
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Ինչպե՞ս դասավանդել Հայոց ցեղասպանության թեման, որպեսզի նոր սերունդը չմոռանա, պահանջատեր լինի ու միեւնույն ժամանակ, ազատվի զոհի բարդույթից: Այս եւ շատ այլ նրբություններին ծանոթացել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփյուռքի շուրջ երեք տասնյակ ուսուցիչներ՝ մասնակցելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպված երկօրյա ամառային դպրոցին:
Մարի Թութելյանը ԱՄՆ -ից Հայաստան է ժամանել ամառային դպրոցին մասնակցելու համար: Նա հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդում Կալիֆորնիայի Հայ քույրերի վարժարանում: Ցեղասպանության թեման հիշատակվում է ոչ միայն ապրիլ ամսին: Գրեթե յուրաքանչյուր դասի ընթացքում անդրադառնում են այդ մեծ ողբերգությանը:
«Մշտապես կազմակերպում են միջոցառումներ, քայլարշավներ՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը և բարձրաձայնելով հայոց պահանջատիրությունը»։
Նույն վարժարանի, բայց ավելի բարձր դասարանի աշակերտներին հայոց լեզու, գրականության եւ հայոց պատմնությանյ դաբավանդող Մարո Քույումջյանի խոսքով ՝ հնարավորության դեպքում կրկին կգան ու կմասնակցեն վերապատրաստման դասընթացներին:
Զրուցեցինք նաեւ Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյանի հետ, ով, ի դեպ, ամառային դպրոցի մասնակիցների համար դասախոսություն է կարդացել: Նրա խոսքով՝ եթե մեր ուսուցիչները լավ պատրաստված են լեզվի, գրականության եւ պատմության առարկաներից, ապա Հայոց ցեղասպանության բնագավառը միշտ թերի է եղել:
«Պետք է աշակերտներից փոքրուց ծանոթացնել այդ դժվարին շրջանի՝ Ցեղասպանության հետ»:
Ավելի քան 10 տարի այս բնագավառում աշխատած մասնագետն ասում է, որ ինքն առաջնորդվում է հրեաների Հոլոքոստի դասավանդման պրակտիկայով:
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Լիլիթ Ասոյանը, ով ավելի քան 10 տարի դասավանդում է «Հայկական հարցը եւ հայոց ցեղասպանության պատմություն» առարկան եւ հեղինակ է համանուն մեթոդական ձեռնարկի, նույնպես մասնակցում էր այս դպրոցին: Միջացառումը, նրա համար ունի ինչպես գործնական, այնպես էլ բարոյահոգեբանական նշանակություն, քանի որ նա նույնպես եղեռնը վերապրած սերնդի ներկայացուցիչ է:
«Մի ամբողջ սերունդ պետք է կրթել: Պետք է ոչ միայն ավելանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկները, այլեւ ջահերով երթի մասնակիցների թիվը»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ասաց, որ թանգարան-ինստիտուտը կարևորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը:«Հայոց ցեղասպանության մատուցումը սպանվածի, կոտորվածի հոգեբանության շարադրելն ու տարածելը չէ։ Հակառակը՝ ավելի պատասխանատու, գրագետ ու հպարտ սերնդի դաստիարակումն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ցեղասպանության հիմնական նպատակը հայ ազգի ոչնչացումն էր։ Եվ մեր ազգը, լինելով ուժեղ, տոկուն, պայքարող, կարողացավ վերապրել Ցեղասպանությունը, ստեղծել պետականություն»,- ասաց Սուրեն Մանուկյանը։
Հավելենք, որ դասընթացին մասնակցել է 28 ուսուցիչ։ Ծրագիրը շարունակական կլինի, հետագայում ավելի մեծ ընդգրկում կունենա, խոստացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:




