ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ․ ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Բանակայինների աշխարհի առաջնությանը հայ անվանի մարզիկներին չընդգրկելու հետ։ Ըստ պարզաբանման՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) որևէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման և հավաքականի կազմի ընտրության հետ: Այս հարցերը ամբողջությամբ գտնվել և գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո։

«Ընթացիկ իրավիճակը, որտեղ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ, մեզ համար ևս մնում է անհասկանալի, քանի որ այդ որոշման հիմքերը չեն ներկայացվել ՀԸՖ-ին»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆեդերացիան հարկ է համարում ընդգծել, որ մեր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանը, «նույնպիսի նվիրումով են պայքարում հանուն մեր երկրի պատվի ու եռագույնի: Նրանք, լինելով ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայողներ, պարտավոր են ենթարկվել իրենց սպայական կազմի որոշումներին և ցուցումներին»։

«Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել այս մրցաշարում, սակայն ակնկալում ենք, որ մեր բոլոր ըմբիշները, անկախ իրենց փորձառությունից կամ անցած ճանապարհից, արժանապատվորեն կներկայացնեն Հայաստանը: Նրանք դուրս կգան մրցահարթակ ոչ միայն իրենց, այլ նաև Հայաստանի պատիվը բարձր պահելու համար՝ մարզիչների անմիջական աջակցությամբ։ Ինչ վերաբերում է մեր մարզիչներին, ապա նրանց դերը մեր մարզիկների կյանքի և կարիերայի մեջ անգնահատելի է։ Նրանք, ծնողի պես, տարիներ շարունակ նվիրումով կրթել են ու աջակցել իրենց սաներին՝ դարձնելով նրանց այնպիսի մարզիկներ, որոնք պատվով ներկայացնում են մեր երկիրը»,- ընդգծել է ՀԸՖ-ն ։

Ֆեդերացիան հայտարարության մեջ նշված է նաեւ, որ «այս պատասխանատու պահին մարզիչները չեն կարող միայնակ թողնել իրենց սաներին՝ անկախ ստեղծված իրավիճակից: Նրանք մշտապես եղել են ու կլինեն իրենց կողքին՝ որպես ոգեշնչման, ուղեցույցի և աջակցության անփոխարինելի աղբյուր։ Մարզիչների նվիրվածությունն ու հոգատարությունը ոչ միայն սպորտային հաջողությունների, այլև մեր ազգային արժեքների և պատվի պահպանման հիմնասյունն են»։

ՀԸՖ-ն հորդորում ենք զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են վիրավորել կամ արժեզրկել մեր մարզիկներին և մարզիչներին։ «Մեր բոլոր ըմբիշներն անում են առավելագույնը՝ կատարելով իրենց մասնագիտական պարտքը ի պատիվ Հայաստանի Հանրապետության»,- ասված է հայտարարության մեջ:

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել էր առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցին և Զվոնկո Օչիչին:

Կարդացեք նաև

Back to top button