ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՄԱԿ-ի հովանու ներքո գործող աշխատանքային խումբը Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին նոր տեղեկությունները դեռ չի հրապարակում

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը շարունակում է մնալ հրատապ և կարևոր թեմա Հայաստանում՝ հատկապես Բաքվում անցկացվելիք COP29 համաժողովի նախաշեմին։ Խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 12-ին հրատապ նիստ է հրավիրում հայտարարություն անելու համար Բաքվում գտնվող բոլոր գերիների վերադարձի վերաբերյալ՝ ակնկալիքով, որ նիստի արդյունքում հայտարարություն կընդունվի։ Միաժամանակ, արդեն տեղեկություն կա, որ ՄԱԿ-ի հովանու ներքո հուլիսից գործող աշխատանքային խումբն արդեն Ադրբեջանի իշխանություններից  որոշ տեղեկություններ է ստացել բռնի անհետացած անձանց վերաբերյալ, սակայն պատասխանը հրապարակային չէ։

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած հրատապ նիստի նպատակն է՝ առաջարկել ԱԺ-ին ընդունել հայտարարություն՝ կապված  հայ գերիների վերադարձի հետ՝ ԱԺ-ում լրագրողներին փոխանցել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Ընդդիմադիր պատգամավորները պահանջելու են, որպեսզի իշխանությունները բանակցություններում բարձրացնեն ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։ Հայտարարությունն ուղղված կլինի Հայաստանի կառավարությանը, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ մանրամասնում է Մամիջանյանը։

«Խնդրի յուրաքանչյուր հասցեատիրոջ համար դրանում նախատեսված են կոչեր։ Խոսքը ԱԺ հայտարարության նախագծի մասին է, ոչ թե ընդդիմադիր երկու խմբակցությունների հայտարարության: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ին՝ ընդունել հայտարարություն: Առնվազն զարմանալի կլինի, եթե ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»

Գերիների խնդրի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը պարբերաբար տարբեր հարթակներում ներկայացվել է թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի կողմից։ Վարչապետ Փաշինյանն իր վերջին հայտարարություններից մեկով, մասնավորապես, ընդգծել է, որ պաշտոնական Երևանը շարունակական քայլեր է ձեռնարկում գերիների վերադարձի ուղղությամբ և այդ հարցը բարձրացնում է միջազգային բոլոր հանդիպումներում։

«Ես կարծում եմ, և դա մեր դիրքորոշումն է, որ COP29-ն, ընդհանրապես, լավ առիթ է, որպեսզի մենք ուշադրություն կենտրոնացնենք նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ բոլոր խնդիրներին, այդ թվում խաղաղության գործընթացին, տարածաշրջանում կայունության և զարգացման հարցերին։ Ինչ վերաբերում է գերեվարված անձանց խնդրի լուծմանը, ասել եմ և շարունակում եմ ասել, որ մենք մեր բոլոր աշխատանքային քննարկումներում և հանդիպումներում այդ հարցերը բարձրացնում ենք և շնորհակալ ենք բոլոր այն երկրներին և կազմակերպություններին, ովքեր շարունակում են պահել այս հարցը իրենց օրակարգում։ Մենք նույն հետևողականությամբ շարունակելու ենք աշխատել»։

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը քննարկվելով նաև միջազգային հանրության շրջանակներում՝ Հայաստանը ձգտում է միջազգային աջակցության հասնել, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրվի՝ գնալու մարդասիրական այս քայլին։ Հայկական կողմն ակնկալում է, որ COP29-ը կնպաստի այս հարցի ակտիվացմանը և գերիների վերադարձի գործընթացի արագացմանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը խորհրդարանում, անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի խնդրին, նախօրեին նշել է.

«Գերիների հարցը մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է և չկա, գրեթե, կարելի է ասել, ոչ մի երկկողմ, բազմակողմ հանդիպում, բանակցություն, ելույթ, որտեղ գերիների վերադարձ խնդրին կարևոր տեղ չհատկացվի։ Բոլոր միջազգային համապատասխան կառույցների կամ երրորդ երկրների հետ հանդիպումներին հարցը բարձրացվում է։ Նաև միջազգային այն կառույցների մոտ, որոնք իրավասու են այս հարցով զբաղվել՝ և ռազմագերիների, և բռնի անհետացումների։ Ցավոք սրտի, տևական ժամանակ որևէ նոր ռազմագերու ադրբեջանական կողմը հրաժարվում է, ըստ էության, ազատ արձակել»։ 

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասում է, որ թեև Ադրբեջանը պաշտոնապես ընդունում է միայն 33 անձի գերության փաստը, սակայն կան փաստեր, որ 8 տասնյակից ավելի անձինք են հայտնվել Ադրբեջանի հսկողության տակ, զրկվել  իրենց ազատությունից, սակայն Ադրբեջանը պաշտոնապես չի ընդունում այդ հանգամանքը՝ հրաժարվելով անգամ տեղեկություն տրամադրել։

«Այս անձինք գերիներից փոխակերպվում են բռնի անհետացածների։ Այս մասով հիմնական աշխատանքները տարվում են ՄԻԵԴ-ում, երբ տուժած անձանց ընտանիքների անունից ներկայացվում են գանգատներ։ Բազմաթիվ գործեր ներկայացված են, դրանք գրանցված են և այս պահին գտնվում են քննության փուլում։ Բայց նաև կարևոր մեխանիզմ է ՄԱԿ հովանու ներքո գործող «Բռնի անհետացածների խնդրով զբաղվող» աշխատանքային խումբը. այս կառույցի հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, հետաքրքրական է, որ դեռևս սույն թվականի հուլիսին այս մեխանիզմը համատեղ կերպով նախաձեռնեց կոմունիկացիա Ադրբեջանի իշխանությունների հետ»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններից այս հարթակը տեղեկություններ է խնդրել բռնի անհետացած անձանց ու անհետացման դեպքերի վերաբերյալ․ Ադրբեջանին տրամադրվել է 60-օրյա ժամկետ։ Փաստաբանի տեղեկություններով՝ այդ պատասխանը ներկայացվել է, սակայն դեռ հրապարակային չէ։ Փաստաբանն ասում է, որ նաև այլ գործընթացներ կան, իրենք փորձում են բացահայտել այդ ուղիները՝  նպատակ ունենալով ինտենսիվացնել Ադրբեջանի վրա քաղաքական ճնշումը։

Նշենք նաև, որ այդ ամենին զուգահեռ՝ նույն խնդրով ընդդիմությունն է ակցիաներ անցկացրել ՄԱԿ-ի, ԱԳՆ-ի և դեսպանատների շենքերի առջև, որպեսզի ուշադրություն հրավիրի գերիների խնդրի վրա։

 

Back to top button