ԿարևորՎերլուծական

Փոխադարձ դժգոհություններ Բաքվի ու Փարիզի միջև․ իրական նպատակներից շեղված միջազգային գագաթնաժողով Ադրբեջանում

COP-29 ի ավարտին չորս օր է մնացել։ Անցած 10 օրում հակահայկական քարոզչությունը Բաքվում այնպիսի ուժգնության է հասել, որ հակառակ ազդեցություն կարող է ունենալ Ալիևի դեմ, կարծում են փորձագետները։

Բաքուն շեղվել է կլիմայի փոփոխության կարևոր հարցերից ու զբաղված է միջազգային հանրությանը մոլորեցնելով։ Հերթական սկանդալի մասին պատմում են ամերիկացի սենատորները, որոնք լքել են Ադրբեջանը՝ ֆիզիկական բռնության չենթարկվելու համար։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման, ինչպես և սպասվում էր, գագաթնաժողովում ամենաքննարկվածն է։ COP-29 լավ առիթ է ադրբեջանական օրակարգը առաջ մղելու, միջազգային հանրությանը մոլորեցնելու և իրականությունը խեղաթյուրելու ուղղությամբ։ Սակայն հակահայկական քարոզչությունը նաև հակառակ արդյունքն է տալիս։ Միջազգային հանրությունը ականատես եղավ, թե ինչպես են ադրբեջանցի լրագրողները  պատրաստվում գրոհել ամերիկացի կոնգրեսականներին միայն այն բանի համար, որ նրանք իբր հանդգնել են դատապարտել Բաքվին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների համար, խոսել այդ երկրում  քաղբանտարկյալների գոյության ու հայ ռազմագերիների մասին։

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը գագաթնաժողովին ու վերադառնալ ԱՄՆ։  Հեռանալով Ադրբեջանից՝ նա արդեն հայտարարարել է, որ Բաքվում հարձակումների թիրախում է հայտնվել, և պնդել է՝ բանը կարող էր ֆիզիկական հարձակման հասնել, եթե չլինեին ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները։

«Եթե դեսպանատունը չպաշտպաներ ինձ, ես կհայտնվեի հիվանդանոցում։ Հստակ էր, որ նրանք ցանկանում էին հարձակվել ինձ վրա։ Վրդովեցնող և շատ խոսուն է, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և խոչընդոտել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական  քննարկումները նույնիսկ փակ դռների հետևում»։

Վերադառնալով Վաշինգտոն՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կայքէջում Փալոնը հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում նա ամենուր բախվում էր տեղական լրատվամիջոցների «թշնամական հարցերին», իսկ հյուրանոցի մոտ ցուցարարները պաստառներով և վանկարկումներով Ալիևի վարչակազմից պահանջում էին պատասխանատվության ենթարկել ամերիկացի բարձրաստիճան հյուրին։ Կոնգրեսականը համոզված է, որ այդ ամենը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, որպեսզի ցույց տան, որ չեն ուզում, որ կոնգրեսականները բարձրաձայնեն իրենց մտահոգությունները։ Ալիևը հրաժարավել է ընդունել ամերիկյան պատվիրակության անդամներին, Բաքվում նրանք հետապնդումների են ենթարկվել։

Կատարվածը կոծկելու համար ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են ներկայացնել, թե իբր կոնգրեսականներն իրենք են փորձել հարձակվել ցուցարարների վրա։

Ընդ որում, ոչ միայն Փալոնը, այլև ԱՄՆ պատվիրակության անդամ սենատոր Էդ Մարքին է հայտարարում, որ ոտնձգությունների է բախվել Բաքվում և ստիպված է եղել խնդրել, որ իրեն թիկնապահ տրամադրեն։

Նա COP-29-ի շրջանակներում կոշտ քննադատել է ալիևյան վարչակազմին, կոչ արել ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին ու հայ ռազմագերիներին։

Սենատոր Շելդոն Ուայթհաուս․ «Կարծում եմ՝ ես և սենատոր Մարքին աջակցում  ենք Հայաստանին, երկուսս էլ: Մենք շատ ենք ցավում, որ այդքան շատ հայ է տեղահանվել։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն  են դրա մեղավորը։ Ես չեմ ուզում ինձ հյուրընկալող երկրում մարդու իրավունքների վրա կանգ առնել: Բայց, եթե դա լիներ թեման, ես շատ հաճոյախոս չէի լինի»։

COP-29-ի սկանդալներն այսքանով չեն ավարտվում։ Ֆրանսիայի, Նիդերլանդների ու ԵՄ դեմ Ալիևի ելույթից հետո Ֆրանսիայի բնապահպանության նախարար Ագնես Պանիեր-Ռունաշերը չեղարկեց այցը Բաքու։

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Բորելը խիստ հանդիմանանքի խոսքեր գրեց Բաքվի դեմ։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային կանչել են երկրի արտգործնախարարություն՝ Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների արած անընդունելի հայտարարություններից հետո։ Նշվում է, որ Ադրբեջանի դեսպանին Ֆրանսիայի ԱԳՆ-ում ասվել է, որ Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարութունն էլ Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոյին է կանչել ։ Դեսպանին է փոխանցվել Բաքվի դժգոհությունը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության կապակցությամբ, նշվել է, որ Հայաստանին զինելու և ռևանշիզմ խրախուսելու Ֆրանսիայի քայլերը վնասում են խաղաղության գործընթացին։

Քաղաքագետ Արա Պողոսյանի համոզմամբ, Բաքվի գործողությունները իր իսկ դեմ են աշխատում․ « COP-29 իր ոգու և նպատակների մեջ Բաքվում տապալված է։ Կարելի է ասել, որ ծառայում է բոլորովին այլ նպատակների համար, որոնք աղերս չունեն COP-29-ի նախապես հանրահռչակած նպատակների հետ։ Այդ պատճառով դա ազդեցություն կունենա հետագա գործընթացների վրա։ Ես կարծում եմ՝ լինելու է նախադեպային այս համաժողովների նկատմամբ վստահության իմաստով։ COP-29 շատ կասկածելի համաժողովի է վերածվել, կարելի է ասել, որ այս պահին սպասարկում է բռնապետական ռեժիմին, սպասարկում է ցեղասպանություն իրականացրած իշխանության շահերը։ Մեծ ցավ կարելի է ապրել այն իմաստով, որ COP-29 հետագա նման համաժողովների վրա ստվեր է գցելու»։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հունգարական պարբերականին տված հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ սահմանադրությունից ու պնդել, որ այն իբր խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտն է, քանի որ տարածքային հավակնություններ է պարունակում։

ՀՀ վարչապետն էլ բազմիցս շեշտել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ, սակայն պաշտոնական Երևանը նման հարց չի բարձրացնում՝ բանակցությունները փակուղի չտանելու համար, առավել ևս, որ համաձայնագրում ամրագրվում է, որ կողմերը չպետք է հիմնվեն իրենց ներքին օրենսդրության վրա:

Կարդացեք նաև

Back to top button