ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հին սպասելիքներ՝ նոր նախարարներից․ գործադիրը ձևակերպում է պահանջները

Բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներից հետո կառավարության կազմում դեռ ոչ մի նշանակում չկա։ Հանրապետության նախագահը հերթով ստորագրում է հրաժարականների դիմումները, զուգահեռ՝ պաշտոնաթող նախարարների փոխարեն քննարկվում են նոր թեկնածուների անուններ։ Թե գործադիրում, թե օրենսդիրում առայժմ սպասողական վիճակ է։

Պաշտոնազրկումների մեկօրյա «փոթորկից» հետո գործադիր իշխանության կուլիսները դեռ չեն հանդարտվել, պաշտոնյաների մոտ սպասողական վիճակ է։ Իրենց պորտֆելները պահպանած նախարարները դեռ գնահատումների մեջ զուսպ են, գուցե նաև սպասողական։ Կրթության և գիտության նախարար Ժաննա Անդրեասյանը, որի աշխատանքը թերևս ամենաշատն է հայտնվում հանրային քննադատության կիզակետում, հանգիստ է վերաբերվում հնարավոր փոփոխություններին անգամ իր պաշտոնավարման առնչությամբ։

«Ես շատ նորմալ եմ վերաբերում բոլոր նման պնդումներին։ Մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում, և հանրությունն է, որ պետք է գնահատի մեր աշխատանքի արդյունքները։ Այդ իմաստով պետական մարմնի ցանկացած աշխատող պետք է պատրաստ լինի թողնել այն պաշտոնը, որի պարագայում հանրային ակնկալիքը և ընդհանուր աշխատանքի գնահատականը բավարար չի։ Ինձ դա թվում է նորմալ պրակտիկա է։ Ես կարծում եմ, դուք չեք գտնի որևէ պետական պաշտոնյայի, որը ամբողջությամբ գոհ է իր կողմից արվող որևէ գործից։ Մենք միշտ ունենք ավելի լավ անելու խնդիր ու կարիք, ու պետք է անընդհատ բարելավենք այդ գործը»։

Օրենսդիր, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմիններով անցած Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հավաստիացնում է, որ վեց թափուր պաշտոններից որևէ մեկի համար գործադիր տեղափոխվելու առաջարկ դեռ չի ստացել։ Որպես քաղաքական թիմի անդամ պնդում է՝ Նիկոլ Փաշինյանից երբևէ հաղորդագրություն չի ստացել՝ հերքելով այդ տարբերակով որոշումներ կայացնելու պրակտիկայի մասին լուրերը։

Պաշտոնանկությունների միջոցով արտահերթ ընտրությունների պատրաստվելու  ենթադրությունները Փամբուխչյանը անհիմն է համարում։ Ըստ փոխքաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» գնում է հերթական ստանդարտ ընտրությունների։

«Պետք է նայել ընդհանուրի մեջ, ոչ թե անհատապես, թե ով ինչ նախարար է աշխատում, կամ ով ինչ հաստիք է զբաղեցնում: Ընդհանուր տրամաբանության մեջ վարչապետը ելույթ է ունեցել նախորդ կառավարության նիստին և ըստ էության իրականացրել այդ ելույթում նշած իր վճռական որոշումները: Պաշտոնակցություն է, քաղաքական պաշտոններ են, և մի մասը` ոչ քաղաքական: Պաշտոնները բոլոր ենթակա են ինչ-որ մի օր պաշտոնյա չլինելու՝ հրաժարական տալու կամ աշխատանքից ազատվելու: Ես կարծում եմ, որ սա ստանդարտ քաղաքական գործընթաց է։ Բոլոր ազատված գործընկերները նաև մտերմիկ հարաբերությունների մեջ ենք, մեր ընկերներն են իրենց հետ ճանապարհ ենք անցել, այնպես որ ավել բան այս մասով չեմ ասի»։

Սպասողական վիճակ է նաև խորհրդարանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել է, որ հոկտեմբերի 15-ին լսումների ժամանակ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցվել է կարգապահական վարույթ։ Միջադեպի մասնակից էր Քննչական կոմիտեի այժմ արդեն պաշտոնանկ նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Այդ քննարկման ժամանակ նա էր բարձրաձայնել պատգամավոր Աղազարյանի կողմից քննվող գործերին միջամտելու փորձի մասին։ Ի դեպ, Աղազարյանին հրավիրել են նաև Հակակոռուպցիոն կոմիտե։     

