
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը Tasnim լրատվական գործակալության հետ զրույցում խոսել է Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգստում համագործակցելու Երևանի ցանկության, ինչպես նաև Իրանի խորհրդարանի նախագահի Հայաստան այցելության ծրագրի մասին, հայտնում է ParsToday-ին։
«Մենք շահագրգռված ենք Չաբահարում ունենալ սեփական ենթակառուցվածքը, իհարկե, իրանական կողմի առաջարկով, որպեսզի այնտեղից ապրանքներ փոխանակենք Հնդկաստանի և Չինաստանի հետ։ Իրանը նույնպես շահագրգռված է Եվրասիական երկրների հետ առևտուր անելու հարցում, և այս ցանկությունը կարող է իրագործել Հայաստանի միջոցով»,- ասել է նա։
Բաբայանը շնորհակալություն է հայտնել Իրանին, որը բոլոր մակարդակներով միշտ հայտարարել է, որ չի ընդունում Իրանի և Հայաստանի սահմանների որևէ փոփոխություն։
Նա կարծում է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ծավալը քաղաքական հարաբերությունների հետ նույն մակարդակի վրա չէ և պետք է առնվազն եռապատկվի՝ հասնելով 3 միլիարդ դոլարի։
Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահը, խոսելով Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի Հայաստան այցելելու ծրագրի մասին, ասել է․ «Հուսով եմ, որ Իրան-Հայաստան բարեկամական խումբը, որը հրավիրվել է Երևան, շուտով կայցելի։ Բայց մինչ բարեկամական խումբը, հուսով ենք, որ շուտով Հայաստանում կտեսնենք Իրանի խորհրդարանի նախագահ պարոն Ղալիբաֆին, որին հրավիրել է Հայաստանի խորհրդարանի նախագահը»։




