Թամար Թադևոսյան․ 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Մանուկյանի տատիկն է։ Ներկայացվող նյութում սիրելի թոռնիկին կորցրած տատիկի հայացքն է, ցավն ու կորուստը։
Լևոնը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում։ Սովորել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել է թիվ 6 արհեստագործական քոլեջ։ Վարսահարդար էր ցանկանում դառնալ, բայց քոլեջը դեռ չավարտած 2019-ին զորակոչվեց բանակ։ Ծառայել է Մատաղիսում, զորացրմանը երեք ամիս էր մնացել, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Կռվել է հիմնականում Մատաղիսում, Թալիշում, զոհվել է հոկտեմբերի 14-ին Մարտակերտում։
2022-ի հունվարի 23-ին ծնվեցին Լևոնի զույգ քույրիկները՝ Լեոնան և Լիան։ Լիան ապրեց ընդամենը 24 ժամ ու միացավ եղբորը։ Լեոնան այսօր ընտանիքի, այդ թվում՝ տիկին Թամարի մխիթարությունն է։ «2021 թվականին Լևոնի մայրը երազ է տեսնում։ Երազում Լևոնը երկու ցուլիկ էր նվիրել մորը։ Բերել, դռան շեմին թողել ու ասել էր՝ վերցրու։ Երբ աղջիկս երազը պատմեց, ասացի՝ զույգ ես ունենալու, այդպես էլ եղավ։ Երբ Լեոնան այսօր տան մեջ քայլում է, ինձ թվում է՝ Լևոնս է քայլում։ Նա ինձ համար և՛ Լեոնա է, և՛ Լևոն»,-ասում է Թամար տատիկը։ Լեոնան Լևոնի միակ քույրը չէ։ Լևոնը հինգ տարեկան էր, երբ ծնվեց Թամարը, անունը եղբայրն է դրել՝ ի պատիվ սիրելի տատիկի։