Այժմ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն աշխատում են ձեռնպահ մնալ իրավիճակի գնահատականից և մեկնաբանություններից։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նույնպես փորձում է շրջանցել խնդրահարույց հարցերը, թեև նշում է, որ ինքն անձամբ դժգոհություն չուներ, օրինակ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի կամ հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի աշխատանքից։

«Գալիս է ժամանակը, երբ պաշտոնյաների փոփոխություններ են իրականացնում: Ամեն պաշտոնյա իր առջև դրած առաքելությունը կատարելուց հետո, բնականաբար, փոփոխություններ իրականացվում են: Պաշտոնյաները հավերժ չեն զբաղեցնում այդ պաշտոնները, և սա նորմալ գործընթաց է»։

Հրաժարականների շքերթը, ամեն դեպքում, թարմացրեց խոսակցությունները, որ գործող  կառավարության ողջ աշխատանքի ընթացքում հանրությանը երբևէ չեն ներկայացվել ո՛չ նշանակումների, ո՛չ էլ ազատումների հիմնավորումները՝ ո՞ր արժանիքների համար են նշանակվում և ո՞ր թերացումների համար են աշխատանքից ազատվում այս կամ այն պաշտոնյաները։ Դեռևս պարզաբանումների կարիք ունեն վերջին պաշտոնանկությունները, որոնց հիմնական ոլորտը՝ տարբեր մեկնաբանություններով՝ դատաիրավական է կամ ուժային։ Բայց անգամ այս դեպքում կան հակասություններ․ եթե դժգոհությունը ընդհանուր իրավիճակից է, ապա հարցեր են առաջանում նույն համակարգում աշխատող դատախազի և ԱԱԾ պետի պաշտոնավարումների շարունակման առնչությամբ։ Որպես թիմի անդամ այս հարցի պատասխանը չունի նաև Արմեն Փամբուխչյանը․

«Դե հիմա կարող եք նշել՝ բա ինչո՞ւ ամբողջ կառավարությունը չի ազատվում»։

Թեև գործադիրում 6 ղեկավարի պորտֆել դեռ թափուր է, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն ձևավորվել են պահանջները, թե ինչ քաղաքական խնդիր է դրվելու նոր պաշտոնյաների առջև: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը մանրամասնում է․

«Առավել քան տեսանելի է, որ խնդիր է դրվելու լուծել առաջին հերթին արդարության հարցը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի Հայաստանի քաղաքացին համարի, որ ՀՀ-ում կա արդարություն, մնացածն արդեն, դրա դետալները ավելի հստակ հետագայում կասվի: Բայց բնական է, որ քաղաքական թիմ մեկ խնդիրը արդարության ապահովումն է։ Շատ հստակ է բոլորի համար, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են կկրեն օրենքով սահմանված իրենց պատիժը, բոլոր նրանք, ովքեր ապօրինի հարստացել են՝ պետությանը վերադարձնեն իրենց ապօրինի գույքը, և բոլոր նրանք, ովքեր անմեղ են, չկրեն ոչ մի պատիժ: Սա է արդարության պարզագույն բանաձևը, որը, իմ տպավորությամբ, կիսում է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը»։

Ո՞վ կփոխարինի պաշտոնանկ նախարարներին՝ քննարկումները և թեկնածուների անունները պարբերաբար թարմացվում են և փոխվում։ Նաև լուրեր են շրջանառվում, որ պաշտոնաթող նախարարներից ոչ բոլորը կհեռանան գործադիրից, հնարավոր է՝ նրանցից մի քանիսին առաջարկվեն այլ պաշտոններ։

Վարչապետի հրապարակային դժգոհություններից հետո հրաժարականների դիմումներ ներկայացրած պաշտոնյաներն, իրենց հերթին, զբաղեցրած պաշտոններից հեռանում են, իրենց իսկ բնորոշմամբ՝ հանգիստ և անխռով։

Կարդացեք նաև

Back to top button