Արտասահմանյան մամուլի հաղորդագրությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև ենթադրյալ հեռախոսազրույցի մասին իրականությանը չեն համապատասխանում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ մի խոսակցություն չի եղել»,-ասել է Կրեմլի խոսնակը, «սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, սա մաքուր հորինվածք է»:
The Washington Post-ն այսօր գրել էր, որ նոյեմբերի 7-ին ԱՄՆ նորընտիր նախագահի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ըստ աղբյուրի՝ Թրամփը Պուտինին հորդորել է չսրել իրավիճակը Ուկրաինայում։
Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը, ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսին (այդ ամիսներին Թրամփն ավարտում էր իր առաջին նախագահական ժամկետը)։ Հետագա ամիսներին այլ շփումներ են եղել․ Պուտինը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ համատեղ հայտարարություն էր տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչպես նաև հեռագիր ուղարկել Թրամփին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում Covid-ից։