխատեսում:

Կարդացեք նաև

Back to top button