ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անօդաչուներ՝ Կապանի երկնքում․ մրցուղի են դուրս եկել տեղական արտադրության դրոնները

Անօդաչու թռչող սարքերի ձայները նախօրեին կապանցիներին անհանգստություն են պատճառել։ Բարեբախտաբար՝ անտեղի։ Կապանի օդային տարածքում եղել են «Սյունյաց թևեր» սոպորտային-տեղեկատվական փառատոնին մասնակցող ուսումնական անօդաչուները։ Սյունեցի երիտասարդները ներկայացրել են իրենց ստեղծած ԱԹՍ-ները՝ գյուղատնտեսականից մինչև ռազմական նշանակության։

Կապանի երկնքում նախօրեին պտտվող անօդաչու թռչող սարքերը  անհանգստացրել են մարդկանց, սակայն  անհանգստանալու կարիք  չկար՝ Սյունիքի օդային սահմաններն անխախտ են։ Պարզապես Կապանի օդային տարածքում «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնի մասնակից ԱԹՍ-ներն էին։

Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան համայնքների թիմերը ներկայացել են իրենց պատրաստած սարքավորումներով։ Սիսիանի քոլեջի սաները նույնիսկ մի քանի սարք էին բերել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում տղաները նշում են՝ բավարարված են՝ իրենց սարքերը անցել են բոլոր խոչընդոտները ու չեն կորել օդում։

«Ներկայացրել ենք թևավոր ԱԹՍ-ներ, «Սու-27», «Կռիլո-16» ԱԹՍ-ներ, «Սու-27» մոդելը թռցրինք, երկուսով սինխրոն շոու ցույց տվեցինք»

Փառատոնը կազմակերպել էր «Մտքի թռիչք» հասարակական կազմակերպությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաները մտել են մեր առօրյա, իսկ ԱԹՍ ոլորտ և յուրօրինակ է պահանջվող մասնագիտական հմտությունների առւմով, և սակայն հասանելի է բոլորին՝ ասում է  կազմակերպության նախագահ Ալեն Մարտիրոսյանը․

«Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրեն թույլ տալ ունենալ սեփական ԱԹՍ սարք, ինչպես նաև պատվիրի դետալներ ու հավաքի։ Այսօր 18 խոշոր ընկերություններ արդեն արտադրում են մարդատար դրոններ։ Սա նշանակում է, որ առաջիկա մի քանի տարիներին ոլորտը շատ ավելի ընդգրկուն կդառնա՝ լուծելով մեծ խնդիրներ։ Ժամանակին համահունչ լինելու համար՝ մեզ համար շատ կարևոր էր հատկապես Սյունիքում հասանելի դարձնել ԱԹՍ վարելու թե՛ գիտելիքը, թե՛հմտությունը»։

Փառատոնի կայացմանն աջակցել է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Փառատոնի ընթացքում մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, հյուրերը  տաղավարից տաղավար են անցնում, զրուցում մասնակիցների հետ։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուսադրում է օդում կորած սարքավորումների հեղինակներին՝ կաջակցեն, որպեսզի նորը ունենան։

Ռոբերտ Ղուկասյան․ «Հիշում եմ «Մտքի թռիչք» ՀԿ-ի ու նախաձեռնողների հետ առաջին հանդիպումը, երբ քննարկեցինք մարզում հենց այս ոլորտի զարգացումը։ Եվ մեկուկես տարի հետո տեսնում ենք այն, ինչը կա, որը նշանակում է, որ այն պետք է ունենա շարունակականություն։ Այս նախաձեռնությունը կդարձնենք ամենամյա՝ մեծացնելով փառատոնի հնարավորությունները։ Այն, ինչը մենք հիմա անում ենք այստեղ, վաղը մտնելու է առօրյա կյանքի յուրաքանչյուր ոլորտ, հետևաբար, պետք է զարգանա ու տարածվի»։

Գորիսի «Անվտանգ Սյունիք» հասարակական կազմակերպության ներկայացրած տարբեր տիպի անօդաչու թռչող սարքավորումներն անխոչընդոտ անցնում են թռիչքուղու բոլոր արգելքներով՝  նույնիսկ օդում որսում փուչիկը, որը ոչ մի համայնքի անօդաչուի չհաջողվեց։ Հենց Գորիս համայնքի թիմն էլ ստացավ գլխավոր մրցանակը։ Գորիսի թիմի ներկայացուցիչ, «Բաղակաց» կրթական կենտրոնի ղեկավար Արթուր Խոջաբաղյանը կարևորում է նման ստուգատեսները՝ նախ փորձի փոխանակման, հետո՝ միմյանց ճանաչելու նպատակով։

«Կիրառությունները շատ են՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև արտակարգ վիճակներ, որոնողական աշխատանքներ և իհարկե ռազմական կիրառությունը, այսինքն այս  մարդիկ,  որ սովորում են՝  հիմնականում պատանիներ ու դեռահասներ են, հետագայում,  երբ գնան զինվորական ծառայության՝ հեշտությամբ ինտերգրվելու են համապատասխան զորքերում։ Գիտենք, որ բանակում ուզում են այս ոլորտը ներդնել, զարգացնել։ Բնականաբար, եթե նման պատրաստի ռեսուրս գնա բանակ՝ օգտակար կլինեն»։

Ստուգատեսին չէին մասնակցում մարզի 7 համայնքներից երկուսի՝ Տաթև ու Տեղ համայնքների թիմերը։ Կազմակերպիչները նշում են, որ մասնակից թիմերը փոխկապակցված են իրար հետ, միասին մի քանի փոքր մրցույթների են մասնակցել, իսկ Տեղում և Տաթևում աշխատանքները մի քիչ դանդաղ են ընթանում։ Խոստանում են հաջորդ տարի մասնակից դարձնել ոչ միայն Սյունիքի բոլոր համայնքների թիմերին, այլ նաև այլ մարզերի ներկայացուցիչներին։ Իսկ «Սյունյաց թևեր-2024»-ի հաղթող Գորիսի թիմի  ավագ Արտակ Խոջաբաղյանը հայտարարեց՝ մրցանակային 500 հազար դրամը բաշխում է մասնակից թիմերի միջև, որպեսզի զարգանան ու եկող տարի ավելի հզոր ԱԹՍ-ներով ներկայանան։

Կարդացեք նաև

Back to top button