ԿարևորՀասարակությունՄշակույթՌեպորտաժներ

Մարմնավորե՞լ մեծ պարոնին, թե՞ ոչ. դերասանն առաջարկից հետո երկար է մտածել․ «Մսյո Ազնավուրն» արդեն Երևանում է

Երևանում կայացել է ֆրանսահայ շանսոնյե, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան։ Կենսագրական ֆիլմը հեղինակել են ֆրանսիացի ռեժիսորներ Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը, գլխավոր դերում «Սեզար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի հավակնորդ, ծագումով ալժիրցի Թահիր Ռահիմն է, ով և մարմնավորում է Ազնավուրին։ Ֆիլմը յուրահատուկ ճամփորդություն է, որն սկսվում է Ազնավուրի մանկության տարիներից, անցնում երիտասարդական դեգերերումներով ու հասնում մինչև լեգենդար ճանաչմանը։  Երևանում ֆիլմը հանդիսատեսի դատին կդրվի դեկտեմբերի 5-ից։

«Մսյո Ազնավուր» ֆիլմի նկարահանումները պիտի սկսվեին 2018-ի հոկտեմբերի մեկին։ Դա հենց այն օրն էր, երբ մահացավ Շառլը։  

«Երկար ժամանակ Շառլ Ազնավուրի հետ քննարկում ու զրուցում էինք, թե ինչպիսին պիտի լինի այս ֆիլմը, բայց, ցավոք, Ազնավուրը հեռացավ կյանքից ու մենք ստիպված էինք մեծ ցավով մի կողմ դնել ֆիլմը ու ավելի ուշ անդրադառնալ դրան»։

Ֆրանսիացի ռեժիսոր Մեհդի Իդիրը պատմում է՝ Շառլը իր մի քանի ֆիլմերը դիտելուց հետո է համաձայնել կենսագրական ֆիլմի նկարահանմանը։ Ստեղծագործական թիմը 6 տարի աշխատել է՝ «Մսյո Ազնավուր»-ով պատմելու Ազնավուրի առաջին քայլերից մինչև համաշխարհային ճանաչում։

Ֆիլմի համար ամեն ինչ պատրաստ էր, մնում էր ամենաբարդը՝ գլխավոր դերակատարը։ Ռեժիսորը պատմում է՝ սկզբում կոնսերվատորիայում են փնտրել, հետո ծանոթ–ընկերների ու հայտնի դերասանների մեջ։ Նա, ում առաջարկել են պատասխանատու դերը, անակնկալի է եկել։ «Մեծ պարոնին» խաղալու «այո»-ն ասել է երկար մտածելուց հետո։

«Ես այնքան անպատրաստ էի, առաջարկը լսելու պահին, որ նույնիսկ ցանկանում էի մերժել․․․ հետո հանգստյան օրերին բազմաթիվ վավերագրական ֆիլմեր դիտեցի Ազնավուրի մասին ու անհանգստությունս, իհարկե, չվերացավ, բայց գոնե թուլացավ։ Ու արդեն չէի կարողա դիմադրել այդ գայթակղությանը ու չմարմնավորել այս մեծ պարոնի կերպարը, և ի վերջո, ես ասացի՝ այո»,-պատմում է գլխավոր դերակատարը։

Ֆիլմում լեգենդին մարմնավորում է «Սեզար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի հավակնորդ ծագումով ալժիրցի Թահիր Ռահիմը։

«Ոչ ոք իր ամենախենթ երազում անգամ  չէր կարող պատկերացնել, որ ես կարող եմ մարմնավորել աշխարհահռչակ շանսոնեին»։

Դերասան Թահիր Ռահիմ

Այս ֆիլմով հզոր մոտիվացիա է փոխանցվում՝ ասում են կինոքննադատները։ Սա պատմություն է այն մասին, որ մեծ ձեռքբերումները սկսվում են փոքր քայլերից, և թե ինչպես է հնարավոր հասնել ամենահավակնոտ նպատակներին՝ անկախ խոչընդոտներից։ «Մսյո Ազնավուրը» կարծես «Ազնավուրը Ազնավուրի մասին» ինքնակենսագրական վեպի մարմնավորումը լինի՝ Ազնավուրի մանկության տարիների դժվարությունների, չքավորության, երիտասարդ տարիների դեգերումների ու հայտնի դառնալու ուղու մասին։

«Սկզբում բոլորս մտավախություն ունեինք, թե ինչպես ենք իրականացնելու ֆիլմը, բայց հետագայում՝ 3 տարիների քրտնաջան աշխատանքից հետո, հասանք մի կետի, երբ ամեն ինչ հնարավոր դարձավ»։

Կատյան՝ Շառլի կրտսեր դուստրը, վստահ է՝ հայրն անպայման կհավաներ ֆիլմը։ Ազնավուր ընտանիքն ընթացքում օգնել է ստեղծագործական թիմին, պատմել հուշեր, փոխանցել զգացողություններ։

«Կարծում եմ, որ ֆիլմը հաջողված է։ Ռահիմը կարողացել է մարմնավորել Շառլ Ազնավուրին՝ երաժշտական տաղանդից մինչև անհատականություն ու դիմախաղ․․․ հաջողել ենք․․․»,– ասում է Նիկոլա Ազնավուրը։

1 մետր 64 սմ հասակով փոքրամարմին հսկան․ այսպես էին նկարահանման հրապարակում անվանում լեգենդար Ազնավուրին։ Ռեժիսոր ՞-ը ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո պատմում է՝ քանի որ գլխավոր դերի համար ընտրվել էր ալժիրցի դերասան, թիմի համար  կարևոր էր, որ ֆիլմում անպայման նաև հայ դերասան լինի։ Երկար փնտրելուց հետո գտան․ Հայաստանի վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը մարմնավորում է Քնարիկ Ազնավուրին՝ Շառլի մորը։  

«Ես շատ ուզում էի հենց հայերի հետ դիտել ֆիլմի սկիզբը, ես շատ էի հուզվել ֆիլմի սկզբում ու հիմա նստած նայում էի, երբ տեսա, որ ամուսինս լաց է լինում, հասկացա, որ ամեն ինչ ստացված է»,-պատմում է դերասանուհին։

Ֆիլմը ֆրանսիայում արդեն հաջողել է, կինոթատրոնները լեփ–լեցուն են։ Երևանում ֆիլմը հանդիսատեսին դատին կդրվի դեկտեմբերի 5-ից։ Մինչ այդ ֆիլմի ստեղծագործական թիմը  կփորձի ճանաչել Հայաստանը՝ մեծ հայի սիրելի հայրենիքը։

Կարդացեք նաև

Back to top button