
«Երևանավտոբուս» ընկերությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 24 միլիոն դրամով ավելի գումար է ստացել, օրական եկամուտն ավելացել է շուրջ 3 միլիոն դրամով։ Քաղաքապետարանում այս ավելացումը բացատրում են երթևեկելիս 100 դրամանոցներն ու QR կոդերը պարտադիր դարձնելու որոշմամբ։ Մինչ քաղաքային իշխանությունները մատնանշում են դրական արդյունքը, քաղաքացիները շարունակում են դժգոհել QR կոդեր կարդացող սարքերի տեխնիկական խնդիրներից ու100 դրամանոցների սակավությունից։ «Ռադիոլուրը» շրջել է Երևանում ու երևանցիների հետ երթևեկել հասարակական տրանսպորտով ու QR կոդերով։
«Неприятная мелочь»․ երևանցիներն այսպես են արտահայտվում տրանսպորտով երթևեկելու համար օդ ու ջուր դարձած 100 դրամանոցի կամ QR կոդով թղթիկների մասին։ Օրվա բանուկ ժամերին մայրաքաղաքի կանգառներում 100 դրամանոցի փնտրտուք կամ QR տոմսի հերթ է։
«Դե, այդ թղթերից եմ առել մի քանի հատ, մեկ էլ 100 դրամանոցներ եմ գտնում, դրանք եմ օգտագործում։ Բայց թուղթը մեկ–մեկ չի անցնում, ինչ–որ տեխնիկական խնդիրներ կան»։

«Ռադիոլուրի» զրուցակիցներից մեկն ամեն օր տրանսպորտով է երթևեկում, բայց «Telcell»–ից չի օգտվում։ Ասում է՝ իր տարիքի բանը չի, ընտանիքի անդամներն են օգնում, որ թղթային տարբերակով տոմսեր գնի, բայց միշտ չէ, որ կարողանում է գնած տոմսն օգտագործել։
«100 դրամ չկա, 100 դրամանոց գոյություն չունի»։
Կանգառում հանդիպած պապիկը փորձում էր իր 2 հատ 50 դրամանոցը 100-ով փոխարինել։
«Չգիտենք՝ որտեղից վերցնենք, ումից վերցնենք, խանութները չեն տալիս, առևտրի մեջ չկա, վարորդներն էլ չեն վերցնում, ջղայնանում են, բարկանում են, թե բա չունեք, մի նստեք։ Մի կերպ մտնում ենք խանութ, մի փոքր բան առնում, խնդրում, որ մի 100 դրամանոց տան»։

«Telcell»–ից ու էլեկտրոնային QR կոդերից հիմնականում երիտասարդներն են օգտվում, բայց նաև նրանք են փաստում՝ վալիդատոր սարքերը հաճախ չեն աշխատում ու երթուղային տրանսպորտ բարձրանալիս հերթեր են առաջանում։
«Մեկ–մեկ նաև չեմ վճարում, եթե չի լինում 100 դրամանոց, ստիպված անվճար եմ երթևեկում։
Հուսով եմ, որ բոլոր հարցերը կլուծեն մինչև հունվարի 1-ը, բայց ամեն դեպքում ինձ մոտ 100 դրամներ եմ պահում»։
Օրվա բանուկ ժամերին իրարանցում էր նաև մետրոյի կայարաններում։ Ուղևորների մի մասը դրամարկղի, մյուսները՝ համապատասխան սարքերի հերթում էին փորձում պահանջված QR-ը ստանալ։
«100 դրամը տալիս ենք, թուղթը տալիս է, անցնում ենք էլի»։

Որ դժգոհություններ, խնդիրներ, հաճախ էլ անսարքություններ կան, Երևանի քաղաքապետարանում գիտեն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնում երևանցիներին տրանսպորտային համակարգի անցումային փուլում համբերատար լինելու համար ու ընդգծում՝ տոմսային նոր համակարգն ամենակարևոր քայլն է որակյալ տրանսպորտ ունենալու համար։
«Այս համակարգը ուղղակի մեր քմահաճույքը չէ, դա հանրային տրանսպորտի որակի պահպանման և հետագա բարելավման միակ բանաձևն է։ Ավագանու առաջիկա նիստերին մենք անպայման քննարկելու ենք արտոնությունների փաթեթը այն մարդկանց ու մարդկանց խմբերի համար, որոնք իրապես այդ արտոնությունների կարիքը ունեն»,– ասում է Տիգրան Ավինյանը։
Պարտադիր 100 դրամանոցներով կամ QR կոդերով վճարումն անցումային տարբերակ է․ հունվարի 1-ից մայրաքաղաքում կգործի միասնական տոմսային համակարգը, քաղաքացիներին կառաջարկվեն տարբեր՝ 300-ից մինչև 90 հազար դրամ արժողությամբ օրականից մինչև տարեկան օգտագործման տոմսեր։

