ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մոտ չորս տոննա հավի միս է ոչնչացվել․ մանկապարտեզներում լուրջ խախտումներ են հայտնաբերվել

Երևանի քաղաքապետարանն ուժեղացրել է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի նկատմամբ։ Մայրաքաղաքի 146 մանկապարտեզներին մատակարարված 3850 կգ հավի մսի մեջ հայտնաբերվել է վնասակար բակտերիա, մսի ողջ խմբաքանակը հավաքվել է։ Ոչնչացման ենթակա է նաև 42 մանկապարտեզներում առկա 2270 կիլոգրամ սերուցքային կարագը։ Խախտումներ չեն հայտնաբերվել միայն աղի, մածունի, հացի և պանրի նմուշներում։

Երևանի 146 մանկապարտեզներում ստուգված 3850 կգ հավի մսում հայտնաբերվել է վնասակար բակտերիա։ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ լաբորատորիայի տված եզրակացության արդյունքում որոշվել է դադարեցնել մսի ողջ խմբաքանակի օգտագործումը։ Նույն լաբորատորիայում մանրէաբանական և զգայաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի 4 տեսակի փորձանմուշ և դարձյալ հայտնաբերվել են վնասակար մանրէներ, իսկ զգայաբանական ցուցանիշները՝ հոտը, համը, գույնն ընդհանրապես չեն հայմապատասխանել սահմանված չափանիշներին։

«Երևան քաղաքի 42 մանկապարտեզներում առկա էր մոտ 2270 կիլոգրամ սերուցքային կարագ։ Գործընթացի հետագա ճիշտ կազմակերպման նպատակով գրություններ են ուղարկվել Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում հետ հավաքել ապրանքի ամբողջ խմբաքանակը բոլոր մանկապարտեզներից և պահեստավորել մեկ վայրում համապատասխան ռեժիմի սառցարանում։ Ըստ ընթացակարգի՝ կձևավորվի գերատեսչական հանձնաժողով, և վերջինս որոշում կկայացնի տվյալ ապրանքի հետագա տնօրինման ուղղությամբ»։

Մատակարար կազմակերպություններին առաջարկվել է այլընտրանքային լուծումներ գտնել և նշված սննդատեսակները փոխարինել շուկայում այլ արտադրողների և ներկրողների առաջարկած պետական ստանդարտներին համպատասխանող սննդամթերքով։ Ի դեպ՝ փորձաքննության են ներկայացվել նաև մանկապարտեզներին մատակարավող աղը, մածունը, հացը, պանիրը։ Ի տարբերություն նախորդների, այս սննդատեսակները համապատասխանել են պահանջվող նորմերին։

Սննդագետ Դավիթ Պիպոյանն արձանագրում է. այն, ինչ հայտնաբերել են, դեռ չարյաց փոքրագույնն է։ Նրա կարծիքով, իրական խնդիրները ետնաբեմում են մնում։

«Փաստացի ամենակարևոր ոլորտը մնում է բաց, որովհետև, օրինակ, երեխային մատուցվող ուտելիքի պահանջներ կան, որոնք հստակ նշում են, որ չի կարելի երեխաներին տալ միայն ցորենի բարձր տեսակի ալյուրից պատրաստվող հաց: Երբ գնում ես երևանյան կամ մարզային մանկապարտեզներ, համատարած խախտումներ են։ Բոլոր երեխաներին տալիս են ցորենի բարձր տեսակի ալյուրից պատրաստվող հաց: Կամ մենյուում նշված է, որ երեխաներին պետք է տան ձուկ, գնում տեսնում ես՝ ձուկ չկա, կաթը փոխարինում են ինչով ուզում են: Եկեք ես և դուք միասին մտնենք այնտեղ, մենք մի հատ մանկական կաթնամթերք չենք գտնելու։ Այսինքն, սա մի այնպիսի բարձիթողի ոլորտ է, որ նման հատվածական ստուգումները, հավի հետ խնդիր հայտնաբերելը մեր ցավերը չի ամոքելու»։

Ըստ սննդագետի՝ քանի դեռ մանկապարտեզների վերահսկողությունը սահմանափակվում է բացառապես ստուգումների և պետական գործող ստուգաթղթերի չափանիշներով, առողջ սննդակարգի մասին խոսելն անգամ ավելորդ է։

Մանկապարտեզում տրվող սննդամթերքից դժգոհություններ ունեն նաև շատ ծնողներ։ Սոցիալական ցանցում մեր հարցմանն ի պատասխան կարծում են, որ սնունդն առողջ չէ։ Առավոտյան տալիս են շաքարավազով թեյ, ջեմ՝ դարձյալ շաքարով, նաև տապակած կոտլետներ։ Կարծում են պետք է վերանայել երեխաների ճաշացանկը և ավելի առողջ ու բազմազան սնունդ ընդգրկել։

Քաղաքապետարանից վստահեցնում են, որ 2025 թ-ին սննդամթերի գնման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար ուսումնասիրվել են մթերքի բնութագրերը, հստակեցվել սննդամթերքի քանակին և որակին առաջադրվող պահանջները։ Խստացվել է վերահսկողության մակարդակը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականն է․

«Ովքեր տարիներ շարունակ ինչ-որ տրամաբանությամբ գործել են և աշխատել, այլևս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել։ Եվ ինչպես ներկայացվեց, ամենայն հավանականությամբ, այդ աշխատանքային խումբը մի որոշում ունի կայացնելու այդ սննդի ոչնչացման վերաբերյալ։ Հաջորդ տարվանից, ուղղակի այս պահից զգուշացնում եմ, որ չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում, որովհետև ուղղակի անթույլատրելի է, որ մեր երեխաներին նմանատիպ սնունդ մատակարարվի»։

Դիմելով քաղաքապետարանի մրցույթին մասնակցող իրավաբանական անձանց, Տիգրան Ավինյանը հորդորեց՝ սննդի մատակարարման գործընթացին վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ, հակառակ դեպքում հետևանքները միայն ֆինանսական չեն լինելու։

«Եթե այս գործընթացում դուք ռիսկ եք տեսնում, որ որակով սնունդ չեք կարողանում ապահովել, ես ձեզ խորհուրդ կտամ հետ կանգնել այս գործընթացներին մասնակցելուց: Անորակ սնունդը այսուհետ միայն ոչնչացվելու է, և դրան այլընտրանք չկա»։

Նշենք, որ Երևանի մանկապարտեզներին սննդամթերք է մատակարարում ավելի քան 10 ընկերություն և անհատ ձեռներեց։

Կարդացեք նաև

Back to top button