ԿարևորՀասարակություն

Իրավապահները կհետևեն 24/7 ռեժիմով․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց նախագիծը

Ոստիկանությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում 24/7 ռեժիմով տեսահսկման  հասանելիություն կունենա բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձին մուտք ունեցող կազմակերպությունների, նաև՝ ուսումնական հաստատությունների, 100 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտների և 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների շենքերի մուտքերին և հարակից տարածքներին։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 67 կողմ և 21 դեմ ձայներով, ընդունել է օրենսդրական փաթեթ, որով տնտեսավարողները պարտավորվում են շինության մուտքը և հարակից տարածքներն ապահովել տեսահսկման համակարգերով։ Կարգավորումը վերաբերում է նաև շտապօգնության մեքենաների և ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների ու միկրոավտոբուսների ուղևորասրահներին։

Նախագծի համահեղինակ, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարագսյանի խոսքով՝ նախարարությունը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ մեկ տարի ուսումնասիրել է միջազգային փորձը, տեղական վիճակագրությունը և եզրակացրել՝ վարչական իրավախախտումների և հանցագործությունների մեծ մասը պատահում են հենց այս տարածքներում, ուստի՝ հանցագործությունները բացահայտելու կամ կանխարգելելու ամենաարդյունավետ միջոցը տեսահսկման 24-ժամյա համակարգ ունենալն է։

«Այն կազմակերպությունները, որոնք նախատեսված են օրենսդրական նախաձեռնության  ցանկում, պետք է ունենան համապատասխան պարամետրեր, տեսահսկման համակարգեր, և դրանց պետք է հասանելիություն ունենա «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը կկարողանա հսկել գործընթացը։ Հիմնական նպատակը հանցագործությունների կանխարգելումն է, կատարված հանցագործությունների բացահայտումը և վարչական իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը»։

Սարգսյանը շեշտում է՝ խոսքը բացառապես հանրային տարածքների մասին է, շինությունների ներսում տեսահսկաման սարքեր տեղադրելը պարտադիր չէ, իսկ հանրային վայրերով քայլելն արդեն իսկ ենթադրում է, որ մարդու ոչ իրավաչափ գործողությունները կարող են հսկվել իրավապահ համակարգի կողմից։ Նախագծի մյուս հեղինակը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, մանրամասնում է՝ մեկ տարի առաջ, երբ նախաձեռնում էր այս փոփոխությունը, նպատակը միայն Երևանում՝ կայանման կարմիր գծերի տարածքներում, վերահսկողությունը խստացնելն էր, բայց ՆԳՆ-ի հետ քննարկումներից հետո պարզ է դարձել, որ խնդիրներն ավելի շատ են։

«Օրինակ՝ եթե գրավատան մոտ եղել է դանակահարություն, դրա տեսախցիկով կկարողանան պարզել դեպքը, եթե դիմի փախուստի, անցնի սուպերմարկետի կողքով, հնարավոր կլինի տեսնել՝ ինչ ճանապարհով է անցնում, և այս առումով մեր քաղաքը կդառա ավելի անվտանգ, նաև ապացուցողական հիմքը կլինի ուժեղ»։

Հեղինակները նաև հիմնավորում են՝ առանց այս որոշման էլ մասնավոր կառույցների մեծ մասը շենքների թե՛ ներսում, թե՛ դրսում ունեն տեսահսկման սարքեր, բայց երբ հերթը հասնում է դատական մարմիններում տեսագրություններ ներկայացնելուն, սովորաբար տնտեսվարողները հրաժարվում են, եթե չկա դատարանի ուղիղ պահաջ, ինչը բարդացնում է քննչական մարմինների աշխատանքը։ Նախագծի քննարկումները խորհրդարանում ծավալվեցին առանց ընդդիմադիր պատգամավորների մասնակցության։ Քվեարկությունից հետո ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ նախագիծն աննախադեպ է մեկ այլ առումով ևս։

«Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ամբողջովին բացասական կարծիք է տվել այս նախագծին, որն առնչվում է ՀՀ ցանկացած մարդու հետ, 24 ժամ ուղիղ ռեժիմով գտնվելու է ոստիկանության հսկման տակ»։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մասնագիտական եզրակացության մեջ մասնավորապես նշել է, որ նախագծի կոնկրետ դրույթների վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացնում, քանի որ առաջարկվող մեխանիզմն ինքնին խնդրահարույց է անձնական տվյալների մշակման տեսանկյունից։ Այս կարծիքին է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը,: Նա նշում է, որ ի թիվս այլ խնդիրների՝ կա համաչափության սկզբունքի խախտման վտանգ։

«Պետությունը փաստացի սկսում է անձնական տվյալների զանգվածային հավաքագրում, առաջին հարցն այն է, թե որքանով է սա համաչափ, խնդիրը նաև այն է, թե որքանով է վերահսկելի լինելու տվյալների օգտագործումը, բազմաթիվ քաղաքացիների շարժն անընդհատ վերահսկվելու է, և հստակություն չեմ տեսնում, թե ոնց է վերահսկվելու, որ չօգտագործվի այլ նպատակներով»։

Բացի ներքին սպառնալիքներից, մասնագետը նաև արտաքին սպառնալիքներ է տեսնում, օրինակ՝ ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայությունները շատ ցանկանալու դեպքում մեր ոստիկանների պես կարող են հետևաել այդ անցուդարձին։

«Տեսախցիկները, եթե ճիշտ ձևով չեն վերահսկվում և կառավարվում, դառնում են խոցելի արտաքին ազդեցության տակ, այսինքն, կարճ ասած, նույն ադրբեջանական կամ թուրքական հաքերները կարող են հասանելիություն ստանալ և բոլոր տվյալներն ունենալ»։  

Որքանո՞վ է այս ամենը տեխնիկապես վերահսկելի և արդյո՞ք գնահատվել են ռիսկերը: Փոխնախարար Արփինե Սարգսյանը պատասխանում է՝ խնդրահարույց իրավիճակ չկա։ Վստահեցնում է՝ կան մեխանիզմներ, որոնք կբացառեն անձնական տվյալների օգտագործումն այլ նպատակներով։

Back to top button