ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հիշում եմ՝ ես երեխա, կանգնած լացում եմ, ու բոլորի տնից հերթով տանում են․ Էլլադա Դանիելյան․ «Կյանքին ասել այո՛»

Էլլադա Դանիելյանը ծնվել է 1974 թվականին Ստեփանակերտում։ Սովորել է տեղի թիվ 1 հայկական դպրոցում, որտեղ հայ երեխաներին ստիպում էին ադրբեջաներեն սովորել։ Այդ օրը դպրոցում հանձնարարություն էր ստացել՝ սովորել ու անգիր պատասխանել «Ադրբեջանն իմ հայրենիքն է» ադրբեջաներեն բանաստեղծությունը։ Տհաճ հանձնարարությունից խուսափելու համար մտածում էր անգամ դպրոց չգնալու մասին, բայց Իննային փրկեց հենց նույն օրը դպրոցի հարևանությամբ գտնվող հրապարակում պայթած 88-ի շարժումը՝ «Միանում ենք Մայր Հայաստանին» կարգախոսով։ Հետո եկան պատերազմի, դժվարությունների, բայց նաև հաղթանակի տարիները։ Էլլադան ամուսնացավ, երկու դուստր ունեցավ, կամավորագրված ամուսնու հետ անցավ նորօրյա պատերազմների միջով՝ քառօրյա, 44-օրյա․․․

«90-ականների պատերազմի ժամանակ մեր հարևանների տղաները մի խմբում էին եղել, բոլորը նույն օրը  զոհվել էին։ Հիշում եմ՝ ես երեխա, կանգնած լացում եմ, ու բոլորի տնից հերթով տանում են․․․։ Տարիներ անց այդ տղաների հարազատները նրանց անուններով իրենց զավակներին էին կոչել։ 44-օրյային էլ այս տղաներն էին զոհվել, տեսե՛ք, քանի՞ սերունդ»,-ասում է Էլլադան։ Արցախում ծնված մի քանի սերունդ մաքառեց, պայքարեց, որպեսզի հայ մնա ու հայրենիքում ապրի։ Էլլադայի տեսած վերջին պատերազմը 2023-ի սեպտեմբերին էր, երբ ինն ամիսների  շրջափակումից ու սովից հետո արցախցին ստիպված էր տալ  իր վերջին մարտն ու լքել Արցախը։

Էլլադան պատմում է․ «Վերջին օրերին սարսափելի խուճապ էր, անընդհատ լսում էինք՝ թուրքերը մտել են, թուրքերը մտել են։ Աղջիկներս մի օր եկան, թե՝ մենք գիտենք, թե ինչ են անում թուրքերը, ու որոշել ենք՝  ինքնասպանություն կգործենք, միայն թե դրանց ձեռքը չընկնենք։ Սկսել եմ համոզել՝ դա մեղք է, դժոխք կգնաք։ Ընկերուհիս էլ այդ ընթացքում ասում է՝ հարսներս դեղ են վերցել, ասել են՝ վերջին պահին կխմենք։ Այդ պայթյունն էլ մի ուրիշ դժոխք էր։ Հարևանուհուս երկու տղաները մահացել էին, երբ լուրը հայտնել  էին, հայրն էլ տեղում էր մահացել։  Միայնակ մնացած մայրը  խելագար վիճակում էր, հարազատներն էլ արդեն հեռացած՝ ճանապարհին։  Նայում ես դատարկված քաղաքին, արդեն լույս չկա, ջուր չկա, թուրքն էլ պատուհանից  երևում է»։

Հակարիի կամուրջը ջրբաժան դարձավ նաև Էլլադայի համար։ Նրա վեց հոգանոց ընտանիքն ապրում է Երևանում։ Վարձակալած բնակարան, երեք հաշմանդամ, երկու ուսանող՝ առանց աշխատանքի։ Այդուհանդերձ, Էլլադան ամեն օր արթնանում է Տիրոջն ուղղած երախտագիտության խոսքերով, որ ռմբակոծության տակ չի արթնանում, երեխաները սոված չեն, դրսում չեն։ Խնդրում է պահել  Հայաստանը՝ իր մյուս հայրենիքը, որպեսզի հույս ունենա Արցախ վերադառնալու։

Կարդացեք նաև

Back to top button