«Չեմ ուզում, հավես չունեմ այդ QR կոդի հետ, երբ արդեն մշտական տոմսեր լինեն, դրանցից կօգտվենք»,– ասում է քաղաքացիներից մեկը։
Կանգառում հանդիպեցինք նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ստորագրահավաք են նախաձեռնել, 6 օրվա ընթացքում ավելի քան 24 հազար երևանցի միացել է տրանսպորտի սակագնի վերանայման դեմ նախաձեռնությանը։ Քաղաքացիները նաև նոր համակարգին առնչվող դժգոհություններով են կիսվում, Մարությանն արձագանքում է՝ տեխնիկական խնդիրները գուցե լուծվեն, ամենակարևորը, սակայն, սակագնի հարցն է։
«Ցավոք, այսօր մեր տրանսպորտը բավարար վիճակում չէ․ շարժակազմը նորմալ լրացված չէ, պատահում է, որ մարդիկ 1-2 ավտոբուս բաց են թողնում։ Մի խոսքով՝ մեծ աշխատանք կա անելու մինչև կունենանք լավ տրանսպորտ, բացի դրանից՝ նոր թանկացումները նոր խնդիր են»,– ասում է Մարությանը։


Նախկին քաղաքապետի գլխավորած ուժը նաև ավագանու որոշման մեջ փոփոխություններ անելու նախագիծ է մշակել․ միասնական տոմսային համակարգում առաջարկում են 1 ուղևորության դիմաց 100 դրամ վճարելու հնարավորություն ներառել։
«Ստորագրահավաքով ցանկանում ենք ցույց տալ, որ կա հանրային պահանջ, որ 1 ուղևորությունը մնա 100 դրամ, որ իշխանությունները չասեն՝ չկա հանրային պահանջ։ Կա պահանջ, քանի որ մարդիկ միանգամից գալիս ու ստորագրում են»,– ասում է նախկին քաղաքապետը։
Քաղաքապետարանում սակագնի վերանայումը նորացված համակարգը սպասարկելու ծախսերով են հիմնավորում։ Վերջերս մայրաքաղաք են հասել նաև 171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները՝ հայտնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Սրանով տրանսպորտային շարժակազմը պատրաստ կլինի հունվարի 1-ից սպասվող փոփոխություններին ու նոր համակարգին։

«Երևան քաղաքը և մասնավորապես «Երևանավտոբուս» ընկերությունը միայն այս տարի 8.5 միլիարդ դրամ դեֆիցիտ է ունեցել՝ պայմանավորված նոր շարժակազմերով, նոր որակի տեխնիկայով և այդ տեխնիկայի սպասարկման խնդիրներով։ Սա մոտավորապես կազմում է Երևան քաղաքի ամբողջ եկամուտի 15 տոկոսը։ Երբ ասում են՝ Երևան քաղաքը պետք է սուբսիդավորի, քաղաքը, իսկապես, ահռելի չափով սուբսիդավորում է հանրային տրանսպորտը, և այս 171 ավտոբուսները, որոնք ավելանում են նույնպես էականորեն այս ծախսը ավելացնում են»,– բացատրում է քաղաքապետը։
100 դրամանոցները պարտադիր դարձնելով ու էլեկտրոնային վճարումների անցնելով՝ քաղաքային իշխանությունը նաև ստվերն է կրճատում։ «Երևանավտոբուս» ընկերության տվյալներով՝ նոյեմբերի 1-ից օրական եկամուտը 3 միլիոնով ավելացել է։ Նոր կարգավորումների շնորհիվ երևանյան տրանսպորտը սպասարկող ընկերությունը մեկ շաբաթվա ընթացքում 24 միլիոն դրամ ավելի է ստացել։
Նյութում օգտագործված լուսանկարները՝ Արուսյակ Կապուկչյանի




