ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

«Արդյունքի» ցավը տանեմ․ Մեսրոպ Սարիբեկյան․ «Կյանքին ասել այո՛»

Մեսրոպ Սարիբեկյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից հայրը 1992 թվականից անհետ կորած էր համարվում, որոշ ժամանակ անց գրանցեցին զոհվածների ցակում՝ ըստ օրենքի։ Սոցիալական ծանր խնդիրները 2004-ին ընտանիքին ստիպեցին բռնել  արտագաղթի ճանապարհը դեպի Ռուսաստան։ 2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, պապիկի առողջական խնդիրների պատճառով Մեսրոպը Հայաստանում էր։ Հոր վրեժը լուծելու ցանկությունը վաղուց էր մտքում, ու պատերազմն առիթ էր այն իրագործելու։ Կամավորագրվեց  ու մեկնեց Արցախ։

Կամավորական ջոկատների կազմում կռվել է հիմնականում Հադրութում, Քարինտակում, որտեղ էլ նոյեմբերի չորսին հրազենային վիրավորում է ստացել ոտքից։ Մի քանի վիրահատություն, վերականգնողական երկար շրջան Զինվորի տանը, որը Մեսրոպին օգնեց ոտքի կանգնել՝ բառի բուն ու փոխաբերական իմաստով։ Վերականգնմանը զուգահեռ Մեսրոպն այստեղ մասնագիտություն ու աշխատանք ստացավ, այժմ Զինվորի տան լուսանկարիչն է՝ սիրահարված իր մասնագիտությանը։

Զինվորի տանը գտավ ու սիրահարվեց նաև Անիին։ Հարսանիքի օրը որոշված էր՝ 2022-ի սեպտեմբերի 16-ին, բայց Ջերմուկում ծավալված ռազմական գործողությունները ստիպեցին չեղարկել հարսանիքը։ «Իմացանք, որ հարյուրից ավելի զոհ ունենք, հարսանիքի ո՛չ սիրտ կար, ո՛չ հավես։ Կնոջս առաջարկեցի պարզապես գնալ եկեղեցի, ստանալ մեր օրհնությունն ու պսակադրվել։ Այդպես էլ արեցինք»։ Այս ամենի «արդյունքը» Սոնան էր՝ առաջնեկը, որն աշխարհ եկավ 2024-ի հոկտեմբերի 7-ին։ «Արդյունքի» ցավը տանեմ»,-ասում է Մեսրոպը։ Ի դեպ, նրա շնորհիվ  ամբողջ ընտանիքը Ռուսաստանից տեղափոխվել ու հիմնավորվել է Հայաստանում։

Կարդացեք նաև

Back to top button