«Ռասիա ՖԶԵ» Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված ընկերությունը և ԱՄՆ քաղաքացի Ջոզեֆ Վարկովսկին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնից պահանջում էին չեղարկել դեռևս 2023-ի հունվարին հօգուտ Հայաստանի կայացված արբիտրաժային վճիռը, որով ամբողջությամբ մերժվել էր Հայաստանից շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի Միջազգային արբիտրաժներում և օտարերկրա դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը «Ռադիոլուրի»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ հարցը վերաբերում էր դեռևս 2012-ին Հայաստանի կառավարության և «Ռասիա ՖԶԵ» ընկերության միջև կնքված 2 պայմանագրերին․
«Ներկայացրել էին այս դիմումը Ներդրումային վճռի կարգավորման միջազգային կենտրոն, որպեսզի չեղարկեին դեռևս 2023 թվականի հունվարի 20-ին հօգուտ Հայաստանի Հանրապետության կայացրած արբիտրաժային վճիռը, իսկ վճիռը ինքնին վերաբերում էր 2 պայմանագրերին, որոնք կնքվել էին դեռևս 2012-ին՝ «Ռասիա ՖԶԵ» ընկերության և Հայաստանի կառավարության միջև։ Տվյալ արբիտրաժային վարույթի շրջանակում հայցվորները վկայակոչում էին Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եղած ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին կոնվենցիոն համաձայնագրի խախտումները, ենթադրյալ խախտումները»։
Քանի որ արբիտրաժային վարույթները բողոքարկման մեխանիզմ չունեն, հայցվորները ցանկանում էին չեղարկել վճիռը։ Դա անելու համար վերջինները վկայակոչել էին «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին կոնվենցիայի» 52-րդ հոդվածով սահմանված 3 հիմնական հիմք․
«Այդ հիմքերից մեկը Տրիբունալի կողմից ենթադրաբար իր իրավասությունների շրջանակի գերազանցումն էր, 2-րդը՝ ընթացակարգային հիմնական կանոններից շեղումը, որը պնդում էին դիմորդները, և 3-րդը՝ որոշման մեջ վկայակոչում էին, որ չէին նշվել վճռի հիմքում դրված պատճառները։ Այս ամբողջից չեղարկման վարույթի համար առանցքային պնդումը այն էր, որ Տրիբունալը պայմանագրերի հիման վրա ներկայացված այդ հայցերի նկատմամբ չպետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցերի վաղեմության ժամկետները, մինչդեռ պայմանագրերը հենց կարգավորում էին հայկական իրավունքով»։
Առաջնային վարույթը, որով 2023-ին հաղթել էր Հայաստանը, նախաձեռնվել էր դեռ 2018-ի օգոստոսին՝ ասում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ավագ իրավաբան Դավիթ Խաչատրյանը, և ուշադրություն հրավիրում ներդրումային արբիտրաժային գործերի առանձնահատկություններին։ Այստեղ, բացատրում է իրավաբանը, պետությունները կարող են հանդես գալ բացառապես պատասխանողի դերում․
«Ներդրումային արբիտրաժային գործերի բնույթը այնպիսինն է, որ պետությունները բացառապես լինում են պատասխանողի դերում, որպես հայցվոր պետությունը այս համատեքստում լինել չի կարող։ Պետությունները հաղթում են, երբ չեն պարտվում։ Այսինքն՝ երբ հայցվոր կողմը չի հաղթում, ստացվում է, որ պետությունը հաղթում է, որովհետեւ տեսեք, օրինակ, երբ հայցվորը հայց է ներկայացնում միջազգային արբիտրաժ, հիմնականում պահանջում է վնասների փոխհատուցում, այսինքն՝ ինչ-որ դրամական փոխհատուցում, ի թիվս այլ հնարավոր բաների, բայց պետության կողմից սա ստացվել չի կարող»։
Կիրառելի իրավունքը, որի հիմքով հարուցվել էր արբիտրաժային գործը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ներդրումային պայմանագիրն էր, որով նախատեսվում էր երկաթուղու և արագընթաց ճանապարհի կառուցում։
«Որը նախատեսում էր, որ պետք է միացվի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ հետագայում ավելի մեծ ծրագրի մաս գուցե կազմեր, բայց այդ փուլի համար այդքանը ՝330 կամ մի փոքր պակաս՝ 331 միլիոն ԱՄՆ դոլար, այդքան էր հայցապահանջը կազմում։ Այս գործով 2023-ին Հայաստանի Հանրապետությունը չպարտվեց»։
Գոհ չլինելով այդպիսի ելքից՝ հայցվոր կողմը շարունակեց իրավական վեճը։ Խաչատրյանն ընդգծում է՝ արբիտրաժային վճռի չեղարկման հիմքերը բացառապես ընթացակարգային են․
«Այսինքն՝ ինչպես է գետնի վրա տեղի ունենում գործընթացը․ հատուկ՝ չեղարկման հանձնաժողով է ձևավորվում՝ հիմնականում 3 արբիտրից կամ մասնագետից բաղկացած, որը հենց քննում է չեղարկման դիմումը։ Գործը, ըստ էության նայել, վերանայել, վերաքննել նրանք չեն կարող, այդպիսի իրավասություն չունեն։ Նրանք ունեն միայն այդ սահմանափակ իրավասությունը, մանդատը, այդ ընթացակարգային հիմքերը քննելու և պարզելու՝ դրանք տե՞ղ են գտել, թե՞ չէ»
Չեղարկման հանձնաժողովը դատական լսումների և Հայաստանի ներկայացուցիչների դիրքորոշումները լսելու արդյունքում ամբողջապես մերժել է դիմումատուների պահանջը․
«Արդյունքում էլի կարևոր բան կա այստեղ, այդ արբիտրաժային ծախսերի հետ կապված, դիմումատուները, այսինքն՝ առաջնային վարույթում որպես հայցվոր հանդես եկողները, փաստորեն, նրանք պարտավոր են ծածկել նաև իրավաբանական ծախսերը իրավաբանական վճարները, որը այս դեպքում 382 000 դոլար է կազմում, և չմոռանանք նաեւ այն 2.8 տասնորդական միլիոն դոլարը, որոնք արբիտրաժային սկզբնական վարույթի ծախսերը, իրավաբանական ծախսերն ու վճարներն են կազմում»։
Խաչատրյանը նկատում է՝ սա բնականոն գործընթաց է, աշխարհում այս պահին 3000-4000 նմանատիպ պայմանագրեր կան, այլ հարց է՝ թե որ պետություններն են ավելի հաճախ գնում դատարան։
«Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք որպես պատասխանող հանդես չի եկել այսպիսի գործընթացում, բայց շատ-շատ պետություններ հանդես են գալիս որպես պատասխանողներ։ Այո, կան պետություններ, որոնք նկատելիորեն ավելի հաճախ են հանդես գալիս որպես պատասխանողներ։ Այսինքն՝ ներդրողները առառավել հաճախ են բողոքում նրանց դեմ, նրանց գործողությունների դեմ»։
Հայաստանն այս պահին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում 2 ընթացիկ վարույթ ունի։ Առաջինը «Սանիթեք»-ի արբիտրաժային վարույթն է, որը գրեթե ավարտված է, կողմերը սպասում են վճռին։ Երկրորդը նոր է մեկնարկել, կողմերը Տրիբունալի կարգավորման փուլում են ՝ ասում է Միջազգային արբիտրաժներում և օտարերկրա դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը։