
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ՀՀ Կառավարությունը թեկնածու է առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին:
Թեկնածուն երկար տարիներ աշխատել է էներգետիկայի ոլորտում, մասնագիտությամբ ճարտարագետ ջերմաէներգետիկ է:
Ելույթ ունենալով` Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ Կառավարությանն իր թեկնածությունն առաջադրելու համար` նշելով, որ ընտրվելու պարագայում իր ամբողջ մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը ներդնելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքը շարունակելու եւ ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար:
Թեկնածուն ներկայացրել է իր տեսլականը` հանրային ծառայությունները կարգավորող ոլորտի վերաբերյալ:
Նա պատասխանել է պատգամավորների հարցերին:
Ընկերությունների կողմից մեծ վարկեր վերցնելու և որպես ներդրումներ ներկայացնելու հետևանքով ունենք էլեկտրաէներգիայի և գազի շատ բարձր սակագներ հարցին նա պատասխանել է, որ պետք է այնպես աշխատել, որ կանխարգելվեն վատ արդյունքները:
«Տվյալ ոլորտում առկա խնդիրները պետք է նախապես գույքագրվեն, սահմանվեն առաջնահերթությունները, հասկանալ՝ որ ուղղության վրա է պետք կապիտալ ներդրումները առաջնահերթ կատարել, որպեսզի չունենանք այնպիսի իրավիճակ, որ հետո տարվա ընթացքում՝ որտեղ «անսպասելի» վթար ենք ունենում, շտապում ենք այդ ուղղության վրա փող ներդնել վիճակը կայունացնելու համար: Մոտեցումը սա է լինելու»,- ասել է Մեսրոպյանը:
Մեսրոպյանը նշել է, որ էլեկտրաէներգետիկական ոլորտից հիմնական բողոքները վթարային անջատումների հաճախականությունն է և էլեկտրաէներգիայի լարման մակարդակը:
«Այս երկու ցուցանիշն են, որ այսօր ըստ էության չեն բավարարում և՛ դիմադիրներին, և՛ ընդդիմադիրներին, որովհետև բոլորս էլ էլեկտրաէներգիայի սպառող ենք: Հաճախականության կարգավորումն էլ, անջատումներն էլ ուղիղ գծով կապվում են առաջին հերթին կատարված ներդրումների էֆեկտիվության հետ»,- ասել է նա:




