ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Անձնական տվյալների պաշտպանության խախտում է»․ անվտանգ հանրային վայրեր ունենալու նպատակը չարդարացրեց մարդկանց մշտապես հետևելու միջոցը

Առանց հանրային քննարկումների խորհրդարան հասած ու առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախագիծը հետ է կանչվում՝ հանրային քննարկումների։ ՆԳՆ-ն առայժմ ձեռնպահ կմնա նախագիծը երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց։ Պատճառը՝ մասնագետների ու քաղհասարակության սուր քննադատությունն ու քննարկումներն են։ Ոստիկանությունը որոշել էր գրեթե ամենուր 24/7 ռեժիմով հետևել մարդկանց՝ այդպես ավելի անվտանգ կլինի հիմնավորմամբ։ Հունիսին ԱԺ Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հաձնաժողովում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել էր՝ երբեմն հանցագործին բռնելու ու հանցանքն ապացուցելու միակ երաշխիքը նկարահանող սարքերն են․

«Պրակտիկայում շատ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ միակ, այսպես ասեմ, հուսալի ապացույցը կլիներ տարածքի տեսահսկումը, տեսահսկման արդյունքները, որի միջոցով կկարողանայինք հետագծելիություն ապահովել պրոցեսին, բացահայտումներ իրականացնել և հանրային անվտանգության ավելի բարձր մակարդակ երաշխավորել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ շատ իրավիճակներում, հատկապես որոշակի տարածքներում, որոնց շրջակայքում կատարվում են հիմնականում հանցագործությունները, այդտեղ, որպես կանոն, մենք չենք ունենում տեսահսկման համակարգեր, և այստեղ ավելի բարդանում է իրավապահ համակարգի գործունեությունը»։

Նախագծի համահեղինակ պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանի լիագումար նիստում ասաց՝ մեկ տարի առաջ, երբ նախաձեռնում էր օրինագիծը, նպատակը միայն Երևանում՝ կայանման կարմիր գծերի տարածքներում վերահսկողությունը խստացնելն էր, բայց քննարկումներից պարզ է դարձել, որ խնդիրներն ավելի շատ են․

«Օրինակ, եթե գրավատան մոտ եղել է դանակահարություն, դրա տեսախցիկով կկարողանան պարզել դեպքը, եթե դիմի փախուստի, անցնի սուպերմարկետի կողքով, հնարավոր կլինի տեսնել՝ ինչ ճանապարհով է անցնում, և այս առումով մեր քաղաքը կդառնա ավելի անվտանգ, նաև ապացուցողական հիմքը կլինի ուժեղ»։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ և 21 դեմ ձայներով, երկրորդ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ոստիկանությունը իրական ռեժիմով տեսահսկման հասանելիություն կունենար բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձին մուտք ունեցող կազմակերպությունների, նաև՝ ուսումնական հաստատությունների, 100 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտների և 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների շենքերի մուտքերի և հարակից տարածքների, շտապօգնության մեքենաների ներքին սրահների նկատմամբ։ Տեղեկատվության անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության մասնագետները ահազանգեցին՝ նախագծով օրինականացվում է մարդկանց անձնական տվյալների հավաքագրումը, տեսախցիկները պետք է վերահսկեն շենքերի մուտքերը՝ բոլոր կողմերից 30 մետր շառավղով։ Օրինակ՝ Երևանի կենտրոնում այդ հեռավորության վրա կարող են լինել բազմաթիվ այլ վայրեր, որտեղ մարդիկ կուզեն առանց ավելորդ աչքերի լինել՝ ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը․

«Պետությունը փաստացի սկսում է անձնական տվյալների զանգվածային հավաքագրում, առաջին հարցն այն է, թե որքանով է սա համաչափ, խնդիրը նաև այն է, թե որքանով է վերահսկելի լինելու տվյալների օգտագործումը, բազմաթիվ քաղաքացիների շարժն անընդհատ վերահսկվելու է, և հստակություն չեմ տեսնում, թե ոնց է վերահսկվելու, որ չօգտագործվի այլ նպատակներով»։

Իսկ այլ, օրինակ, քաղաքական հետապնդումների, կոռուպցիայի կամ լրագրողների աղբյուրների բացահայտման նպատակներով հետապնդումների դեպքեր արդեն եղել են՝ ասում է մասնագետը։

«Առավել ևս, որ Հայաստանի պատմության մեջ ես հիշում եմ դեպքեր, երբ տեսախցիկների մասնավոր նկարահանումները ինչ-որ մարդիկ ստանում էին և հանրայնացնում, և դա երբեք իրավական հետևանքներ չի ունեցել, այսինքն, մենք ունենք արդեն այդ մեխանիզմները»։ 

Նախագծի հեղինակները, մինչդեռ, ԱԺ-ում հիմնավորում էին՝ եթե մարդը քայլում է հանրային վայրերով, ապա արդեն ենթադրվում է, որ նրա տվյալները կարող են հասանելի դառնալ այլոց։ Փոխնախարար Արփինե Սարգսյանը վստահեցնում էր՝ խնդրահարույց իրավիճակ չկա, կան մեխանիզմներ, որոնք կբացառեն անձնական տվյալների օգտագործումն այլ նպատակներով։ Այս հիմնավորմանն էլ հակադարձում է տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը՝ Հայաստանը սեփական տեսախցիկներ չի արտադրում, չունի տեղեկատվությունը փոխանցելու սեփական ցանցային սարքավորումներ․

«Քանի որ մենք փոքր շուկա ենք, չեմ կարծում, որ հնարավորություն է լինելու վերհսկելու էդ ամբողջ մատակարարման ցանցը, այսինքն՝ թե ճանապարհին, մինչև Հայաստան հասնելը, էդ սարքերի մեջ ինչ կդրվի, ու մենք արդյո՞ք ունենք տեխնիկական կարողություն՝ վերահսկելու։ Հստակ չի՝ կբացահայտե՞նք, թե՝ ոչ, վերջում ունենալու ենք ցանց, որին չենք տիրապետում, մենք չենք արտադրել, մենք չգիտենք մեջը ինչ կա և հասկանալի չի՝ ՆԳՆ-ից բացի, էլ ո՞վ դրան հասանելիություն կստանա»։

Դեռևս երկու տարի առաջ նախագծին բացասական եզրակացություն էր տվել նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։ Գործակալության այդ ժամանակվա ղեկավար Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ օրինագիծն ամբողջությամբ հակասում է տվյալների հավաքագրման ու օգտագործման օրինակնության և համաչափության կանոններին․

«Նախագծի փաթեթն ամբողջությամբ խնդիր ունի այս սկզբունքի հետ, նպատակները չափազանց ընդհանուր են, վկայակոչված են ոստիկանության ընդհանուր նպատակները՝ հանցագործությունների բացահայտման վերաբերյալ, դա մեկ, երկրորդ՝ հիմնավորման մեջ մի դեպքում նշվում է, որ տեսագրությունները չեն կարող որևէ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկություն հավաքելու նպատակ հետապնդել, ամեն դեպքում, հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞նց ես կոնկրետ հանցագործություն բացահայետելու»։

ՆԳՆ-ում այժմ շրջանառվում է նախագծի հանրային քննարկման փուլային տարբերակը։ Նախատեսվում է առաջին փուլում քննարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին նախարարությանը հասանելիություն տրամադրելու հնարավորությունը։

Կարդացեք նաև

Back to top button