Վերնատուն

Ազատվել գաղութային շղթաներից․ Սամվել Սաղաթելյանի արվեստի ուղերձը․ «Վերնատուն»

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանի վերջին շրջանի ստեղծագործական հետաքրքրությունների կենտրոնում մշակութային ապագաղութացումն է։

Ակտիվ ցուցահանդեսային գործունեության հիմնական ուղերձը՝ արվեստի միջոցով քաղաքական դիրքորոշում հայտնելն է հոգեբանական ու քաղաքական գաղութացման խնդիրներին, ինչն առավել հուզում է հետխորհրդային երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին։

Սամվել Սաղաթելյանն ասում է, որ հաճախ արվեստագետն է իր վրա վերցնում ազատ մարդու մասին խոսելու և ազատագրվելու պատասխանատվությունը, արվեստագետը դառնում է օրինակ՝ երկրի ու մարդու համար։ Նշում է․ ինչ որ ժամանակվանից Հայաստանի պատմությունն անընդհատ զոհաբերումների պատմություն է։

«Զոհաբերվել ենք կայսրության շահերին և դա այնքան խորն է նստած, որ մինչև չազատվենք գաղութացման շղթաներից չենք կարող հարաբերվել։ Նախևառաջ պետք է ազատվել այդ շղթաներից, որպեսզի բալանսավորվի քո երկրի քաղաքականությունը։ Իսկ դրա դրսևորման ամենալավ դաշտը ժամանակակից արվեստի դաշտն է։ Էստեղից արտահանվող ժամանակակից արվեստն իր մեջ չի կարող չկրել այդ քաղաքական կոնտեքստը, մենք դրա մեջ ենք և դրա ակտուալությունը մեր առօրյա կյանքում ակնհայտ է»,– ասում է արվեստագետը։

Latitude Art Space ցուցասրահի «Հերոսը և կանացին» ցուցահանդեսն այն մասին է, թե ինչպես երկրի համար մեծ ներդրում ունեցած մարդիկ, կանգ են առնում մի պատի առաջ, որը սոցիալական կոռուպցիան է, կեղծ հերոսականությունը, անընդհատ զիջման պրոցեսներն ու ամենակարևորը՝ սեփական իրավունքի զիջումը։ Իրավունքդ զիջելով մեծ կայսրությանը, զիջում ես անկախությունը, իսկ երբ զիջում ես անկախությունդ, նորից վերածվում ես գաղութի։

Ներքին և արտաքին ապագաղութացումն այսօրվա հրամայականն է, կարծում է արվեստագետը։ Շատ կարևոր է ազատվել կայսրության ներկայությունից ու գաղութային շղթաներից, վստահ է արվեստագետը։ Սամվել Սաղաթելյանի «Հերոսը և կանացին» ցուցադրությունը մեկ ամիս կշարունակվի Latitude Art Space– ում և Աբովյան1 հասցեում գտնվող A1 art space ցուցասրահներում։

Կարդացեք նաև

Back to top button