Հինգշաբթի օրը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա առաջին հեռախոսազրույցն է ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հեռախոսազանգից տեղյակ իր աղբյուրներին։
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել չսրել Ուկրաինայում ընթացող պատերազմը և նրան հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։
Թրամփը «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։
Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ընտրվելու դեպքում կարող է արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում:
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից մեկ օր անց Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման ժամանակ շնորհավորել էր Թրամփին: