
Դիվանագիտական անցած 16 գործերը ցույց տվեցին, որ մենք ոչ միայն ունենք դիվանագիտություն, այլ նաև, որ այն իր բարձունքին էր անգամ այն ժամանակ, երբ Հայաստանն ընդամենը նորանկախ մի երկիր էր՝ նոր քարտեզով, հին խնդիրներով ու չդադարող պատերազմով:
Թվում էր, թե 90-ականներին սկիզբ առած հետխորհրդային անկայունությունն ու նորանշանակ դեսպանների անփորձությունը պարարտ հող կդառնան բազմաթիվ ձախողումների համար: Բայց արի ու տես որ ոչ: ՀՀ ԱԳՆ իր ողջ ներուժով մտավ միջազգային քաղաքական ասպարեզ, դարձավ սուբյեկտ ու ամրապնդվեց որպես հաղթող բանակի շահերը ներկայացնող դիվանագիտական ծառայություն:
Մեր առաջին դիվանագետները դա արեցին անփորձության վախը կուլ տալով, անորոշության հետ ընկերանալով, պետություն կառուցելու առաքելությամբ ոգեշնչված:
Դուք ամեն շաբաթ Հանրային ռադիոյի եթերում լսել, armradio.am կայքում նաեւ կարդացել եք պատմություններ նվիրումի, անկոտրում կամքի ու անկախ ամեն ինչից հայրենիքի ապագայի հանդեպ հավատի մասին:
16 դիվանագետ Հանրային ռադիոյին պատմեցին իրենց անսպասելի նշանակումների, անձնական զգացմունքների, զրոյից դեսպանություն բացելու ու Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու պատվի մասին:
Ոլորտի լավագույնների հետ հարցազրույցները ինձ համար հարմար առիթ են եղել մի շատ կարևոր հարց ևս տալու համար. ի վերջո՝ ի՞նչ է պետք լավ դիվանագետ դառնալու համար:
Արամ Գրիգորյան, Թուրքմենստանում ՀՀ առաջին դեսպան

-Պետք է սիրել հայրենիքը՝ սա առաջին պայմանն է, որին պետք է ծառայել անմնացորդ, արդեն հետո գիտելիք, ազնվություն, սրամտություն, որովհետև նույն բանակցությունների, դժվար խոսակցությունների ժամանակ լինում են այնպիսի պահեր, որտեղ միայն հումորը կարող է փրկել և հումորով արժանի պատասխան տալ ասենք քեզ ոչ բարեկամ դիմացինիդ, որն ուզում է վիրավորել քեզ ու քո երկրին:
Վահան Բայբուրդյան, Իրանում ՀՀ առաջին դեսպան

-Լավ դիվանագետի համար պետք է կարդալ, ուսումնասիրել ու ունենալ դիվանագիտական հակումներ: Պետք է լեզուներ իմանալ, պետք է կենցաղային կուլտուրա ունենալ, շփումների կուլտուրա, հագ ու կապ:
Գագիկ Բաղդասարյան, Իտալիայում ՀՀ առաջին դեսպան

-Էս երկիրը սիրել առաջինը, առանց դրան իմաստ չունի: Պիտի գնաս զոհաբերության, մեր վիճակը այնպես չէ, որ ամեն ինչ մեր առաջ պիտի բացվի, ինչ-որ բաներ պիտի հաղթահարենք, բայց առանց Հայաստանը սիրելու, ոչ մի բան չի ստացվի, երբեք:
Արմեն Բայբուրդյան, Հնդկաստանում ՀՀ առաջին դեսպան

-Շատ քիչ է հայրենիքը սիրելու պահանջը, շատ պետք է նվիրված լինես, բայց մի ուրիշ հանգամանք էլ կա՝ մեզ համար չափազանց կարևոր է, որ հայ դիվանագետը ձևավորվի, դիվանագետի աշխարհի ընկալումը ձևավորվի առաջին հերթին հայկական չափանիշներով, հայկական շահերին համապատասխան:
Աշոտ Հովակիմյան, Լեհաստանում ՀՀ առաջին դեսպան

