
Նոյեմբերի 17-ը նշվում է որպես ուսանողների միջազգային օր։ Օրվան ընդառաջ ԵՊԲՀ ուսանողները հանդիսավոր կերպով Մատենադարանին են նվիրել հայ միջնադարյան բնագետ-բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված ձեռագիրը։
Մատենադարանի բարձունքում ապագա բժիկներն են՝ սպիտակ խալաթներով կամ զինվորական համազգեստներով։ Առջևում ապագա վիրաբույժ-ստոմատոլոգ Յուրի Ազիզբեկյանն ու ռազմաբժշկության ֆակուլտետի կուրսանտ Արամ Հակոբյանն են, նրանց ձեռքերում՝ Ամիրդովլաթ Ամասիացու նշանավոր «Օգուտ բժշկության» ընդօրինակված ձեռագիրը։ Պատասխանատու, հիշարժան ու կարևոր պահ է՝ ասում է ապագա ռազմական բժիշկը։
«Ուզում եմ ասել, որ ինձ համար՝ որպես Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակառու, մեծ պատիվ է լինել այն մարդկանցից մեկը, որն այս գիրքը ձեռքին մտնում է Մատենադարան։ Մերուժան Ստեփանյանը Ապրիլյան պատերազմում զոհված տղաներից մեկն է, այդ առումով ևս մեծ պատիվ է՝ ինչ-որ կերպ կապված լինել նրա անվան հետ»։
Արամը վաղուց էր որոշել բժիշկ դառնալ, իսկ 44-օրյա պատերազմը ամրապնդեց հատկապես ռազմական բժշկությունն ընտրելու ցանկությունը։
«Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետության հիմքում կանգնած են բժիշկները, բայց 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ սպիտակ բանակի մարտիկներն իրենց առջև դրված խնդիրները կատարել են գերազանց։ Ինչ վեաբերվում է ռազմական բժիշկներին, նրանք տալիս են 2 երդում, ռազմական բժիշկը մնում է հավատարիմ մինչև վերջ իր երկու երդմանը։ Կարծում եմ՝ ամենակարևոր մասնագիտություններից մեկն է Հայաստանի համար»։

Ապագա ստոմատոլոգ Յուրի Ազիզբեկյանը նկարագրում է օրվա գլխավոր ատրիբուտը՝ «Օգուտ բժշկության» գիրքը։ Այն ոչ միայն իր ժամանակի լավագույն գիտական աշխատություններից է, այլև ներառում է միջնադարյան բժիշկների տեսակետները բժշկության տեսական և գործնական բազմաթիվ հարցերի մասին։
«Գիրքը շատ մեծ արժեք է իրենից ներկայացնում, քանի որ իր մեջ ներառում է տարբեր օրգան համակարգերի՝ սիրտ-անոթային, շնչառական, նյարդային համակարգերի հիվանդություններ, թունավորումների, բարորակ և չարորակ ուռուցքների մասին նկարագրություններ, ինչպես նաև՝ դրանց դեղորայքային և բուսական բուժման տարբերակներ»։
Մատենադարանի մուտքի մոտ ուսանողներին ողջունում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ ժամանակակից նորարար տեխնոլոգիաներին զուգահեռ երիտասարդները ծանոթանան հայկական բժշկագիտության հնագույն նմուշներին․
«Այսօր ինձ համար թերևս կրկնակի կարևոր է այստեղ լինելը, որովհետև լինելով ԿԳՄՍ ներկայացուցիչ, մի կողմից բարձրագույն կրթության ոլորտի, իսկ մյուս կողմից Մատենադարանի աշխատանքների համակարգման ուղղություններով ներգրավված լինելով, կարծես առիթ ունենք տեսնելու, թե ինչպես համագործակցությունը կարող է կրկնակի արդյունք բերել՝ թե՛ կրթությանը, թե՛ հետազոտությանը և մշակութային ժառանգությանը»։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը վստահ է՝ այս նախաձեռնությունն օրինակելի կդառնա Հայաստանի մյուս բուհերի համար․
«Ես հպարտ եմ ձեզանով, երբեք այդպես չեմ հպարտացել, ինչպես այսօր։ Երբեք այդպիսի հուսլիություն չեմ զգացել, ինչպես այսօր, դուք կարողացաք իրար հետ իրականացնել երևի թե բոլորիս չարտահայտված երազանքը և դուք արժանի ապագա եք Մատենադարանին, արժանի ապագա եք հայ ժողովրդին։ Եվ աշխարհահռչակ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» այս մասունքը Մատենադարանին նվիրաբերումը կարող է դառնալ ոչ միայն օրինակելի, այլև բարի ավանդույթ մեր այլ բուհերի ուսանողների համար»։




Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը օրվա խորհրդով Զինվորի տանը 6 ժամով ի պահ տվեց «Շուխոնց ավետարան» թղթե ձեռագիր մատյան խնդրակատարը: Արդեն Մատենադարանում ընդգծում առաջին անգամ չէ, որ արժեքավոր մասունքներ են նվիրաբերվում, բայց առաջին անգամ են դա անում հայուրավոր ապագա բժիշկներ։
«Մի քանի հարյուր ուսանող, որոնց պետք է վստահվի Հայաստանի քաղաքացիների առողջությունն ու կյանքի որակը, մտնելու են Մատենադարան, այցելելու են ցուցասրակներ, մասնակից են դառնալու հավաքածուների համալրմանը, այլ կերպ ասած՝ ճանաչելու են մեր ազգային գանձարանը։ Հենց սա է օրվա մեծ խորհուրդը։ Դուք կտեսնեք մի կառույց, որ սոսկ թանգարան ու պահոց չէ, հիշողության շտեմարան չէ միայն, այլ կենդանի օրգանիզմ, որով բոլոր ժամանակնեում եղել ենք աշխարհի արժանապատիվ անդամը և որը խորհրդանշում է առօրյա աղմուկից ու աղտեղությունից հեռու բանական Հայաստանը»։
Ընծայաբերման հանդիսավոր արարողությունից հետո Մատենադարանի սրահներում հերացիականների համար կազմակերպվեց շրջայց, ուսանողները ծանոթացան հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնի ցուցանմուշներին:




