Գերմանիայի դատարանը նախադեպային որոշում է կայացրել՝ արցախահայերին համարելով քաղաքացիություն չունեցող։ Որոշմամբ հստակեցվում է, որ հայերը չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Միջազգային իրավունքի մասնագետներն այս որոշումը ամուր հիմք են համարում միջազգային ատյաններում դատական գործեր շահելու համար։
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը որոշում է կայացրել, որով արցախցիներին համարում է քաղաքացիություն չունեցող անձինք։ Որոշման մեջ պարզաբանվում է, որ արցախահայերը չեն կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակվելու ռիսկը։ Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Միջազգային իրավունքի մասնագետները Գերմանիայի դատարանի կայացրած որոշումն աննախադեպ են համարում և համոզված են, որ այն էական նշանակություն կարող է ունենալ միջազգային ատյաններում առկա բազմաթիվ գործերի քննության համար։ Մասնավորապես, խոսքը 2020թ 44-օրյա պատերազմից ու արցախահայության տեղահանումից հետո միջազգայի ատյաններ ներկայացված հայցերի մասին է։ Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ Գերմանիայի դատարանի այս որոշումը կարևոր է նաև քաղաքական քննարկումներում ավելի ամուր դիրքերից ներկայանալու համար՝
«Սա նախադեպային նշանակության որոշում է, և ապացուցում է, որ հայերը չեն կարող Արցախ վերադառնալ, և որ այնտեղ այդ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում: Այսինքն, այն, ինչ որ Ադրբեջանը և նրա հավատարիմ այլ պետությունները կանգնած հայտարարում են, որ ոչ մի վտանգ չկա, դա իրավական հիմնավորում է առ այն, որ կա այդ վտանգը, և դա, իհարկե, կարող է օգտագործվել այդ քաղաքական հայտարարությունների դեմ:»
Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը նույնպես կարծում է, որ այս որոշումը նախադեպային է ։
«Այս որոշումը կարող է օգտագործվել միջազգային տարբեր ատյաններում։ Ճիշտ է՝ այն ազգային դատական համակարգում ընդունված որոշում է, բայց սա խճանկարի մի մասնիկն է, որը կարելի է հետագայում ավելի մեծ ատյաններում օգտագործել՝ հայերի նկատմամբ ռասայական խտրականությունը ապացուցելու համար, ինչը շատ կարևոր ձեռքբերում և փաստագրում է» ։
Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի խոսքով՝ այս որոշումը պարզորոշ ցույց է տալիս իրական պատկերը և ամուր հիմք է մյուս երկրների կողմից համանման որոշումների կայացման, ինչպես նաև միջազգային դատական գործերում որպես հիմք ներկայացնելու համար․
«Եթե դատարանների որոշումների քանակը ավելանա, բնականաբար, մենք կունենանք այդ փաստը որպես համընդհանուր ճանաչում ունեցող փաստ։ Ադրբեջանը կարող է ասել, թե դա ընդամենը մեկ դատական որոշում է, բայց եթե ունենանք մի քանի դատական որոշումներ տարբեր երկրներում նմանատիպ որոշումներ, Ադրբեջանը, որքան էլ ասի ու պնդի իր դիրքորոշում, միևնույնն է, միջազգային հանրության համար դա արդեն ակնհայտ փաստ կլինի։ Եթե հետագայում էլ մենք մեջբերենք ավելի մեծաքանակ դատական որոշումներ, որոնք հաստատում են այս փաստը, բնականաբար մեր դիրքերը ավելի ամրացած կլինեն ընդհանուր գործի համար։ Միանշանակ, իհարկե, շատ կարևոր է, և ինչ-որ մի փուլում պետք է օգտագործվի։»
2021թ-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների մասով: Ըստ Գուրգեն Պետրոսյանի այս որոշումը կարևոր է նոյեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանում՝ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռին ընդառաջ՝ Ադրբեջանի ներկայացրած առարկություններին պատասխանելու համար։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես ստացվեց, որ Գերմանիան, չճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նման որոշում կայացրեց, Գուրգեն Պետրոսյանը հստակեցնում է, որ այդտեղ իրավական խնդիր չկա։
Նշվում է, որ արցախահայերը Ադրբեջանի քաղաքացի չեն, և չնայած Ադրբեջանի հավաստիացումներին, որ նրանք ունեն ՀՀ քաղաքացիություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վկայակոչում է Հայաստանի մոտեցումը՝ արցախցիների անձնագրերի 070 կոդը միայն ճամփորդելու հնարավորություն է տալիս։
ՆԳՆ միգացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պարզաբանում է, որ Արցախից բռնի տեղահանված հայերից քչերն են ՀՀ քաղաքացիություն ստացել ․
«Առ այսօր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 5700-ից ավելին արդեն դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ 3800-ից ավելին արդեն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ես խնդրում եմ՝ այս թվերին անդրադառնալիս հաշվի առնել այն հանգամանքը, որ անչափահասները կարիք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար դիմելու։ Ծնողների քաղաքացիություն ստանալուց հետո նրանք ուղղակի անձնագրավորվում են և դրա ուժով դառնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։»
Արցախից ավելի քան 100 հազար անձ է բռնի տեղահանվել սակայն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են քչերը, մոտ 8 հազարը։
Սա ըստ միգացիայի և քաղաքացիության ծառայության պետի գուցե պայմանավորված է որոշ սխալ պատկերացումներով՝
«Մեծ միֆ է տարածված, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալով ինչ-որ իրավունքներից անձը զրկվում է: Դա մեծ հաշվով իրականությանը չի համապատասխանում, որովհետև այն իրավունքները, որոնք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նույնիսկ մի փոքր առավել են այն իրավունքներից, որոնք ունի փախստականը մեր երկրում:»
Արմեն Ղազարյանը բացատրում է նաև, որ շատ դեպքերում արցախահայերի մոտ բացակայում են ծննդյան վկայականները ինչը կարևոր է հանգամանք է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Թեև արցախահայերի մի մասը չունի ծննդյան վկայական, սակայն այս հարցը ևս շտկվում է, որպեսզի վկայականները վերականգնվեն ու դրա հիման վրա արցախահայերը ցանկության դեպքում կարողանան ՀՀ քաղաքացիություն ստանալ։