-Ամենակարևոր գաղափարը քո պետականության, անկախության գաղափարն է, որ դու եկել ես ոչ հասարակ, քեզ համար հաճելի ճամփորդության, դու եկել ես քո կյանքի առաքելության համար, դու եկել ես այս երկրում ՀՀ-ն ներկայացնելու համար։ Մինչ այսօր դա ամենակարևոր գաղափարն է, որով ենթադրում եմ, որ բոլորը պիտի շարժվեն: Որ ժամանակներում էլ որ լինի՝ ծանր կամ թեթև, դու ներկայացնում ես ՀՀ-ն՝ իր ինքնիշխանությունը և իր ժողովորդին, ուրիշ գաղափար չեմ էլ քննարկում, ով այդ մտքով չի գալիս պաշտոնի, դժվար է լինելու:
Արմեն Եգանյան, Էկվադորում ՀՀ առաջին դեսպան

-Էրուդիցիա, կրթություն, ընդհանուր նախապատրաստությունը, որը սկսվում է երևի մեր ծնողներից, դպրոցից: Ինչպե՞ս ես դու ներկայացնում Հայաստանը՝ արարողակարգից սկսած օդանավակայանից մինչև բովանդակային զրույց, քո ուժը բիլակների մեջ չէ, նավթային ռեսուրսների մեջ չէ, քո ունակությունների մեջ է, քո կրթվածության մեջ է և շատ կարևոր է իմանալ քո գործընկերոջ մասին, իր մշակույթի, ազգի մասին, եթե դու տիրապետում ես դաշտին, դու կարողանում ես լավագույնն անել քո երկրի համար։
Վլադիմիր Կարմիրշալյան, Դանիայում, Ֆինլանդիայում և Նորվեգիայում ՀՀ ոչ ռեզիդենտ, առաջին դեսպան

-Առաջին հերթին պետք է սիրել քո երկիրը։ Սա պարտադիր է, ինչպես նաև՝ չեմ ասում սիրել, բայց լավ վերաբերվել էն երկրին, որտեղ որ ծառայում ես, եթե դեսպան ես կամ դիվանագետ ես, պրոֆեսիոնալ գիտելիքներ, բնականաբար, փորձ, գիտեք փորձը դիվանագետի համար ինչ կարևոր է, մանավանդ դեսպանի համար շատ կարևոր է ունենալ փորձառություն, աշխատել ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ դրսում, և ես՝ որպես դիվանագետ, որն անցել է այդ բոլոր աստիճաններով, շատ եմ կարևորում, որպեսզի միանգամից չնշանակեն մարդուն դեսպան:
Վահան Տեր-Ղևոնդյան, Ֆրանսիայում Հայաստանի գործերի հավատարմատար

-Պիտի քո երկիրը սիրես, քո երկրին վերաբերվես որպես իրական հայրենիք, այլ ոչ թե մի տեղ, որին կարելի հյուրանացի կամ ժամանակավոր կացարանի վերաբերվել: Կարևորը սերն է, մնացածը սովորովի բաներ են:
Րաֆֆի Հովհաննիսյան, ՀՀ առաջին արտգործնախարար

-Քչերն էին երևակայում, երազում, որ իրենց կյանքի ընթացքում, երկգունային Խորհրդային Հայաստանի դրոշակը կվերադառնա և կվերադառնա 3 գույնի, և մենք կունենանք մեր սերնդի օրերին վերանվաճված, վերահռչակված Հայաստանի Հանրապետություն։
***
Առանց հայրենասիրության դիվանագիտական ոչ մի գործ գլուխ չի գա: Դրա վրա հենվում են ազնվությունը, ինտելեկտը, տվյալ երկրի մասին իմացությունն ու ինչու ոչ՝ նաև հումորի զգացումը: Ի վերջո գալու է մի օր, երբ պետությունները հասկանան, որ դիվանագիտությունն ավելի էժան է, քան պատերազմը: Ես կսպասեմ այդ օրվան:
Իսկ մինչ այդ, ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր լավ բան մի օր ավարտվելու բնավորություն ունի: «Դիվանագիտական գործ» հաղորդումը ևս բացառություն չէ: Այսօր մեր հաղորդման վերջին թողարկումն էր: Ափսոսում եմ, որ ժամանակի քչության պատճառով միշտ չէ, որ կարողացել եմ զրուցակիցներիս կատարած շատ աշխատանքը ներկայացնել: Բայց ամենակարևորը միտքը միշտ եմ փոխանցել՝ պատիվ է լինել պետականաշինության մասնակից:
Դիվանագիտական գործն այսօր կավարտվի՝ վաղը նոր թղթապանակ բացելու պայմանով: Ձեզ հետ Անի Պողոսյանն էր:




