
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները Սյունիք այցի շրջանակում եղել են Սահմանապահ զորքերի ուղեկալներում:
Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները:
Պաշտպանը և ներկայացուցիչները շրջայց են կատարել ուղեկալների տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։
Առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, քննարկվել են նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նրանց բարոյահոգեբանական վիճակին, իրավունքներին, նրանց հետաքրքրող հարցերին:
Բարձրացված հարցերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկվել են հրամանատարական կազմի հետ:
Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։
Մինչև ուղեկալներ այցերը Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Սահմանապահ զորքերի տարբեր ստորաբաժանումներ այցերը կրելու են շարունակական բնույթ:




